Ջոն Քերի. ԱՄՆ-ն իրավունք ուներ խփելու ռուսական կործանիչը

ԱՄՆ-ի Զինված ուժերը, ըստ կանոնակարգի, կարող էին խփել ռուսական Սու-24 ռմբակոծիչը, որը Բալթիկ ծովում մի քանի անգամ վտանգավոր հեռավորության վրա թռչել է ամերիկյան USS Donald Cook ականակիր նավի մոտով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ամերիկյան կողմը նշում է, որ ռուսական կործանիչը մի քանի մետր հեռավորության վրա է եղել նավից:

Ռուսաստանը պատասխանել է, որ տեսնելով նավը՝ օդաչուները, պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները, փոխել են ուղղությունը:

Քերին դատապարտել է միջադեպը և զգուշացրել Մոսկվային, որ նման մանևրները շատ վտանգավոր են՝ հույս հայտնելով, որ այլևս չեն կրկնվի:

«Դա անմտություն է, դա սադրանք է և դա վտանգավոր է: Զինված ուժի կիրառման օրենքների համաձայն՝ ինքնաթիռը կարող էր խփվել», – ասել է նա: