Ոստիկանապետական վարչախմբի հեռացումով է սկսվելու ապագաղութացման նոր փուլը. Գ. Չուգասզյան

Տարբեր մերձքաղաքական շրջանակներ, տարիներ շարունակ, ինչ-ինչ մղումներից ելնելով, դավադրական տարբեր տեսությունների հիման վրա փորձել են ստվեր նետել Հիմնադիր խորհրդարանի(ՀԽ) վրա՝ վերագրելով նրան տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների գործիք հանդիսանալու մեղադրանքներ, ընդ որում այդ մեղադրանքները հնչել են թե արևմտամետ թե ռուսամետ գունավորումով, որը հասկանալի է, քանի որ ՀԽ-ը մշտապես հանդես է եկել հստակ հայակենտրոն կողմնորոշումով:

Ապրիլյան քառօրյա պատերազմից և դրան հետևած Սասնա Ծռերի ապստամբական գործողությունից հետո, երբ մեր ամբողջ ժողովրդի համար ակնհայտ դարձավ ՀԽ-ի հայակենտրոն հստակ կողմնորոշումը, այդ մեղադրական հարձակումները դարձան էլ ավելի կատաղի…

ՀԽ-ն իր արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգը, որը արդյունք է հանրային երկարատև քննարկումների, մշակել և հրապարակել է դեռևս 2012 թ.-ին: Դրանից հետո արված բազմաթիվ քաղաքական հայտարարությունները, ելույթներն և մամլո ասուլիսները հենված են եղել այդ փաստաթղթի վրա և ընդամենը շտկումներ են մտցրել նրանում՝ կապված ընթացիկ քաղաքական զարգացումների հետ:

Արցախյան հարցի կարգավորման հետ կապված հայկական կողմի վրա բանեցվող ներկայիս ճնշումների համատեքստում վերստին անհրաժեշտություն է առաջացել ներկայացնելու 2012 թ.-ին ընդունված արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգից այն հատվածը, որը կապված է Հայաստանում գաղութային ադմինիստրացիայի հեռացման որպես Հայաստանի ապագաղութացման և հայկական գերիշխանության վերականգնման նախապայմանի ներկայիս հրամայականների հետ …

Ըստ վերոհիշյալ հայեցակարգի, անցնող քսան տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձևավորվել է որպես հայության և Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն:

Սակայն գլոբաբալացված, համակցված և հարափոփոխ արդի աշխարհի պայմաններում, ինչպես նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետևանքով, այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում և հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից Հայաստանի նորգաղութային կախյալության բարդ և բազմապիսի ձևաչափի:

Ռուսաստանը դրա տարբեր հարթություններում ստանձնել է հիմնական կատարողի, միջնորդի կամ գործակցի դեր: Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը՝ որպես լուծում ընտրելով նրան իսպառ ընկճելու և որևէ այլընտրանքից զրկելու ճանապարհը: Այդ նպատակով Ռուսաստանը կազմակերպում է հայաստանաբնակ հայության արտագաղթ դեպի իր տարածք, կիրառում է քաղաքական, տնտեսական, մշակութային և տեղեկութային ճնշման կոշտ լծակներ, Ադրբեջանին տրամադրում է ծանր սպառազինություն:

Իսկ հայաստանյան ապազգային ու ապապետական վարչախումբը, որն այս նորգաղութային կախյալության իրավիճակի գլխավոր մեղավորն է, վերածվել է վերոհիշյալ նորգաղութային ձևաչափը սպասարկող հիմնական գործիքի:

ՈՒՍՏԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀԵՌԱՑՈՒՄՈՎ Է ՍԿՍՎԵԼՈՒ ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ…

Գարեգին Չուգասզյան

08.08.16