1021թ. Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին, Բյուզանդիայի կայսր Բարսեղ 2-րդից ստանալով Սեբաստիա քաղաքը, լքեց Վասպուրականը և իր 14 հազարանոց զորքով ու նրանց ընտանիքների հետ գաղթեց Սեբաստիա: Այդպիսով` դադարեց գոյություն ունենալ Վասպուրականի հայոց թագավորությունը:
2014 թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի, լուսանկարիչ և ակտիվիստ Հայկ Բիանջյանը հայտարարեց, որ հիասթափված է երկրում տիրող իրավիճակից և պատրաստվում է լքել Հայաստանը:
Որո՞նք են Սենեքերիմ Արծրունու և Հայկ Բիանջյանի նմանությունները:
Պահանջմունքների առջև հավասար են բոլորը. Հայտնի ամերիկացի հոգեբան Ա. Մասլոուն կազմել է մարդկային պահանջմունքների մի հիերարխիկ բուրգ, որն ընդհանուր է բոլոր մարդկանց համար: Այդ պահանջմունքներն ըստ աճման կարգի ունեն հետևյալ հերթականությունը`
1. Ֆիզիոլոգիական պահանջմունքներ (քաղց, ծարավ, սեռական ցանկություններ)
2. Անվտանգության պահանջմունքներ (պաշտպանվածության զգացում)
3. Պատկանելության և սիրվելու պահանջմունք (պատկանելը որևէ հանրույթի, լինել ընդունված, սիրել և սիրվել)
4. Հարգված լինելու պահանջմունք
5. Ճանաչողական պահանջմունքներ (գիտենալ, հասկանալ, կարողանալ և այլն)
6. Էսթետիկ պահանջմունքներ (հարմոնիա, կարգուկանոն, գեղեցկութուն)
7. Ինքնաակտուալիզացիայի պահանջմունք(սեփական անձի և հնարավորությունների զարգացում, նպատակների իրականացում և այլն):
Ըստ Ա. Մասլուի, մարդը չի կարող բավարարել վերին մակարդակի պահանջմունքները, քանի դեռ կարիք ունի բավարարել ավելի պարզ պահանջմունքներ: Օրինակ` սոված փորով հայրենիքը սիրել հնարավոր չէ, և սա ոչ թե ապազգային քայլ է, այլ զուտ մարդկային յուրահատկություն: Սկզբից մարդն է, հետո հայրենիքը:
Գնում ես «ինչ-որ բանի hետևի՞ց», թե՞ «արտագաղթում» ես. Արտագաղթելը մնացողի դիտանկյունն է: Գնացողի համար իր քայլի ներքին իմաստը այլ է` գտնել մի բան, ինչը չկարողացավ գտնել այստեղ: Այսինքն` գնացողը ոչ թե արտագաղթում է, այլ ինչ-որ բանի հույսով ներգաղթում է ինչ-որ տեղ:
Հայրենիքում ապրելու մղումը արդյոք կարո՞ղ է հաղթել մարդու` երջանիկ ապրելու ձգտմանը: Որքա՞ն է պատրաստ մարդը տառապելու, որ մի օր երջանիկ լինի, այն դեպքում, երբ պատուհանից այն կողմ նրան աչքով է անում բարեկեցիկ աշխարհը` իր գույնզգույն և փափուկ գրավչությամբ` պատրաստ ապրվելու համար: Ինչու՞ պետք է մարդը դրսի «նաղդ» բարեկեցությունը փոխարինի հայրենիքի «նիսյա» երջանկությամբ: Որովհետև հայրենիքում դու տա՞նն ես, իսկ դրսում օտա՞ր: Իսկ եթե հայրենիքում դժվար է ու տխու՞ր: Ավելի լավ չէ՞ տխրել Լոս-Անջելեսի ջերմ արևի տակ, քան Մարալիկի կիսաքանդ ու մռայլ փողոցներում:
Ես կմեռնեմ, և դուք կտառապեք. Ա. Քամյուն, խոսելով ինքնասպանության փիլիսոփայության մասին, մի այսպիսի միտք է զարգացնում. «Ինքնասպանության դիմող մարդը կարծես վրեժ է լուծում մնացողներից` կնոջից, հարազատներից, ընկերներից և այլն: Նա կարծես ասում է` ես կմեռնեմ, և դուք կտառապեք: Բայց որոշ ժամանակ անց` բոլորը հաշտվում են իրականության հետ, և կյանքը շարունակվում է իր հունով»:
Երբ արտագաղթողը բարձրաձայն բղավում է այդ մասին, հայտարարում հեռանալուց առաջ` կարծես դուռը շրխկացնելով մնացողների երեսին, դա մոտավորապես նշանակում է` ես կգնամ, և դուք կտառապեք: Բայց նա գնում է, ու նրան մոռանում են:
Գնացողի և մնացողի արդարացումները. Եթե դու գնում ես, ապա գնա լուռ, առանց բղավելու, և գտիր այն, ինչի համար գնում ես ու ապրիր երջանիկ, որովհետև այն, ինչ դու անում ես, անում ես բացառապես քեզ համար: Եթե դու մնում ես, ապա մնա առանց հոխորտալու և մի հերոսացրու քո մնալը: Եթե պայքարում ես, պայքարիր, եթե չես պայքարում, մի պայքարիր. Այն, ինչ դու անում ես, անում ես քեզ համար:
Բայց ոչ: Մարդուն արդարացում է պետք: Ամենածանր բանը ներքին մեղքի զգացումն է` սեփական անձի նկատմամբ: Այդ պատճառով, գնացողը պետք է ասի, որ երկիրը երկիր չէ և որ ինքը պայքարեց, բայց ոչինչ չստացվեց ու ստիպված է հեռանում: Որ եթե այնտեղ էլ չստացվի՝ նա իրեն չտանջի այն մտքով, որ գուցե չարժեր հեռանալ:
Իսկ մնացողն էլ պետք է ասի, որ երկիրը երկիր չէ, բայց ինքը պայքարում է: Որովհետև, եթե մի օր պայքարն արդյունք չտա, և մեղքի զգացումը տանջի կորսված հնարավորությունների համար, նա պետք է ասի` երկիրը երկիր չէր, իսկ ես հերոսաբար պայքարեցի` հանուն հայրենիքի:
Բայց ի՞նչ կապ ունի հայրենիքը:
Հայրենիքը կուսակցական տարբերանշան չէ, որ կոստյումիդ ամրացրած հպարտանաս և նույն կոստյումով էլ թալանես երկիրը: Եվ ոչ էլ քո արդարացման կամ ուրիշի պատժի վկայագիրն է: Հայրենիքը հասարակ վերացական գոյական է, իսկ ահա հայրենիքը սիրելը` բայ է, և ինչպես յուրաքանչյուր բայ, սա ևս պահանջում է գործողություն: Հայրենիք կա միայն այն ժամանակ, երբ կա գործողություն:
Սենեքերիմ Արծրունու և Հայկ Բիանջյանի գլխավոր նմանությունն այն է, որ երկուսն էլ մարդ են: Սենեքերիմը հեռացել է իր անվտանգության պահանջմունքներից ելնելով` թյուրքական ցեղերի հարձակումներից խուսափելու համար` իր հետ տանելով 14 հազարանոց զորքը, որը կարող էր կռվել, բայց փոխարենը հեռացավ: Հայկ Բիանջյանը հեռանում է պատկանելության պահանջմունքները չբավարարելու պատճառով, որովհետև ավելի ու ավելի օտար է զգում իրեն այս քաղաքում: Սենեքերիմից մինչև Հայկ` բոլոր հեռացողները Հայաստանից հեռացել են ոչ թե հայ լինելու պատճառով, այլ մարդ լինելու պատճառով: Որովհետև ի սկզբանե մարդն է, իսկ հետո նոր հայրենիքը:
