«Շուշիի դեօկուպացիա» կազմակերպությունն սկսել է իր գործունեությունը

«Շուշիի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունն սկսել է իր գործունեությունը և առաջիկայում միջազգային կառույցներում բարձրացնելու է Շուշի քաղաքի, Քարին տակ գյուղի և Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հարցերը։

Կազմակերպության գործունեությունն ուղղված է միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելուն՝ նպաստելու Շուշիի և Քարին տակի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանը, պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանըհանրային և մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը, ինչպես նաև՝ տարաբնույթ ծրագրերի իրագործմամբ աջակցելու բնակիչներին ստեղծված իրավիճակի հաղթահարման ընթացքում։

Հասարակական կազմակերպության տնօրեն Ալվինա Ներսեսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Շուշիի բնակիչները դիմել էին պատկան և միջազգային մարմիններին այն հարցով, որպեսզի հնարավորություն ունենային Շուշիում գտնվող իրենց իրերը դուրս հանել։

«Մենք դիմեցինք և դեսպանատներ, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և անձամբ Մուրադովին, բայց պատասխան չստացանք։ Եվ հասկացանք, որ պետք է հանդես գանք որպես իրավաբանական անձ, որպեսզի մեր պահանջները կարողանանք հասցնել համապատասխան մարմիններին։ Մեր նպատակը հենց դա է՝ դառնալ ընդունելի իրավաբանական անձ, որը կարողանալու է արդեն համապատասխան քայլեր ձեռնարկել՝ միջազգային ատյաններում բարձրացնելու այն խնդիրը, որն այսօր ունենք։ Այսինքն՝ լսելի դարձնել Շուշիի և հարակից տարածքների բնակչության ձայնը»,- ասաց նա։

Ալվինա Ներսեսյանը նշեց, որ Շուշիի և հարակից բնակավայրերի դեօկուպացիայի հարցում ակնկալում են միջազգային կառույցների աջակցությունը։

«Մենք ակնկալում ենք այն միջազգային կառույցների արձագանքը, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն նման խնդիրների լուծման հետ։ Ներկայացնելու ենք մեր պահանջները, գանգատները և փաստերը, որ այդ տարածքները հայկական են։ Եվ մեր քաղաքն ու հարակից տարածքներն այսօր օկուպացված են, այլ տերմին մենք չենք ընդունում։ Մենք ուզում ենք վերադառնալ մեր տուն։ Եթե որոշ, այսպես կոչված, հարևան պետությունների համար դա զուտ տարածք է, մեզ համար դա մեր տունն է, մեր հողն ու պատմությունը, որից մենք ընդհանրապես միտք չունենք հրաժարվել։ Անելու ենք ամեն ինչ, որ մի օր էլի մեր ոտքը դնենք մեր հող» ,- ասաց Ներսեսյանը։

Շուշեցիները նաև կարծում են, որ պետք է լուծում ստանա Արցախի ճանաչման հարցը։ Ալվինա Ներսեսյանի խոսքով՝ եթե Արցախի կարգավիճակը հստակեցվի, միջազգային հարթակում Արցախը լինի կայացած պետություն, ավելի հեշտ կլինի պաշտպանել արցախցիների իրավունքները։

«Իսկ առհասարակ պետության չափանիշներից մեկը դա տարածքային ամբողջականությունն է։ Շուշին Արցախի տարածքում է, պետք է վերականգնվի տարածքային ամբողջականությունը»,- հավելեց նա։

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ն այս փուլում արդեն մշակում է միջազգային կառույցներին դիմելու մեխանիզմները։ Նաև համագործակցում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ՝ Հայաստանից Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատի գործով ներկայացնելով փաստեր։