Վլադիմիր Պուտինը եւ «ռուզիկների» նոր արշավանքը

Կիրակնօրյա նոթեր

Գայդարի ինստիտուտի առաջատար փորձագետ Կիրիլ Ռոգովի կարծիքով, Ռուսաստանին որպես պետություն գոյատևելու համար պետք է 40 միլիոն միգրանտ. երկրի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին ընկնում է 8 մարդ,  երբ Ֆրանսիայում, օրինակ, բնակչության խտությունը 116 է:

Փորձագետը քիչ մարդկանցից է, ովքեր բաց խոսում են (վերջին անգամ՝ նոյեմբերի 4-ին, РБК հեռուստաալիքով) Ռուսաստանի պետական քաղաքականության իրական առաջնահերթությունների մասին: Ուրիշ մի քանի ռուսաստանյան վերլուծաբան էլ ակնարկել են, որ գերադասելի են հայ ներգաղթյալները՝ հեշտ են մերվում միջավայրին: Իմ կողմից կավելացնեմ, որ մերոնք, իրոք, արդեն երկրորդ սերնդից կորցնում են լեզուն ու դառնում են… ռուսական կայսերապաշտության փաստաբաններ:

Սա բացատրում է, չէ՞, «Գույք պարտքի դիմաց» միջպետական համաձայնագրի խայտառակ խախտումը ռուսական կողմից: Ռուսաստանը հայկական գործարանները ձեռք էր բերում, որպեսզի դրանք… հանկարծ չաշխատեն, այլ ոչ թե որ արտադրանք տային: Հակառակ դեպքում կարող էին ուրիշ ներդրողներ հայտնվել, հազարավոր աշխատատեղեր բացվեին, ու հայերը դադարեին արտագաղթել Ռուսաստան: Սա բացատրու՞մ է նաև, թե ինչի համար Ռուսաստանն ամեն ինչ անելու էր, որ թույլ չտար մեզ ընտրել զարգացման եվրոպական  ճանապարհը: Բավական կլինի ազատականացնել Հայաստանի գերմենաշնորհված տնտեսությունը, որպեսզի էությամբ նախաձեռնող հայ գործարարները զարգացնեն փոքր ու միջին բիզնեսը, ոչ թե, դանակը ոսկորին հասած, ցույցի դուրս գան հարկային ահաբեկչության դեմ, ինչպես եղավ շաբաթ օրը Աբովյանում:

Սեպտեմբերի 3-ից սկսած ռուսական նոր գաղութատիրության ծագումով հայ խոսնակները պնդում են, թե մեր տնտեսությունը չի դիմանա ռուսական պորտալարից կտրվելուն, բայց դրանք հեքիաթներ են: Աչքներիս առաջ է Վրաստանի օրինակը, որի հիմնական արտահանվող մակնիշների՝ գինիների ու հանքային ջրերի առջև Ռուսաստանը փակեց իր շուկան, բայց մեր դրացիները դիմացան ու հիմա տնտեսական ցուցանիշներով առաջ են ընկել Հայաստանից:

Եթե չնշեմ, աշխարհի ռուսակենտրոն կառուցվածքի հետևորդները կմեղադրեն, որ շրջանցում եմ անվտանգության խնդիրը: Բայց մեղադրանքը նո՞ր է. նույն՝ «սահմանեն վախ չունի՞ք, որ կուզեք անկախանալ» փաստարկով արտասահմանում բնավորված ավանդական կուսակցություններն էին սպառնում Հայաստանին 80-ականների վերջին, մինչդեռ միակ բանը, որ էսօր ունեն (ունենք) հպարտանալու, Արցախի հաղթանակն է, որը ձեռք բերվեց անկախության առաջին, ծանրագույն տարիներին:

Իհարկե, կարևոր էր, որ Ռուսաստանն էն տարիներին չհանեց իր զորքը, բայց՝ ինչու՞, իսկն ասենք. պահպանում էր սովետի վիրտուալ սահմանը, մինչև հնարավորություն լինի նորից դարձնել ռուսական: Դա խառը ժամանակներում էր, իսկ հիմա, փետով քշես, զորքը չի հանի ևս քառասունքանի տարի՝ ինչքան թույլ կտա Հայաստանի հետ պայմանագիրը, որովհետև, հումքից բացի, էդ երկիրը մենակ զենք ու զորք է արտահանում:

Ռազմական բազան կա, ինչն ինքնին ողբերգություն չէ, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, բայց կայսերական կենտրոնում մոլորություն է տիրում, թե Հայաստանում իրենց ոտքն էնքան ամուր է, ինչքան թույլ է մեր երկիրը: Մեզանից հազար տարի առաջ նույն տրամաբանությամբ Բյուզանդիան հերթով վերացրեց Արծրունյաց, Անիի ու Կարսի Բագրատունյաց թագավորությունները, ինչը հանգեցրեց 1071 թ. Մանազկերտի ճակատամարտի ջախջախիչ պարտությանը, որը դարձավ կայսրության վերջի սկիզբը: Գլխավոր պատճառներից մեկը նա էր, որ դադարել էին գոյություն ունենալ հայկական «բուֆերային» պետությունները, և սելջուկ-թուրքերի դեմ կռվում էին ոչ թե հայ թագավորներն իրենց զորքով, այլ հայկական ծագումով հունադավան կառավարիչներ, որոնցից մեկը… վերացրել էր Անիի կայազորը, որպեսզի կայսեր աչքը մտնի գանձարանի համար խնայված տարեկան մի քանի հազար ոսկով:

Ավելի վառ մի օրինակ էլ կա, որը սովետական տարիներին մեր պատմաբանները լռության են մատնել, «ավագ եղբորը» չվշտացնելու համար, նոր ժամանակներում էլ դեռ չեն «հիշել»: Հակառակ զորիբալայանների, հայոց պատմությունը չի սկսվում 1813-ին, Գյուլիստանի պայմանագրով: Դեռ 10-րդ դարում  (944 թ.) հանկարծակի Արցախ է թափանցել «այլակրոն, անծանոթ մի ցեղ, որին ռուզիկ են անվանում», որը գրավել է Պարտավ (Բարդա) մայրաքաղաքը, կոտորել է նախ տղամարդկանց, հետո «կանանց ու նրանց մանուկներին»:  «Ռուզիկները» (ռուսները) թողել-հեռացել են կես տարուց, երբ որ բան չի մնացել սնվելու, ու մարդ էլ չի մնացել, որ իրենց համար բերք ու բարիք ստեղծի, ինչպես վկայում է Մովսես Կաղանկատվացու «Պատմությունը» (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1969, էջ 264-65):

Գրում ու մտածում եմ. հանկարծ էս նոթս պատճառ չդառնա՞ որևէ նոր նամակի՝ ուղղված ռուսական «ցարին», որը վաղը ժամանում է Հայաստան: Խնդրանքով, որ «ռուզիկները», իրենց իսկ շահերից ելնելով, դադարեն ամայացնել ռազմաբազայի «շրջակայքը»՝ դատարկել եղած բնակչությունը:

Ի դեպ, զարմանալի է, բայց հակառակ մեկ տարվա ընթացքում 265.000 մարդու արտագաղթի մասին մեդիայի հրապարակումներին, նույնիսկ մեր «ընդդիմադիր» լրագրողներն ու քաղաքական գործիչները շարունակում են խոսել 50-60 հազար հոգու մասին: Մինչդեռ բավական է համեմատել «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի մասին» պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալները 2012 թ. (3.274.300) https://www.armstat.am/file/article/bnakch_01.01.2012.pdf  և 2013 թ. (3.026.900) https://www.armstat.am/file/article/bnakch_01.01.13.pdf հունվարի 1-ի դրությամբ, որպեսզի ակնհայտ դառնա 250.000 մարդու տարբերությունը մեկ տարում:

Կայսրությունների փլուզման դարաշրջանը սկսվել է 1950-ականներին և ավարտը մոտ է՝ նամակները չեն փրկի, ով ուզում է, գրի: Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ Հայաստանն ունենա իշխանություն՝ բյուջեն պատած մորեխի փոխարեն, որպեսզի երկիրը դադարի «մարդկային միս» մատակարարել կայսրությանը՝ սեփական հոգեվարքի գնով երկարաձգելով նրա հոգեվարքը: