ԱՄՆ-ն Վաշինգտոնից և Սան Ֆրանցիսկոյից 35 ռուս դիվանագետի է արտաքսել և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ-ում նախընտրական արշավի ժամանակ կիբերհարձակումների կապակցությամբ, որոնցում Վաշինգտոնը մեղադրում է Ռուսաստանին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցներն անհրաժեշտ և Ռուսաստանի գործողություններին համարժեք պատասխան է անվանել: Արտաքսված դիվանագետներին Օբաման հետախույզ է անվանել: Բացի այդ, Վաշինգտոնը կփակի Մերիլենդում և Նյու Յորքում ռուսական դիվանագիտական առաքելությունները:
35 դիվանագետներն անցանկալի անձ են հայտարարվել և երկրի տարածքը պետք է լքեն 72 ժամվա ընթացքում:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի 6 պաշտոնյաների նկատմամբ, որոնց թվում են Գլխավոր հետախուզական վարչության և Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
