Մեր զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը
Պարոն Պետրոսյան, Ազատամարտիկների դաշինքը մեծ ակնկալիքներ ուներ ուրբաթ օրվա հանրահավաքից, որը չեղյալ հայտարարվեց ԲՀԿ-ի կողմից: Կատարվածն անակնկա՞լ էր Ձեզ համար։
Տևական ժամանակ է՝ ես պայքարի մեջ եմ, և նման ցնցումները, փորձությունները պայքարի դուրս եկած մարդու համար սովորական են, մանավանդ Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն վայրկյան քաղաքական վայրիվերումներ են։ Այսօր ամեն ինչ չէ, որ կորած է: Ես նորմալ եմ համարում, կարող էր նաև այս ձև լինել։ Մեր երկրում այդպես է, եթե մարդն իսկապես նպատակ ունի, բայց վախի մթնոլորտ է, պատասխանատվության խնդիր կա, մարդը գիտի, որ այս իշխանությունը ի զորու է ուժ կիրառել, կրակել ժողովրդի վրա, նա չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել։ Իշխանությունը թմբկահարում է, որ հանրահավաքն արտոնված չէ, կարող է ուժ կիրառել: Մենք՝ Ազատամարտիկների դաշինքով, այսօր հայտարարություն պետք է անենք: Երեկ մենք հանդիպումներ ենք ունեցել քաղաքական երեք ուժերի առաջնորդների հետ, կարդացել ենք նրանց հայտարարությունները, նրանք օբյեկտիվորեն գտնում են, որ պետք չէ ամեն դեպքում գնալ ամսի քսանին հանրահավաք անելու ճանապարհով, մանավանդ որ մարտի մեկին իրազեկված օր ունեն:
Մենք ՀԱԿ գրասենյակում հանդիպել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ էլ ենք հանդիպել, Արմեն Մարտիրոսյանի հետ էլ: Ճանապարհները փակված չեն, եռյակի հետ մենք համագործակցում ենք։ Ես հույս ունեմ, որ նրանք միասին շարունակելու են պայքարը, որովհետև խոսքը փետրվարի 20-ին հանրահավաքի արտոնված կամ չարտոնված լինելու շուրջ է եղել, որի հենքի վրա այսօրվա դրությամբ բռնություններ և ռեպրեսիվ գործողություններ են կիրառվում ԲՀԿ-ի հանդեպ: Հանրահավաքը տեղափոխելով մարտի մեկ` ոչ մի բան չի փոխվում: Մարտի մեկից հետո էլ ութ-տասը արտոնված օրեր ունենք: Իրենք ուզում են արտոնված լինի, օրինական լինի, մենք պատրաստ ենք, ժողովուրդը թող ներող լինի։ Ազգաբնակչության մոտ հոգեբանական վիճակ է, բայց ես վստահ եմ, որ մեր հայտարարություններով, հանդիպումներով, մեր ժողովրդին իրազեկելով մենք կփորձենք այս մի քանի օրը հոգեբանական վիճակից դուրս գալ, քանի որ իրականում ժողովուրդը լուրջ էր պատրաստվել, նաև քաղաքական ուժերն էլ, ազատամարտիկներն էլ, կազմակերպված այդ ամենը կանենք մարտի մեկին։
Կարծում եք՝ իշխանությունը վտանգ տեսա՞վ ուրբաթ օրվա հանրահավաքի մեջ, դրա համար գնաց ադ քայլերին, թե՞ ավելի լուրջ պատճառներ կային: Եվ արդյոք եռյակ կա՞ այսօր:
Շրջաններում ձևավորվել են համաժողովրդական շարժման գրասենյակներ, որոնց մեջ ոչ միայն ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, կամ Ժառանգության համակիրներն են, այլ նաև որևէ քաղաքական ուժի չպատկանող շատ քաղաքացիներ են համախմբվել, սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող անհատներ, որոնք երկրում արմատական փոփոխությունների կողմնակից են: Այնպես որ, եթե ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի բազայի հիման վրա են ձևավորվել այդ համաժողովրդական շարժման գրասենյակները, այնտեղ արդեն որևէ կուսակցական պատկանելության խնդիր դրված չէ: Բնականաբար, մարտի մեկին շարժման ալիքը հզորանալու միտում ունի, մանավանդ որ ժողովուրդն էլ տեսավ, որ այսօրվա այս փոփոխությունների մեղավորը իշխանություններն են, իրենք իրենց ահաբեկված լինելու արդյունքում անցան իրենց բիրտ մեթոդներով վախեցնելու, ահաբեկելու, գրասենյակների վրա ապօրինի հարձակումների, ձերբակալությունների, մարդկանց կալանավորելու, այսինքն`այն սցենարով, որ մարտի մեկի դեպքերից առաջ ականատես ենք եղել: Մենք այդ ամենը տեսել ենք, բայց ի տարբերություն 2008 թվականի, հիմա ուրիշ իրավիճակ է, հիմա ժողովուրդն ավելի քիչ է վախենում, հիմա իշխանությունն է վախեցած:
Այսինքն` իշխանությունները նույն մեթոդնե՞րն են կիրառելու:
Կարծում եմ՝ չեն գնա այդ ճանապարհով, քանի որ այդ ռեսուրսը չունեն։ Վստահ եմ՝ ուժային կառույցներում ծառայող մեր քաղաքացիները նույն կարգավիճակում են, ինչ որ մենք ենք, նույն սոցիալական բեռի տակ են, նույն կերպ արհամարհված: Անկախ ամեն ինչից, մեր ժողովրդին անհրաժեշտ են բարեփոխումներ, իսկ մենք այսօր կանգնած ենք մեր ժողովրդի կողքին:
Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը իր գործարարությամբ է զբաղվելու, իսկ քաղաքական թիմը ինչ որոշում կկայացնի, դրա մասին կհայտնեն: Անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք պայքարը, Ժառանգությունը, ՀԱԿ-ը, ովքեր համաժողովրդական պայքարին անդամագրվել են, կշարունակեն իրենց պայքարը, իսկ ԲՀԿ-ն եթե կշարունակի, փառք ու պատիվ, թե չի շարունակի, Աստված իր հետ:
Դուք հիասթափություն չե՞ք ապրել Ծառուկյանից։
Բացարձակ, ինչ հիասթափություն։ Եթե ես անձամբ զրուցած չլինեի հետը, կարող է ինձ մոտ էլ հիասթափություն լիներ, ինչպես մեր քաղաքացիների մոտ, դրա համար ես չեմ զարմանա, որ ժողովրդի մոտ հիասթափություն լինի, բայց նաև ուզում եմ ժողովրդին հուսադրել, որ հիասթափվելու խնդիր չկա, ընդամենը ամեն մեկս մեր գործը պետք է անենք, պետք է հավաքվենք իրար շուրջ և շարունակենք մեր պայքարը։
Մարդը պետք է որոշի՝ իր երեխայի արժանապատիվ ապրելու համար այսօր ինքը պետք է պայքարի՞։ Ժողովուրդն այսօր դա գիտակցելով, դուրս է եկել պայքարի և վստահում է։ Ամեն դեպքում, եթե այսօր որևէ քաղաքական ուժ կամ անհատ, չդիմանալով այդ ճնշումներին, դադարեցնի իր պայքարը, դա որևէ ազդեցություն չի ունենա շարժման վրա։ Մենք՝ ազատամարտիկներս, հստակ մինչև վերջ շարունակելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք կանգնելու են ժողովրդի կողքին և շարունակելու են պայքարը, իսկ մարտի մեկին ես համոզված եմ, որ մեզ ավելի մեծաքանակ ժողովուրդ կմիանա, քան նույնիսկ փետրվարի 20-ին կլինեին։
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ շարունակում է գործարարությամբ զբաղվել և թողնո՞ւմ է քաղաքականությունը։
Ես չեմ կարող որևէ քաղաքական գործչի կամ առաջնորդի փոխարեն պատասխանել, քանի որ մենք հետագա գործողությունները չենք քննարկել։ Միայն մի բան գիտեմ, որ պայքարի հետ կապված այդ մարդու դիրքորոշումը միշտ հստակ է եղել, և ինքն էլ գիտակցում է, որ մեր երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, գոնե այդպես են եղել մեր բոլոր հանդիպումները, այդ թվում նաև վերջին հանդիպումը։ Ամեն դեպքում, թե վաղը ինչ քաղաքական կուրս կունենան ԲՀԿ-ն և իր առաջնորդը, արդեն մենք կարճ ժամանակ հետո կիմանանք։ Ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ն իր ոչ պակաս ռեսուրսով եթե ոչ առաջին դեմքերի մակարդակով, ապա գոնե շարքային քաղաքացիների, մասնակցելու է հանրահավաքին։
Իսկ ո՞ւր մնաց արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը։
Ամսի մեկին մենք ներքաղաքական իրավիճակն էլ ենք քննարկելու, հետագա մեր գործողությունները, այդ թվում, թե ինչ ծրագրեր են և ինչ հերթականությամբ ենք իրականացնելու։ Իհարկե, չի բացառվում, որ հայտարարվի արտահերթ նախագահական ընտրությունների մասին։
