ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին դասեր տվեց լրագրողներին, անգամ սպառնաց որոշ լրատվամիջոցների զրկել խորհրդարանում հավատարմագրվելու իրավունքից: Գալուստ Սահակյանը վիրավորվել էր, որ նախօրեին լրատվամիջոցները ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին քվեարկության դեպքի հետ կապված «ստախոս» էին անվանել:
ԶԼՄ-ներին մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու համար՝ Սահակյանն ասաց. «Լրագրողներն արդեն հոգեբանական գործառույթներ են իրականացնում, բայց երբեք ու երբեք ազատ խոսքը չի ենթադրում ինտրիգներ ստեղծել։ Երեկ լսում եմ, ասում եք, որ Գալուստ Սահակյանը ջղաձգվեց։ Որտեղի՞ց գտաք կամ ձեր ինչ գործն ա՝ Գալուստ Սահակյանն անձնական իր կյանքում, խոսքում… Դուք կարող եք բնութագրել երևույթը»:
«Բա որ քննարկենք ու որոշենք, որ նման լրագրողների հարցերին ընդհանրապես չենք պատասխանելու, նամանավանդ, որ ձեր ստացած արագ ինֆորմացիան, ձեր տպավորություններով, անմիջապես մտցնում եք կայքեր՝ չմտածելով, որ լուրջ լրագրողը լուրջ հոդվածների համար երկու-երեք օր պիտի կորցնի։ Ես այն քաղաքական գործիչն եմ, որ իմ թիմի ներսում լրագրողներին ներկայացնում եմ որպես գործընկերներ։ Երբեմն տեսնում ես, որ մի հինգ հոգով խեղդում են պատգամավորին, որ իրենց հարցերին պատասխանի։ Դուք հավատարմագրված եք, իսկ հավատարմագրումն իր կանոններն ունի։ Ի՞նչ տպավորություն կլինի, որ մի 80 պատգամավոր դիմեն Ազգային ժողովի նախագահին և ասեն, որ մի քանի լրագրողի հավատարմագրումը չեղյալ համարի։ Կխայտառակվի լրագրողը, եթե նույնիսկ դա հետևանքներ չունենա։ Արձակուրդների ընթացքում մի բան կպատրաստեմ և ցույց կտամ, թե ինչպիսի լրագրողներ ունենք»,- ասաց Գալուստ Սահակյանը:
