Երեկ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւը եւ Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին համաձայնագիր են ստորագրել, որն Ադրբեջանում գնահատվել է որպես «Ադրբեջանի ու Իրանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի նշան»: Համաձայնագրում խոսքը Արաքս գետի վրա Լեռնային Ղարաբաղի տարածքում երկու ջրային հանգույցների մասին է, չնայած, որ Ղարաբաղը համաձայնագրում չի հիշատակվում:
Համաձայնագրում ընդգծվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտությունը, «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» ջրային հանգույցների շրջանում հայտարարվում են միեւնույն իրավունքները ջրային ու էներգետիկ ռեսուրսների հանդեպ:
Փաստաթղթում նշված է, որ Իրանը կավարտի ջրային հանգույցների ու հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, կպահպանի ու կշահագործի ջրային ու էներգետիկ ռեսուրսները մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի:
Հիշեցնենք, որ 2007 թվականին հայկական ու իրանական կողմերը նախագահներ Քոչարյանի ու Ահմադինեջադի որոշմամբ Արաքսի վրա ջրային հանգույցներ են կառուցվում: Ադրբեջանը 2009 թվականին բողոք էր ներկայացրել այս կապակցությամբ, սակայն Իրանն անտեսել էր այն: Այդուհանդերձ, շինարարությունը դադարեցվել է վերջին փուլում: Իրանն այժմ հայտարարում է ջրային հանգույցների շինարարությունն ավարտելու մտադրության մասին:
2009 թվականին Mehr գործակալության հաղորդագրությունում նշվում էր, որ Իրանն ու Ադրբեջանը համատեղ նախագծեր են իրականացնում վերոնշյալ հիդրոէլեկտրակայաններում: Փաստացի, Իրանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել, որով Իրանը ճանաչում է, որ Ղարաբաղում Իրանի ու Հայաստանի կողմից կառուցվող ջրային հանգույցները կարող են պատկանել Ադրբեջանին նրա «տարածքային ամբողջականության» վերականգնումից հետո: Այլ հարց է, թե երբ դա կլինի կամ արդյոք ընդհանրապես կլինի:
Միայն կռահել կարելի է, թե ինչ դրդապատճառներով է ընդունվել այդ համաձայնագիրը: Իրանը միշտ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին, սակայն պնդել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորվի: Ավելին, Իրանը համառորեն դեմ է հանդես եկել հակամարտության գոտում «երրորդ երկրների» խաղաղապահների տեղակայմանը՝ դրանով ճանաչելով այդ տարածքների նկատմամբ հայկական բանակի վերահսկողության իրավունքը:
Սակայն, իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս փուլը չի կարող շրջանցել ղարաբաղյան հակամարտությունը: Չի բացառվում, որ Թեհրանն ու Բաքուն փոխզիջման են հասել տարածաշրջանային նոր դասավորության շուրջ, եւ Իրանին անհրաժեշտ է ընդգծել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցությունը եւ դրա նկատմամբ պահանջների բացակայությունը: Իսկ միգուցե Թեհրանն ակնարկում է, որ չի կարող անվերջ սպասել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը»:
Ի՞նչ պետք է անի Բաքուն դրա դիմաց՝ դժվար է ասել, սակայն կարելի է ենթադրել, որ Իրանը Բաքվին որոշակի տարածաշրջանային փոփոխություններ է առաջարկում՝ կապված լոգիստիկայի հետ:
