Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը
Պարոն Արշակյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ ՀՀԿ-ն մինչև վերջ փորձեց հոսանքին հակառակ քայլել ու տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որն էր նրանց մոտիվացիան։
ՀՀԿ-ի կարծիքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, դա է հոսանքին հակառակը։ Իրենց կարծիքով կոռուպցիան, կրիմինալն և կոլաբորացիոնիզմը Հայաստանի համար հիմնական ճանապարհն են։ Հայաստանը պետք է ղեկավարվի կրիմինալով, կոռուպցիայով և կոլաբորացիոնիզմով։ Նրանց կարծիքով, դա է իսկական ճանապարհը, իսկ ազատությունը, անկախությունը, արդարությունը, համերաշխությունը ժամանակավոր բաներ են։ Նրանց թվում է, որ որոշ ժամանակ անց 11-րդ բանակը կգա և իրենց ուզած կարգուկանոնը կհաստատի։ Այն կարգուկանոնը, որն այսօր գործում է ԵԱՏՄ կոչվածում։ Նրանք այդպես են կարծում։ Երկրորդ պատճառն այն է, որ նրանք շահագրգռված են, որ Հայաստանում շարունակվի կոռուպցիան, կրիմինալը, կոլաբորացիոնիզմը, որովհետև դա իրենց գոյության պայմանն է, իրենք այդտեղ լավ են զգում։ Նրանք ուզում են, որ Հայաստանը տկար լինի։ Եթե Հայաստանը տկար է, ապա կոռումպացված ու կրիմինալ իշխանությունն իրեն լավ է զգում այդ միջավայրում։ Այսինքն նրանք սրանով իրենց կյանքն են երկարացնում՝ դիմադրելով նոր Հայաստանի ընթացքին։ Քանի որ կոռուպցիան, կրիմինալն ու կոլաբորացիոնիզմը նաև տգիտություն են, գռեհկություն են, նրանք չգիտեն, որ հին ընտրական օրենսգիրքը իշխանությունը չարաշահելու հսկայական հնարավորություն է տալիս։ Այսինքն նրանք չեն հասկանում, որ իրենք այլևս իշխանություն չունեն: Նրանք դեմ քվեարկելով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, չեն հասկանում, որ իրենք արդեն ընդդիմություն են, որովհետև նրանք քրեական են, կոռուպցիոն իշխանությունը չարաշահող են և հայրենադավ են։
Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ըստ էության, նա հայտարարեց, որ առաջիկայում կտեսնենք պատգամավորի, որը կկալանավորվի կաշառքի գործով։ Արդյոք նրա ելույթը շատ հարցերի պատասխան տվեց, թե ոչ։
Նիկոլ Փաշինյանի ելույթը հեղափոխական տրիբունայից հնչած ելույթ էր, հրապարակի խոսակցություն էր, իր ընտրազանգվածի համար նախատեսված ելույթ էր։ Այսինքն ելույթի հասցեատերը ոչ թե ԱԺ պատգամավորներն էին, այլ իր ընտրազանգվածը։ Դրանով նա իր ընտրազանգվածին հաճույքի հաջորդ չափաբաժինը տվեց։ Ասվեց, որ էլի զոհ կա, որ հակառակորդը, քեզ թալանողը, քեզ նվաստացնողներից մեկին գտել ենք, նա թակարդում է, և շուտով մենք վարագույրը կքաշենք, ու դուք նրան կտեսնեք։
Արդեն քաղաքական ուժերը դիրքավորվում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար։ Դուք որևէ մասնակցություն ունենալո՞ւ եք ԱԺ ընտրություններին, որևէ քաղաքական ուժի հետ կա՞ քննարկում, թե ոչ։ Նաև ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի ցուցակում ՀՀԿ-ականների հնարավոր առկայությունը։
Ես չեմ մասնակցելու ընտրություններին, լինելու եմ աջակից, անելու եմ այն, ինչ արել եմ մինչև հիմա։ Քաղաքական իմ կարիերան ավարտվել է 1996 թվականին, երբ ես հրաժարական տվեցի։ Երբ 1996 թվականին Ազգային ժողովը գրավվեց, դա նշանակում է, որ ես սխալ եմ եղել։ Այն թիմը, որտեղ ես եղել եմ, մենք սխալ ենք արել։ Ընտրակեղծիքը, ընտրությունների վիճելիությունը իմ թիմի սխալն է եղել, և ես համարել եմ, որ այլևս իրավունք չունեմ պաշտոն զբաղեցնելու։ Իմ ժամանակն անցել է, իսկ աջակցելը սիրով կաջակցեմ։ Իսկ քաղաքական ուժերը, որոնք իշխանություն են ուզում, հատկապես իշխանությունը չարաշահելու համար, մենք շատ ունենք այդպիսի ուժեր։ Իշխանությունը նրանց չարաշահելու համար է պետք։ Նրանք կմասնակցեն ընտրություններին, կփորձեն կեղծել, ամեն ինչ կանեն, որ դրսից ու ներսից հովանավորներ գտնեն, որպեսզի վաղը հասնեն իշխանության, այն չարաշահելու համար։ Ես կարծում եմ, որ նրանք կարող են սխալվել, այս անգամ չկարողանան իշխանության հասնել։
Իսկ վարչապետի հրավերը հանրապետականներին և իշխանության մեջ եղած ուժերի ներկայացուցիչներին հայտնի բան էր։ Այսինքն յուրայիններին լքող և հարմարվող տեսակն այսօր մեծ արժեք ունի։ Այսինքն հեղափոխությունը գնում է հարմարվողականների հետ։ Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում կար Գագիկ Հարությունյան և Խոսրով Հարությունյան։ Քանի՞ վայրկյան նրանք մնացին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմում և նրան հավատարիմ։ Քանի՞ վայրկյան դա տևեց։ Նրանք քաղաքական հարմարվողներ ու լքողներ են։ Նրանք, որոնք լքել են ՀՀԿ-ն, կլքեն նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Եթե ՔՊ-ն զգում է հարմարվողների կարիքը, դրանցից Հայաստանում շատ կան։ Թող մրցույթ հայտարարեն «ամենահարմար հարմարվողը» անվանակարգում։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե գործարարների ինչի՞ն է պետք գնալ Ազգային ժողով։ Նա նաև հայտեց, որ հանդիպումներ է ունեցել մի քանի գործարարի հետ, բացատրել է, որ սա արդեն նախկին Հայաստանը չէ։ Ձեր կարծիքով՝ այս ակնարկը նաև Գագիկ Ծառուկյանի՞ն է վերաբերում։
Դա բոլորին է վերաբերում։ Ես կարծում եմ, որ սա նախազգուշացում էր, որ օլիգարխ նշանակում է ոչ քաղաքական գործիչ։ Դա նշանակում, է որ ընտրությունների օրինականությունը հսկող ուժային կառույցները օլիգարխներին կբռնեն ընտրական օրենսգիրքը խախտելու վրա և ցուցակներից կջնջեն։ ՀՀ ԱԺ-ն պետք է լինի քաղաքական հարթակ, որտեղ քաղաքական ուժերը զբաղվելու են պետականաշինությամբ, իսկ օլիգարխ ընդհանրապես պետք է չլինի։ Նրանք թող զբաղվեն իրենց գործով։
