Եվրոպական երինջները երկրորդ անգամ չեն հղիանում, գյուղացիները պարտքերի տակ են ընկել

Արդեն տեղեկացրել էինք, որ տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակներում 2007-2015 թվականներին կառավարությունը Եվրոպայից երինջներ է ներկրում ու հատկացնում ֆերմերներին, խնդրի առաջ է կանգնեցրել հայ գյուղացիներին: Եվրոպական երինջների մի մասը սատկել են, սակայն կառավարությունն՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, ֆերմերներից պահանջում է երինջների գումարը: Օրերս ֆերմերները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին ու կառավարությանը՝ ներկայացնելով իրավիճակն ու խնդրելով երկարաձգել երինջների դիմաց գումարի վճարման ժամկետը, տույժերից ու տուգանքներից ազատել իրենց:

Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքի բնակիչ Ատոմ Առաքելյանն այս ծրագրից տուժած ֆերմերներից մեկն է: Ծրագրի շրջանակներում նա 33 երինջ է ստացել, պարտավորվել է 4 տարվա ընթացքում 37 մլն դրամ վճարել երինջների դիմաց, սակայն ժամկետը մոտենում է ավարտին, իսկ գյուղացին վճարման խնդրի առաջ է կանգնել: Ատոմ Առաքելյանին հատկացված երինջները կառավարությունը ներկրել էր Գերմանիայից, դրանք շվից և հոլշտին ցեղատեսակի են, գյուղացիներին հատկացվել են յուրաքանչյուրը 1 մլն 200 հազար դրամով:

Պայմանագրով ֆերմերների համար ժամկետ է սահմանված՝ երինջների գումարը նրանք պարտավորվել են կառավարությանը վերադարձնել 4 տարվա ընթացքում՝ առաջին տարին գումարի 5, երկրորդ տարին՝ 10, երրորդ տարին՝ 30 տոկոսի չափով, իսկ չորրորդ տարին՝ ամբողջ գումարը:

Ատոմ Առաքելյանը պատմում է, որ առաջին օրերին երինջների մոտ հիվանդություն է նկատել: «Բերելուց 4-5 օր անցել է, ահազանգել եմ գյուղատնտեսության նախարարություն, ասել եմ, որ անասունների մեջ հիվանդություն կա: Մարդիկ են եկել, նայել են, տեսել են, որ հիվանդ են: Հանրապետական լաբորատորատորիան հաստատել է, որ անասունների մի մասը հիվանդ են»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Առաքելյանը:

Կառավարությունից ստացած 33 երիջներից 14-ը կարճ ժամանակահատվածում սատկել են, սակայն այսօր գյուղատնտեսության նախարարությունը պահանջում է վճարը: «Խնդրեցինք, որ գոնե մի քիչ երկարաձգեն վճարման ժամկետները, դա էլ չեն անում, մենակ իրանց փողի տերն են իրանք, տույժ ու տուգանք են հաշվել: Մի խոսքով ընենց են անում, որ մարդիկ էդ հիվանդ անասունների դարդից հիվանդանան: Էդ անասունը հասել ա մեզ մոտ, հիվանդությունը եղել ա»,- ընդգծեց նա:

Ատոմ Առաքելյանը նշեց, որ հիմա պետք է վաճառի ֆերման, տունն ու ունեցվածքը, որպեսզի կարողանա երինջների համար պարտքը վճարել:

«Տվել էին, որ մենք բազմացնեինք, իբր նորից մեզանից պետք ա երիջներ վերցնեին, ցեղական ցուլիկներ վերցնեին, բայց չեն տարել: Իրանց ծրագիրը, եթե էդքան լավն ա, կարան վերցնեն մեզանից, ինչի՞ են նորից ներկրում կատարում: Մենք 1 մլն 200 հազար ենք տվել ամեն երինջին, թող իրանք գան մեզանից 700-800 հազարով տանեն: Հիմա մի 20 գլուխ ունեմ, թող գան, էժան վերցնեն: Հիմա ըսկի չգիտեն էլ, որ կոտորվել են էդ անասունները, մենք էլ ենք կոտորվում, երինջներն էլ»,- ասաց նա:

Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի բնակիչ Սեյրան Փանյանն էլ 2010 թվականին ծրագրի շրջանակներում գերմանական շվից ցեղատեսակի երինջներ է ստացել:

«Տասնվեց գլուխ մեկ ստացա, 11 գլուխ մեկ: Հիվանդ են եղել էդ անասունները, իհարկե, ոչ բոլորը: Դրանց մեջ օտար մարմին ա եղել, չոր գնդիկներ կային դրանց մեջ, մորթել, հանձնել ենք գազանանոցին»,- Lragir.am-ին պատմեց Սեյրան Փանյանը:

Այս տարիներին նրա երիջներից անկել են 6-ը, այժմ ունի մոտ 20 գլուխ երինջ, բայց ասում է, որ չի կարողանում վճարել պարտքերը, քանի որ ծրագիրն սպասված արդյունքը չի ապահովել: «Էդ կովերը մի անգամ ծնել են, դրանից հետ էլ չեն հղիացել: Չեն բեղնավորվում, էլ արհեստական, էլ եսիմինչ, ինչ ասես, որ չենք արել, չեն հղիանում, ախպեր: Դրանց մեջ մենակ 4 գլուխ կով ա եղել, որ նորից հղիացել ու ծնել ա: Մնացածն այ ըտենց մնում են»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակի պատճառով Սեյրան Փանյանը չի կարողանում վճարել երինջների գումարը, պարտքերի վրա տույժեր ու տուգանքներ են կուտակվել, ֆերմերի դեմ դատական գործ է ընթանում:

«Վեց միլիոն պիտի վճարեի, չեմ վճարել, որովհետև կաթ չկա, անասունները չեն հղիանում: Հիմա դատի են տվել, հարկադիրը մի կողմից ա գալիս, դատախազությունը մյուս կողմից ա զանգում: Մենք մուծելու ենք, չենք ասում, թե փախնելու ենք, բայց ուզում ենք, որ ժամկետները երկարացնեն, տույժ ու տուգանքը հանեն գոնե: Ես ուզում եմ էդ անասունները վաճառեմ, որ տեղական անասուն առնեմ, ոչ մեկը մոտ չի գալիս դրանց»,- ասաց Սեյրան Փանյանը:

Նշենք, որ այս ծրագիրը կառավարությունը ներկայում շարունակում է իրականացնել: