Lragir.am-ն արդեն անդրադարձել է Գյումրիում ռուսական բազայի հրամանատարության որոշմանը՝ «մասլեննիցայի» կապակցությամբ փետրվարի 22-ին տոնախմբություն անցկացնելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով, սակայն, միայն «մասլեննիցայով» չեն սահմանափակվելու՝ ծրագրված է նաեւ լայն թափով նշել ռուսական բանակի օրը:
Այս մտադրությունները մտահոգություններ են առաջացրել Գյումրիում: Բանն այն է, որ փետրվարի 22-ին լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 40-րդ օրը, այդ օրը պետք է լինի սպանվածների քառասունքը:
Ռուսական բազայի հոգեւոր հովիվ Անդրեյը հրամանատարությանը հորդորել է ձեռնպահ մնալ տոնախմբությունն այս տարի անցկացնելուց, նշելով, որ դա բնակչության մոտ կարող է լարում առաջացնել: Սակայն բազայի հրամանատարությունը հակադարձել է, որ տոնը նշվելու է, եւ հայհոյախառն բնորոշումներ է տվել հայերին:
Գյումրիում վտանգավոր իրավիճակ է առաջանում, եւ չի բացառվում, որ ռուսական հրամանատարության լկտի ու սադրիչ պահվածքը հուզումների ու բախումների առիթ դառնա:
Գյումրիի ոճրագործությունից հետո տարբեր վարկածներ նշվեցին, որոնցից մեկն այդ ոճրագործության՝ կազմակերպված ակցիա լինելն էր, որի նպատակն էր Գյումրիում տարածել ռուսական իրավազորությունը եւ ընդլայնել ռազմական բազայի տիրույթները:
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այս վարկածն ամենահավանականն է: Օրինակ, հայտնի է դարձել, որ բազային լրացուցիչ տարածքներ են տրամադրվել, առայժմ առանց պաշտոնապես հայտարարելու:
Ռուսները գնում են գիտակցված սադրանքի, որի նպատակը բախումներ հրահրելն է՝ այս գործընթացը մինչեւ վերջ հասցնելու համար: Բախումների դեպքում Մոսկվան «իրավունք» կունենա դիմել ուժային գործողությունների, հիմնավորելով նրանով, որ «վտանգ է սպառնում հայրենակիցներին»: Գյումրիում արդեն իսկ ստեղծվել է Հայրենակիցների իրավունքների պաշտպանության ռուսական կոմիտե: Ավելի վաղ ստեղծվել են կազակական զորքեր: Այս հրեշավոր սխեման Մոսկվան արդեն կիրառել է Օսիայում ու Ուկրաինայում: Չի բացառվում, որ նպատակը Գյումրին «ռուսական փակ քաղաք» դարձնելն է՝ բազայի գերակայությամբ:
Հայկական կողմից նման քայլերի դիմելու ոչ մի պատրվակ չկա: Մնում է սադրանքներին դիմելը՝ այս նպատակներն իրագործելու համար: Իսկ դրա ամենահարմար ձեւը գյումրեցիների վշտի ու արժանապատվության հետ խաղալն է, ինչին էլ փաստացի պատրաստվում է ռուսական ռազմակայանի հրամանատարությունը:
