Պատվերով ընտրովի արդարադատություն

Մանյա Հակոբյանն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի հեղինակային իրավունքների խախտման, խախտված իրավունքների վերականգնման պահանջների  մասին գործով դատական գործընթացը 18 ամիսների երկարաձգումից հետո ավարտվել է: Ըստ այդմ, Մանյա Հակոբյանի հայցը բավարարվել է, իսկ Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի հայցերը մերժվել են: Ըստ Մանյա Հակոբյանի հայցադիմումի՝ Հրանտ Բագրատյանն ու Հարություն Կարապետյանը յուրացրել և անբարեխիղճ արտատպել են իր ծրագիրը  2011թ. Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում: Հայցվոր կողմն այն որակել է իբրև գրագողություն: Դատարանը պարտավորեցնում է Հրանտ Բագրատյանին և Հարություն Կարապետյանին հրապարակումից հանել առանց հայցվոր Մանյա Հակոբյանի թույլտվությամբ նրա ստեղծագործության՝ ցանկացած անբարեխիղճ օգտագործմամբ հրապարակումները, այն է՝ Ֆեյսբուքում զետեղված Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի հեղինակությամբ ծրագրի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերությունները, որոնք համընկնում են Մ. Հակոբյանի ՀետքուÙ հրապարակված ծրագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ պարբերությունների հետ: Այս կապակցությամբ զրուցել ենք Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հետ

Պարոն Կարապետյան, ըստ Ձեզ որքանով է այս դատավարությունը տեղավորվում «դատական գործ» հասկացության մեջ։

«Դատավարություն» կոչվածը խեղկատակություն է, որն հանգիստ խղճով կարելի էր դասել աբսուրդի ժանրին, եթե այն տեղի ունեցած չլիներ Հայաստանի հանրապետությունում և ակնհայտորեն, հովանավորված չլիներ վարչախմբի առաջին դեմքերի կողմից։ Ըստ բանիմաց մասնագետների, որոնց մասնագիտական գիտելիքներին ես անձամբ հավատում եմ,այն նույնիսկ չպետք է վարույթ ընդունվեր, քանի որ հայցը չի համապատասխանում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» 1112–րդ հոդվածում և «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3–րդ հոդվածում թվարկված հեղինակային իրավունքի օբյեկտների ցանկին։ Իսկ սեփական ժողովրդի հանդեպ, ընդհանրապես և, մասնավորապես, արդարադատության հանդեպ պատերազմ հայտարարծ վարչախմբի համար, երբ ռեժիմի հենասյուների բացահայտ ու ցինիկ հանցագործությունները, ներառյալ մարդասպանություններն են անպատիժ մնում, այս`իրենց բառապաշարով ասած «մուտիլովկան», մանկական մակարդակի խաղ է, պարզապես։

Պարոն Կարապետյան, դուք իսկապես համոզված եք, որ այս դատավարությունը ունե՞ր հովանավորներ։

Գաղտնիք չէ, որ մեր դատաիրավական համակագը հանդիսանում է պետական իշխանությունն ուզուրպացրած ռեժիմի կամակատար։ Դա է պատճառը, որ նմանատիպ աբսուրդի բնագավառից և հաշվեհարդարի երանգներով «մուտիլովկայի» հանդեպ ցուցաբերվել է ստեղծագործական մոտեցում և հայցն ընդունվել է վարույթ։ Իսկ, պատվիրատուներին թվացել է, թե իրենց ձեռքում հայտնվել մի հարմար գործիք` ի դեմս հայցվորի, որի միջոցով մի անգամից կարելի է պատժել ու հրապարակայնորեն պախարակել թե Հրանտ Բագրատյանին և, թե ինձ։

Պարոն Կարապետյան, արդեն ավելի քան 15 տարի ղեկավարում եք ձեր կողմից  հիմնված Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը, ղեկավարել եք նաև ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը, սակայն կուզեի ավելի մանրամասնեիք ձեր այս տարիների գործունեությունը ՝ թե գիտական, թե՛ գիտակազմակերպչական, որպեսզի ավելի պարզ լինի թե ու՞մ են մեղադրում և, ինչու՞մ։

Չթերագնահատելով Հրանտ Բագրատյանի դերը գիտության ոլորտի բարեփոխումների մեջ, որի դերի մասին բազմիցս եմ նշել իմ հրապարակային հոդվածներում, բայց և այնպես ստիպված եմ պարզապես, ինչքան էլ, որ տհաճ ու անընդունելի լինի ինձ համար, հակիրճ ներկայացնել գիտության և գիտա–կազմակերպչական ոլորտներում իմ անցած ուղին։ Հանգամանքների բերումով 1991թ.–ից սկսած հիմնականում զբաղված լինելով գիտա–կազմակերպչական գործունեությամբ մոտ 140 գիտական աշխատանքների հեղինակ եմ։ Աշխատանքներիս որակն ու մակարդակը ներկայացնելու համար նշեմ, որ 1937թ. սկսած, երբ առաջին հայկական գիտական աշխատանքն է հայտնվել միջազգային արենայում, Հայաստանի գիտաշխատողների աշխատանքներից առավել շատ հղում ստացած 50 լավագույն աշխատանքների մեջ է նաև իմ հոդվածներից մեկը։ Բացի դրանից, հավանաբար տեղյակ եք, որ 2008թ. արժանացել եմ «Հայաստանի նախագահի մրցանակի», որը հետ եմ վերադարձրել 2013թ.–ին։

Իսկ ինչ վերաբերու՞մ է գիտա–կազմակերպչական գործունեության հետ իմ առնչությանը, ապա նշեմ, որ դեռևս 1991թ.–ին իմ առաջարկությամբ ՀՀ ՆԽ հ.555 առ 26.10.91թ. որոշմամբ ստեղծվել է գիտական սարքավորումների գույքագրման և դրանց շագործման արդյունավետությունն ապահովելու հանրապետական հանձնաժողով, որի աշխատանքային խումբը ղեկավարել եմ հասարակական հիմունքներով։ Այս հանձնաժողովի գործունեությամբ նախ ժամանակին կանխվել է որոշ ակադեմիկոս–տնօրենների վաշխառուական գործունեությունը՝ ավելի կոնկրետ, նրանց կողմից թանկարժեք սարքավորումների օտարմանն ուղղված քայլերը։ Եվ, երկրորդ, 1994թ. ստեղծվեց ՀՀ ԳԱԱ ՄԿՈւԿ–ը և իր հերթին էր սպասում պայմանականորեն «Ֆարմակոկենտրոն» անվանվող ընդհանուր օգտագործման ստորաբաժանումի ստեղծումը։  Ի դեպ, նույն այս միջոցառումը հայցվորի կողմից ներառված է խնդրո առարկա և իբր հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող իր «ստեղծագործության» մեջ, իհարկե՝ որպես նորություն։ 1993թ.–ին հրավիրվել եմ էկոնոմիկայի նախարարություն, որտեղ աշխատել եմ մինչև 1996թ.–ը։ Այնուհետև, ի դեպ վարչապետ Հրանտ Բագրատյանի հորդորով մինչև 1997թ.–ի ապրիլի կեսերը աշխատել եմ  կրթության և գիտության նախարարությունում։ Այնտեղից հեռացել եմ սեփական դիմումի համաձայն, քանի որ նորանշանակ նախարարը դեմ էր գիտության ոլորտի ազատականացման բարեփոխումներին, որի պատասխանատուն էի ես` 1993թ.–ից սկսած։ Հանդիսացել եմ ՀՀ ԳԱԱ համակարգում 1994թ.–ին հիմնադրված և առ այսօր լավագույն կառույցներից մեկը հանդիսացող ՀՀ ԳԱԱ ՄԿՈւԿ–ի հիմնադիրներից մեկը, եթե ոչ հիմնադիրը։  1997թ. հեռանալով պետական համակարգից և փորձելով պահպանել գիտության ոլորտի ազատականացման բարեփոխումների սկզբունքները հիմնադրել եմ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը՝ ԳԱՏԱՀ–ը, որի ներդրումն անառարկելի է գիտական հանրության շրջանակներում։ ԳԱՏԱՀ–ն է մտահղացել ու առաջինն իրականացրել թե՛ երիտասարդ գիտաշխատողների տարատեսակ աջակցությունների, թե՛ համալսարանական հետազոտական լաբորատորիաների ստեղծման, թե՛ հանրապետական նշանակության ենթակառույցների ստեղծման, թե՛ ինտեգրացիոն և առևտրայնացման գործընթացների խթանման և այլն յուրօրինակ ծրագրերը։ Ավելին, ԳԱՏԱՀ–ը օրինակ է հանդիսացել  ԱՄՆ ՔՀՄՀ–ի (US CRDF) համար և  CRDF–ը ստեղծել է նմանատիպ կառույցներ Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում։

2007թ. աշնանը նորաստեղծ Գիտության պետական կոմիտեի նախագահի կողմից  հրավիրվել եմ զբաղեցնել խորհրդականի պաշտոնը, որը լքել եմ շատ շուտ՝  խորհրդանշական 2008թ.–ի մարտի 1-ի կեսօրին (Ազատության հրապարակի բռնություններից հետո, բայց մինչ հայտնի այրունահեղությունը), հիմնականում համաձայն չլինելով ԳՊԿ–ի այն ժամանկվա «դե–ֆակտո» և «դե–յուրե» ղեկավարների կոռուպցիոն գործունեության առաջին քայլերի հետ։ Եվ, փառք Աստծո, որ քաղբանտարկյալ չդառա շնորհիվ այն ժամանկվա ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, քանի որ, իմ տեղեկություններով, «դանոսը» գրված է եղել՝ հասկանալի է ում կողմից, բայց հետագա ընթացքը կանխվել է նախարարի կողմից։ Առիթ չի եղել շնորհակալություն հայտնելու՝ հիմա եմ հայտնում։

Գիտության ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև վարվող քաղաքականության մասին 1995թ.–ից սկսած մինչ օրս ունեմ 40–ից ավելի հրապարակումներ։ Եվ այժմ, հայաստանյան «արդար» ու «անկախ», բայց անհայտորեն սպասարկու դատարանը, իր «Հանուն Հայաստանի Հանրապետության» վճռով ինձ հայտարարում է գրագող և այն էլ հենց գիտա–կազմակերպչական խնդիրներին վերաբերող ծրագրի հարցով։

Այնուամենայնիվ, այսքանից հետո ձեզ մեղադրում են, որ գրագողությա՞մբ եք զբաղվել։ Ու՞մից և ի՞նչ եք գողացել։

Մի անձնավորությունից, ու՞մ մեր սպասարկու դատարանն ու փաստաբանական «կանտորը» «գիտնական են» որակում դատարանի վճռով։ Խեղճ հայկական գիտություն, որ ով ասես՝ չորրորդ դասարանի կրթություն ունեցողից մինչ հայտնի վաշխառուն, իրենց գիտնական են համարում։ Ի դեպ, եթե հայցվորը «գիտնական» լիներ, ապա մեր գիտությունն էլ կլիներ Հայաստանի դատաիրավական համակարգի մակարդակում։ Բայց, դե հայցվորի նմաները պահանջարկված պեղածո գործիք են ՀՀ պետականությունը`այդ թվում նաև արդարադատության համակարգը ուզուրպացրած և, այսօր արդեն, նաև ազգադավ վարչախմբի համար`ինչ–ինչ հարցեր լուծելու համար։ Իսկ, գողացածս ի՞նչ է, այն ինչով զբաղվել եմ 1991թ. սկսած, որի արդյունքներն 1995–2013թթ. ժամանակահատվածում հրապարակվել են ավելի քան 40 հոդվածներում և հարցազրույցներում`«Lragir.am», «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Республика Армения», «Голос Армении», «Деловой Экспресс», «Новое Время», «ArmeniaNow», «Հետք», «168ժամ», «Noyan Tapan», ինչպես նաև «Ազատություն» և «Ամերիայի Ձայն» ԶԼՄ–ներում։ Այսինքն, ստացվում է, որ ես ինձնից  ու հրանտ Բագրատյանի աջակցությունից եմ գողացել, որը շատ հեշտությամբ կարելի է ապացուցել։

Գիտեմ, որ Մանյա Հակոբյանի հայցը բավարարվել է. Կմանրամասնե՞ք, ինչ  է պահանջվում ձեզանից և պարոն Բագրատյանից գործի վճռով, ինչպե՞ս է ընթացել դատավարությունը:

Հիմա անդրադառնաք արդարադատության ծաղր կամ, ավելի ճիշտ հաշվեհարդարի արդյունք հանդիսացող անգրագետ, եթե չասենք անմեղսունակ վճռին։

Ի՞նչ է պահանջվում, 18 ամիս չարչրկված և, ակնհայտորեն, սարքովի գործի վճռով։

Մեջբերում.

«1.Մանյա Հակոբյանի հայցը բավարարել։

Պարտավորեցնել Հրանտ Բագրատյանին և Հարություն Կարապետյանին հրապարակումից հանել առանց հայցվոր Մանյա Հակոբյանի թույլտվության նրա ստեղծագործության ցանկացած եղանակով անբարեխիղճ օգտագործմամբ հրապարակումները, այն է` հրապարակումից հանել ՙFacebook՚–ում հրատարակված Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի հեղինակությամբ ծրագրի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ պարբերությունները, որոնք համընկնում են Մանյա Հակոբյանի Հետք Online-ում հրապարակված ծրագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ պարբերությունների հետ…»

Այսինքն, մեր «արդար», «անկախ» ու «խելքի տոպրակ» դատարանը  պատասխանողներից պահանջում է «Facebook» –ում  խմբագրել մի տեքստ, որը հասանելի չէ ո՛չ Հրանտ Բագրատյանին և, ո՛չ էլ ինձ։ Այդ տեքստը տեղադրվել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջի ադմինիստրատորի կողմից։ Այս պարզ հանգամանքը, որն այսօր հասու է նույնիսկ մանկահասակներին, հասանելի չի է եղել մեր «անաչառ» դատարանին` «Հանուն Հայաստանի Հանրապետության» վճիռ կայացնելու համար։ Ավելին, դատարանը չի էլ փորձել պարզել, թե ինչպե՞ս է այդ տեքստն հայտնվել այդ էջում։ Դատարանը, որպես վկա չի հրավիրել այդ էջի ադմինիստրատորին պարզաբանումների համար։ Բայց հրավիրել է նույնիսկ փողոցից մարդու, ով բացարձակապես կապ չի ունեցել ո՛չ ՀԱԿ–ի հանձնաժողովի, ո՛չ  Բագրատյանի և ո՛չ էլ իմ հետ, բայց իբր 1996թ.–ից սկսած ծառայել է Մանյային՝ նրա մտքերը տեքստի բերելու միջոցով և փաստում է, որ «Facebook» –ում բերված մտքերը` Մանյայինն են։ Բացի դրանից, դատարանը նույնիսկ չի ապացուցել, որ «Facebook» –ում բերված տեքստի հեղինակներից Հարություն Կարապետյանը ես եմ։  Եթե Հրանտ Բագրատյանի դեպքում քիչ թե շատ պարզ է թե ում մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ «Facebook» –ում այդ տեքստը «ՀԱԿ–ի ծրագիր» է վերնագրված ( նրա բոլորին հայտնի «100» քայլի շարունակությունը), ապա իմ դեպքում դատարանը փորձ էլ չարեց անդրադառնալ իմ այդ պահանջին ու շարունակեց իր էշը քշել։ Այս հանգամանքն արդեն հիմք հանդիսացավ ենթադրելու, որ դատարանին շատ կոնկրետ պատվեր է իջեցված՝ այն էլ հանցավոր ռեժիմի խիստ վերևներից, որի պատճառով և ռեժիմի շահերը սպասարկող դատարանը պետք է պատվիրված ավարտին հասցներ այս խեղկատակությունը։  Դատարանի համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ ապագա հայցվորին իմ մոտ է ուղարկել Հ. Բագրատյանը «ՀԱԿ–ի ծրագրի» մասին կարծիք հայտնելու նպատակով։ Կարծիքն, ես հայտնել եմ և անձամբ Հ.Բագրատյանին էլ. փոստի միջոցով ուղարկվել է ծրագրի նոր տարբերակ, այն էլ ՀԱԿ–ի անունից շարադրված։

Ձեր կարծիքով ովքե՞ր են այս գործի պատվիրատուները և որո՞նք են դրդապատճառները։

Ըստ Հրանտ Բագրատյանի ընտրովի արդարադատության պատվիրտուներ են Վազգեն Մանուկյանն ու Տիգրան Սարգսյանը, որոնք իրենց պատժիչ օպերացիան  իրականացրել են արդարադատության փոխնախարար Օրբելյանին պատկանող փաստաբանական «Կոնցեռն Դիալոգ» կանտորի օգնությամբ։ Այս մասին Հրանտ Բագրատյանը հայտարարել է իր մամլո ասուլիսում։ Իմ դեպքում, հանցավոր ռեժիմից պատվիրատուներ կարող էին լինել թե ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Բոլորն էլ ունեն բավարար պատճառներ հաշվեհարդարի համար։ Բայց դե, կարծում եմ, որ առաջին երկուսի տրամաչափերը խիստ փոքր են դատարանին ուղղակի պատվեր իջեցնելու համար։ Նրանցից յուրաքանչյուրն էլ իր տրամաչափով ու խելքի չափով քայլեր ձեռնարկում է իմ դեմ, որոնց մասին ես լավ տեղյակ եմ։ Բայց և այնպես, չեմ բացառում նաև, որ նրանք են քաջալերել հայցվորին և միաժամանակ` Մաուգլիի շակալի պես վազել ու փսփսացել ավելի վերևների ականջներին։  Իսկ, ավելի հզոր պատվիրատուները փոքր ինչ թերացել են ու միարժեքորեն հավատացել հայցվորի սուրհանդակ հանդիսացող բանսարկուների  հավաստիացումներին։ Պատվիրատուների համար կարևորն առիթի առկայությունն է եղել՝ ի դեմս հայցվորի կողմից փաստերի խեղաթյուրման ու զրպարտության, իսկ, մնացածն արդեն մեր խամաճիկային, «անկախ» ու «անաչառ»  արդարադատության համակարգի խնդիրն է՝ ցանկացած մանիպուլյացիայի միջոցով իրականացնել հանցավոր և այսօր արդեն ազգադավ ռեժիմի պատվերը։ Կարծում եմ, բոլորին է պարզ, որ տվյալ դեպքում բացարձակապես կապ չունի թե ո՞ր շրջանի դատարանն է, կամ թե ո՞ր դատավորն է պատվերն իրականացրել, քանի որ նրանք բոլորն էլ նույն՝ հանցավոր ու ազգադավ ռեժիմի շահերն սպասարկող  համակարգի մաս են և բոլորն էլ հացի խնդիր են լուծում։ Բայց, թե ինչպե՞ս են էդ հացը մարսում միայն իրենց է հայտնի։ Հիմա, մի քանի խոսք պավիրատուների կամ հնարավոր պավիրատուների մասին։ Գրեթե համոզված եմ, որ տվյալ դեպքում  պատվիրատուներ են հանդիսանում շինծու ընտրությունների արդյունքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած, հայաստանի ապագան խաղադրույքի դրած, նախկինում Ադր.ԽՍՀ ԼՂԻՄ–ի «Ինտուրիստ»–ի տնօրեն Սերժիկ Սարգսյանն ու այդ նույն հանցավոր ռեժիմի պայմաններում վարչապետի պաշտոնը զաբաղեցնող  օֆշորագետ Տիգրան Սարգսյանը և ահա թե ինչու։

Հայցվորը 2010թ. սեպտեմբերի 2–ին  «Հետք Online»–ում`  https://old.hetq.am/am/society/gitutyun-4/#sthash.998JD6ry.dpuf հրապարակել է իբր իր կողմից հեղինակած ծրագիրը։

– Հայցվորը 2011թ. սեպտեմբերի 24–ին,  «Հետք Online»–ում հրապարակումից մեկ տարի հետո, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ օֆշորագետ Տիգրան Սարգսյանին՝ տես «Առավոտ», https://www.aravot.am/2011/09/24/336440/

– ԵԱՔԴ 0315/02/12 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցիչը, ով ՀՀ արդարադատության փոխնախարար Օրբելյանին պատկանող «Կոնցեռն դիալոգ» կանտորի տնօրենն է, դատարան է դիմել 2012թ. մարտի 7–ին, այսինքն հայցվորի բաց նամակի հրապարակումից հինգ ամիս հետո:

Այսինքն, Տիգրան Սարգսյանն ակնհայտորեն տեղեկացված է եղել խնդրի առկայության մասին։  Իսկ, թե ինչու՞ է  խնդրին դատական ընթացք տրվել միայն հինգ ամիս հետո, կարծում եմ, պատճառն իմ կողմից գիտության ոլորտում առկա կոռուպցիայի մասին և դրանում մեր օֆշորագետի դերակատարության բարձրաձայնումն է։ Մասնավորապես,

– 2012թ. մարտի 2–ին «Լրագիր»–ում հրապարակվել է իմ հարցազրույցը. «Ներկայիս ակադեմիան այդ քայլին չի գնա» (https://www.lragir.am/index/arm/0/interview/view/61110) վերնագրով, որտեղ ՀՀ վարչապետն ուղղակիրեն մեղադրվում է գիտության ոլորտում բացահայտված կոռուպցիայի փաստերը քողարկելու փաստով։ Մեջբերում եմ հատված այդ հարցազրույցից. «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվեցին միայն ԳՊԿ-ի գործունեությանը վերաբերող իմ որոշ հայտարարությունների հիմքերը, քանի որ այն ավելի կարևորվեց քան ՀՀ ԳԱԱ վերջին ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքների փաստը։ Ինչևէ, այն հանգամանքը, որ այդ ամիս ու կես տևած և, իսկապես, գովեստի արժանի բծախնդրությամբ իրականացված ուսումնասիրությունները հետագայում որևէ արձագանք չունեցան, վկայում է, որ ՀՀ վարչապետի (կամ ավելի ազդեցիկ շրջանակների) ակնկալիքները, առնվազն չարդարացան, և գործը մոռացության տալով, փաստորեն կարճվեց։»։

Դե, այսքանից հետո, ձեռքի տակ արդեն առկա հայցվորի բաց նամակի հիման վրա դատական գործընթացի մեկնարկի հրահանգումը դժվար չէր։  Իսկ,  «փոխնախարար Օրբելյան–«Կոնցեռն Դիալոգ»–Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան» սխեմայի կիրառումը, պարզապես, մանկական խաղ է օֆշորային նուրբ սխեմաների մասնագետի  համար։ Հարմար առիթի համար խնդիր չէր կարող հանդիսանալ նաև դատական գործում այն կարևոր արձանագրված փաստը, որ  հայցվորի կողմից դատական գործ հարուցելու համար պետտուրքի 24հազար դրամ մուծելու դժվարությունից հետո փաստաբանը վարձատրվել է 1մլն. դրամով։  Պարզ է, որ ինչ որ մեկը վճարել է այս գումարները։ Մի գուցե և ավելին է վճարվել, բայց դե` դա իրենց գործն է։  Մյուս հանգամանքը, որն իմ կարծիքով էական ազդեցություն է ունեցել այս խեղկատակություն հիշեցնող ընտրովի արդարադատության վրա հետևյալ փաստն է.

– Ես, 2013թ. հունվարի 22–ին, նախագահական ընտրարշավի ընթացքում, վերադարձրել եմ  2008թ.–ին Սերժիկ Սարգսյանի կողմից ( Սարգսյանի անունը հատուկ եմ նշում, որ այլևս որոշ հաճոյախոսներ՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահ Մարտիրոս Ռադիկովիչի, չխեղաթյուրեն իրականությունը) ստացած բնական գիտությունների բնագավառի նախագահի մրցանակն ու պարգևավճարը: Կարծում եմ, դժվար չէ պատկերացնել, որ այս հանգամանքը չէր կարող անհետևանք մնալ և 2013թ. հունվարի 23–ին, ժամը 3-ին հրավիրվել եմ զրույցի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի կողմից։ Մոտ կես ժամ տևած զրույցի վերջում, ռեժիմի ներկայացուցիչ երիտասարդ ֆունկցիոները շատ բարեհամբյուր դեմքով կիսվեց նաև սողունների վարքագծի մասին իր գիտելիքներով ու հայտարարեց, որ ընտրարշավի ընթացքում թեկնածուները նման են «կաշին փոխող օձի» և ընկերաբար խորհուրդ տվեց, որ զգույշ լինեմ, քանի որ «կաշին փոխող օձը նաև խայթում է»։

Այսինքն, ընտրովի արդարադատությունը տեղավորվում է նաև «կաշին փոխող օձի խայթոցի» նախազգուշացման տրամաբանության մեջ՝ Հարություն Կարապետյանը գրագող է տեսքով։ Իսկ քանի որ խայթոցը մահացու չէ և, ավելին, ինչպես մերօրյա հայտնի խաղամոլ փիլիսոփաներից մեկն է ասել «խիյարը թարս բուսնելու» խայսաթ էլ ունի, ապա  կարծում եմ, որ պետք է դիտարկել նաև «խիյարը թարս բուսնելու» երևույթը, որը հմտորեն շրջանցվել է սպասարկու դատարանի կողմից։ Եվ, միաժամանակ, ցույց տանք ընտրովի արդարադատության պատվիրատուներին, որ պատշաճ գործիք, այսինքն՝ հայցվոր, չեն ընտրել։ Մի գուցե, իրենց ականջներին փսփսացող շակալներն են թյուրիմացության մեջ գցել վերջիններիս տգիտության պատճառով։ Կամ, թե իրենց օֆշորային կամ կազինոյական գայթակղություններով, կամ թե դեռևս անկախ կոչվող Հայաստանի հանրապետությունը արժանի փաթեթավորմաբ և Գյուլիստանի պայմանագրով ԽՍՀՄ–Բ–ին նվիրաբերելու գործընթացով խիստ զբաղվածության պատճառով։

Իսկ ի՞նչ ի նկատի ունեք «խիյարը թարս բուսնելու» հանրահայտ մտքին հղումներ անելով։

Այն հանգամանքը, որ պատվիրատուները ստիպված են լինելու համակերպվեն, որ գրագողի միջոցով մեզ՝ Հրանտ Բագրատյանին ու ինձ գրագողի պիտակն են փորձել կպցնել։  Իսկ, նույն դատարանը, փաստաբանն ու, հատկապես, հանցավոր և ազգադավ պատվիրատուները պատրաստվեն նոր դատական գործընթացի՝ հենց իրենց իսկ հիմնավորումների հիման վրա և ոչ միայն հեղինակային իրավունքի հարցով, այլև զրպարտության, որն ակնհայտ է բերված համեմատություներից ու կպահանջի ևս մի քանի միլիոն դրամի ներդրում.

Ժամանակագրորեն իրար հաջորդած (M-1), (HK) և (M-2) տեքստերի  ՄԻ ՔԱՆԻ ՀԱՄԵՄԱՏՈւԹՅՈՒՆ  (համեմատվում է (M-2)–ը  (M-1)–ի հետ, այնուհետև (M-2)–ը` (HK)–ի հետ)

Օգտագործված պայմանական նշաններ.

(M-1)  – Հրանտ Բագրատյանի առաջարկությամբ հայցվոր Մանյա Հակոբյանի կողմից 26.05.2010թ.–ին պատասխանող Հարություն Կարապետյանին ուղարկած «ՀԱԿ–ի ծրագրի նախագիծը» (կցվում է),

(HK)  – պատասխանող Հարություն  Կարապետյանի կողմից 27.06.2010թ. պատասխանող Հրանտ Բագրատյանին ուղարկած ծրագրի նախագիծը (կցվում է),

(M-2)  – հայցվոր Մանյա Հակոբյանի կողմից 02.09.2010թ.  «Հետք Online»–ում` https://old.hetq.am/am/society/gitutyun-4/#sthash.998JD6ry.dpuf հրապարակած ծրագիրը  (կցվում է),

Փաստագրված լրացուցիչ տեղեկություններ.

ա).     Հրանտ Բագրատյանը հանդիսացել է ՀԱԿ–ի հովանու տակ 2009թ. ձևավորված սոցիալ–տնտեսական զարգացման ծրագրերի հանձնաժողովների՝ այդ թվում, «կրթության և գիտության» հանձնաժողովի համակարգողը։

բ)       Մանյա Հակոբյանը հանդիսացել է ՀԱԿ–ի «կրթության և գիտության» հանձնաժողովի անդամ։

գ).      Հարություն Կարապետյանը երբևէ չի հանդիսացել ՀԱԿ–ի կամ ՀԱԿ–ի հովանու տակ ձևավորված որևէ հանձնաժողովի անդամ։

1. (M-2); պարբերություն 7. «Բացի ֆինանսական անբավարարությունից, էապես ցածր է նաև ՀՀ գիտության ոլորտում սուղ հնարավորությունների բաշխման արդյունավետությունը, որը անկատար և կոռուպցիոն երևույթներով է պայմանավորված և բաշխման մեխանիզմների կիրառման ու  հրապարակայնության բացակայության հետևանք է»:

(a)            (M-1), ընհանրապես բացակայում է։

(b)            (HK), «Ա. ԳԻՏՈւԹՅՈւՆ» բաժնի առաջին պարբերության երկրորդ նախադասություն.  «Բացի ֆինանսների անբավարարությունից, էապես ցածր է նաև սուղ հնարավորությունների տեղադրման (բաշխման) արդյունավետությունը, որը հետևանք է անկատար և կոռուպցիոն երևույթներով պայմանավորված բաշխման մեխանիզմների կիրառման՝ հրապարակայնության և տրամաբանական հիմնավորումների բացակայության։»

Եզրակացություն.  (M-2)–ում առկա միտքը արտագրված է (HK)–ից։

(ի դեպ` այս և նմանատիպ ձևակերպումների համար հիմք են հանդիսացել պատասխանող Հ.Կարապետյանի ավելի քան 40 հրապարակային հոդվածները, որոնք հրապարակվել են  1995–2013թթ. ժամանակահատվածում`«Lragir.am», «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Республика Армения», «Голос Армении», «Деловой Экспресс», «Новое Время», «ArmeniaNow», «Ազատություն» և «Ամերիայի Ձայն» լրատվական միջոցներում)։

2)     (M-2); պարբերություն 8. «Մեր տեսակետից ոլորտի ներկայիս մարտահրավերները  գիտական գործունեության սոցիալական և տեխնիկական պայմանների անմխիթար վիճակը, սերնդափոխության գործընթացի և միջազգային չափորոշիչներին բավարարող հետազոտական արդյունքների որակի անբավարարությունը, ինչպես նաև գիտական գործունեության վարկի անկումն են հասարակության մեջ:»  

(a)        (M-1), ընհանրապես բացակայում է։

(b)        (HK), «Ա. ԳԻՏՈւԹՅՈւՆ» բաժնի երկրորդ պարբերության երրորդ  նախադասություն.  «ՀԱԿ–ի տեսակետից բնագավառի ներկայիս մարտահրավերներն են գիտական գործունեության սոցիալական և տեխնիկական պայմանների, սերնդափոխության գործընթացի և միջազգային չափորոշիչներին բավարարող հետազոտական արդյունքների որակի անբավարարությունը, ինչպես նաև գիտական գործունեության վարկի անկումը հասարակության մեջ….»։   

Եզրակացություն.  (M-2)–ում առկա միտքը արտագրված է (HK)–ից։ 

3)     (M-2); պարբերություն 9, առաջին երկու նախադասությունները. «Գիտությունն ու կրթությունը համամարդկային արժեքներ են, սակայն առաջին հերթին ծառայում են այն պետության շահերին, որտեղ  զարգանում են: Դրանք կարևորագույն, վճռորոշ դեր են խաղում  պետության հոգևոր ու տնտեսական առաջընթացում, կապող օղակ են ազգի մշակույթի ու նրա կառուցած կամ կառուցվող պետության և նրա   տնտեսության միջև:»

(a)        (M-1), ընհանրապես բացակայում է։

(b)        (HK), ներածության առաջին նախադասություն. «Գիտությունն ու կրթությունը համամարդկային արժեքներ հանդիսանալով, առաջին հերթին ծառայում են այն պետության շահերին, որտեղ զարգանում են։ Դրանք կարևորագույն, որոշիչ դեր են խաղում պետության հոգևոր ու տնտեսական առաջընթացում, կապող օղակ են ազգի մշակույթի ու նրա կառուցած կամ կառուցվող պետության և պետության տնտեսության միջև:

            Բացի (HK)–ից, նույն միտքը արտահայտված է Հ. Կարապետյանի մի շարք հոդվածներում։ Օրինակ.

·     «Միջոցների փոշիացմամբ գիտությունը չի զարգանա», «Հայաստանի Հանրապետություն», 29.05.1995թ.։

·     «Հանրապետության գիտության բնագավառն ու նրա խնդիրները», «Lragir.am», 08.12.2005 (https://archive.lragir.am/src/index.php?id=8&l_id=835):

·     «Հանրապետության գիտության բնագավառն ու նրա խնդիրները», «ԴՆ ՖՈՐՈւՄ», 12.11.2007 ( https://www.dnforum.am/showthread.php/1521):

Եզրակացություն.  (M-2)–ում առկա միտքը առնվազն արտագրված է (HK)–ից։ 

4)      (M-2)–ի կետ  2-ի վերնագիրը.  «ՀՀ գիտության ոլորտում իրականացնել առկա  գիտական թեմաների «գույքագրում» և անցնել գիտահետազոտական աշխատանքների բացառապես «թեմատիկ ֆինանսավորման», առաջնությունը տալով գիտելիքի միջազգային շուկայում մրցունակ գիտական արդյունքներին։»  

(a)        (M-1)–ում կետ 2–ի վերնագիրը. «Իրականացնել ՀՀ գիտության ոլորտում կատարվող գիտահետազոտական թեմաների «գույքագրում», այս գործընթացներին ներգրավելով միջազգային գիտական, գիտատեխնիկական հիմնադրամների, բարձր վարկանիշ ունեցող միջազգային հետազոտական համալսարանների, առաջատար գիտական կենտրոնների և ՀՀ պետության կողմից ֆինանսավորվող անկախ գիտական խորհուրդների միջոցով»։ 

(b)        (HK)–ում նույն բովանդակության դրույթները ներառված են «Հետազոտական գործունեության աջակցության մեխանիզմներն ու դրանց հիմնավորումները» բաժնի մեջ. կետ 4–ից`13–ը, որտեղ  բազմիցս օգտագործված են թե՛ «գույքագրում» և, թե «թեմատիկ ֆինանսավորում» հասկացողությունները։ Իսկ, «թեմատիկ ֆինանսավորման» մեխանիզմի միջոցով մրցունակ գիտական թեմաների «գույքագրման» յուրահատկությունը արտահայտված է նաև Հ. Կարապետյանի մի շարք հրապարակային հոդվածներում: Օրինակ. 

·     21.06.1996, «ՀՀ», «Գիտության «ըստ թեմաների» ֆինանսավորման սկզբունքը նպատակահարմար է ռազմավարական տեսակետից» հոդվածում։ Մեջբերում. «Ըստ թեմաների» ֆինանսավորման սկզբունքի կիրառումը արդեն տվել է ևս մեկ կարևոր արդյունք: Այն հնարավորություն է տվել ստանալ հանրապետությունում իրականում իրականացվող գիտական և գիտատեխնիկական մշակումների գրեթե լրիվ պատկերը`անկախ գերատեսչական պատկանելությունից, և հետևաբար` հանրապետության գիտության բնագավառի այսօրվա իրական ներուժը։

·      «Трудности не в науке, а вокруг нее»; «Новое время», 22.02.2007: Մեջբերում.  «Если мы хотим иметь достойную науку, то должны финансировать из госбюджета конкурентоспособный на международном уровне научный результат и нужды необходимые для его достижения независимо от того, кто обеспечивает этот результат. Такой подход послужит основанием для более оптимальной структуризации госбюджетных средств, а также естественной инвентаризации  нашего научного потенциала.»

Եզրակացություն.  (M-1)–ում կետ 2–ի վերնագիրն անհասկանալի է նույնիսկ հայերենի տեսակետից։  (M-2)–ում արդեն փորձ է արված,  թեկուզև անտրամաբանական պատճառա–հետևանքային կապով, թեմաների «գույքագրում»  հասկացողությունը միավորվել է «թեմատիկ ֆինանսավորման» մեխանիզմի հետ։  Դժվար չէ տեսնել (HK)–ի ուղղակի ազդեցությունը, թեկուզև, աղավաղված տեքով։  

5)     (M-2), կ. 2–ի առաջին չորս պարբերությունները։ 

Մեջբերում.

«Այս կերպ ՀՀ գիտության ոլորտի զարգացման գործընթացներում առաջնությունը կտրվի  ժամանակակից միջազգային գիտական չափանիշներին բավարարող,  արժեքավոր արդյունքներին ու այդ արդյունքների հեղինակ գիտաշխատողներին և ոչ թե տիտղոսներին, պաշտոններին,  «գիտական դպրոցներին» ու գերատեսչություններին: ·

Գիտության ոլորտում «թեմատիկ ֆինանսավորման» մեխանիզմի կիրառումը կապահովի`

– հավասար մեկնարկային պայմաններ բոլոր գիտնականների համար գիտական թեմաների նախագծերի ներկայացման գործընթացներում,

– ֆինանսական միջոցների բաշխումն ըստ առաջադրվող գիտական թեմաների  արդիականության` դրանց գիտական արժեքի ու ակնկալվող արդյունքների` գնահատման միջազգայնորեն ընդունված չափանիշների ու եղանակների հիման վրա,

– գիտության ոլորտում ֆինանսական միջոցների ներդրման ռիսկայնության նվազեցում, ներդրումների նպատակային իրացման և արդյունավետության բարձրացում,

– գիտության ոլորտում վարչահրամայական մեթոդների բացառում: ·    

Գիտական թեմային հատկացվող հասցեագրված ֆինանսական միջոցների տնօրինումը բացառապես նախագիծն իրականացնող գիտահետազոտական խմբի կողմից, որի հիմնական պատասխանատուն տվյալ թեմայի ղեկավարն է: ·    

Դադարեցնել գիտահետազոտական գործունեության «բազային» ֆինանսավորումը, որը վերադասից խիստ կախվածություն ապահովող  լծակ է և որևէ կերպ չի աջակցում ստեղծագործական,  գիտական գործունեությանը:»   

(a)   (M-1), ընհանրապես բացակայում է։

(b)        (HK)–ի  «Հետազոտական գործունեության աջակցության մեխանիզմներն ու դրանց հիմնավորումները» բաժնի ծաղկաքաղն է առնվազն. (տես կցված (HK) տեքստում )։  Ի դեպ, նույն մտքերն արտահայտված են նաև Հ.Կարապետյանի հետևյալ հրապարակումներում.

·     29.05.1995թ., «ՀՀ», «Միջոցների փոշիացմամբ գիտությունը չի զարգանա»։ Մեջբերում. «…. թեմատիկ ֆինանսավորման մեխանիզմով ֆինանսավորվում է կատարվելիք աշխատանքը և ոչ թե անցյալում կատարված աշխատանքների արդյունքով գրաված պաշտոնը կամ կոչումը:»    

·     21.06.1996, «ՀՀ», «Գիտության «ըստ թեմաների» ֆինանսավորման սկզբունքը նպատակահարմար է ռազմավարական տեսակետից»։ Մեջբերում. «…., 

ա. «ըստ թեմաների» ֆինանսավորման մեխանիզմով ֆինանսավորվում է կատարվելիք աշխատանքը և ոչ թե անցյալում կատարված աշխատանքի արդյունքով (լավագույն և հազվադեպ դեպքերում, իհարկե) գրաված պաշտոնը կամ կոչումը,

բ. ներկայացված գիտահետազոտական կամ փորձակոնստրուկտորական նախագիծը, անկախ աշխատանքի իրականացման կազմակերպության գերատեսչական պատկանելությունից, ֆինանսավորվում է անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա,

գ. փորձաքննության արդյունքների հիմամբ ֆինանսավորման երաշխավորված թեմային հատկացվող գումարները տնօրինում է և, հետևաբար, իրացման նպատակայնության պատասխանատուն է թեմայի ղեկավարը:»

·     25.02.2006, «Голос Армении», «Выбор»։ Մեջբերում. «Было введено тематическое финансирование, что означает равные условия в представлении проектов (тем); распределение средств в зависимости от актуальности и научной ценности проекта (темы) на основе независимой научной экспертизы; распоряжение средствами, выделенными на конкретный проект, осуществляется группой, реализующей данный проект; ответственным за осуществление проекта и реализацию средств является руководитель группы, а не администрация учреждения.»

Եզրակացություն.  (M-2)–ում առկա «թեմատիկ ֆինանսավորման» մեխանիզմի յուրահատկությունների նկարագրության համար, ակնհայտորեն, հիմք է հանդիսացել  (HK)–ի տեքստը, որը հաճախ, պարզապես, արտագրված է նաև։

6)     (M-2), կետ  5. Ստեղծել ՀՀ գիտության ոլորտը կառավարող միասնական կառույց:

«Այս կառույցի գործառույթները ներառելու են`

-ՀՀ-ում գիտական մրցունակ արդյունքի գնահատման միջազգային չափորոշիչների ներդրումը,

-մրցունակ, գիտական-տնտեսական զարգացում պայմանավորող գիտական արդյունքների և դրանք իրականացնող գիտնականների խմբերի ընդգծված առաջնահերթ, հասցեագրված «թեմատիկ ֆինանսավորման» ներդնումը,

-ՀՀ գիտության ոլորտի առավելագույնս ինտեգրումը գլոբալ գիտական առաջատար համակարգերին,

-ՀՀ գիտության ոլորտը երիտասարդ, տաղանդավոր, միջազգային չափանիշներին բավարարող գիտամանկավարժական կադրերով համալրելը,

-ՀՀ գիտության ոլորտում ստացված մրցունակ գիտական արդյունքների լավագույնս առևտրայնացումը գիտելիքի միջազգային շուկայում, ՀՀ տարածքում բարձր տեխնոլոգիական արդի արտադրությունների հիմնումը և այլն:»

(a)   (M-1), ընհանրապես բացակայում է։

(b)  (HK)ում նույնպես բացակայում է, քանի որ այդ կառույցը ի դեմս ՀՀ ԿԳՆ Գիտության Պետական Կոմիտեի ստեղծված էր դեռևս 2007թ.–ին։ 

(c)   Բացի (b)–ից,  Հ. Կարապետյանի առաջարկությունն ու հիմնավորումն այս կառույցի անհրաժեշտության մասին հրապարակայնորեն արձանագրվել են մի շարք հոդվածներում։ Օրինակ.

·     «Կոսմետիկ փոփոխությունները չեն փրկի», «Lragir.am», 22.08.2006թ.։ (https://archive.lragir.am/src/index.php?id=8&l_id=14557)։ Մեջբերում. Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը ոչ միայն սերտորեն կապված են միմյանց հետ, այլև լրացնում են միմյանց և պետք է միասին դիտարկվեն։ Քանի դեռ ընդունելության քննությունները մեր երկրում ունեն հասարակական և նույնիսկ քաղաքական նշանակություն, ինչպիսին այսօր, գիտությունը Կրթության և գիտության նախարարության մեջ կունենա երրորդ կարգի նշանակություն։ Այդ իսկ պատճառով գիտության ղեկավարումն այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետք է (և նպատակահարմար է) իրականացվի որևէ առանձին  պատասխանատու պետական մարմնի կողմից։ Հաշվի առնելով գիտական համակարգի ներսում և նրա շուրջ առկա իրավիճակը՝ առաջարկում եմ անկախ կազմակերպության տեսքով ստեղծել կառավարությանը կից մի մարմին, որի հիմնական խնդիրը կլինի գիտության բնագավառում քաղաքականության մշակումն ու իրականացումը, իսկ ավելի կոնկրետ՝ Պետբյուջեի միջոցների բաշխումը, գիտության որակն ու հեղինակությունը (փորձաքննություններ և Բարձրագույն որակավորման հանձնաժողով), գիտության և տնտեսության փոխադարձ կապը ժամանակակից պայմաններում (այսպես կոչված ստարտային կազմակերպություններ), հայկական գիտության ինտեգրումը միջազգային գիտական համայնքի մեջ (որպես հայկական գիտության զարգացման լավագույն տարբերակ), ժամանակակից ենթակառույցի ստեղծումը (տեխնիկական հնարավորություններ և գիտությանը վերաբերող տվյալների բազա) և այլն։

·     «Наука требует реформы. Медлить Нельзя», «Голос Армении», 07.09.2006г.

·     «Где наука, а где наукообразные кормушки – разобраться трудно», «Новое Время», 07.09.2006г.

·     «Ինչպես չգցել գիտության վարկը», «Առավոտ», 21.07.2010թ.։

Եզրակացություն.  (M-2)–ում առկա միտքը նախ ժամանակավրեպ է, ինչպես և մի շարք այլ դրույթներ,որն ակնհայտորեն, փաստում է այն հանգամանքը, որ ծրագրի հեղինակ ներկայացողը, բացի անբարեխճությունից ու շառլատանությունից, նաև այնքան էլ չի տիրապետում ոլորտում տեղ գտած գործընթացներին։