Կաթողիկոսը 14 տարի անց էլ չի համակերպվել իր պաշտոնին

Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Սահակ քահանան

Տեր-Սահակ, օրերս կաթողիկոսը կարգալույծ հռչակեց ևս մեկ հոգևորականի՝ Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Զոհրապ քահանա Մազմանյանին` հովվական իր ծառայության վայրը լքելու համար: Որոշ ժամանակ առաջ էլ Ձեզ կարգալույծ հռչակեց: Իր կաթողիկոսության ընթացքում նա հարյուրից ավելի հոգևորականի է կարգալույծ արել: Գիտեմ, որ կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված  հոգևորականները համախմբվում են:

Մինչ համախմբման մասին խոսելը, նախ մի քանի կարևոր փաստ պետք է արձանագրել՝ ամբողջական պատկերը նկարագրելու համար: Վերջերս ֆրանսիական դեսպանատունը  հարցում էր անցկացրել ՀՀ-ում՝ որքանո՞վ կա վստահություն, համակրանք կաթողիկոսի նկատմամբ: Հարցվածների 95 տոկոսը բացասական պատասխան էր տվել: Սա արդեն իրավիճակը պատկերացնելու որոշակի ցուցանիշ է: Գարեգին Բ-ի «վեհափառության» (չակերտներով եմ ասում, քանի որ վեհափառ բառը վեհ բառից է, վեհությունը նախևառաջ ներողամտությամբ է արտահայտվում, ներողամտությունը հենց վեհության ցուցանիշ է, վեհ մարդը երբևէ չի չարախոսում, չի վատաբանում, չի զբաղվում քրիստոնյային ոչ վայել գործերով) «Հավատքի մասին վկայում են գործերը», ասում է Սբ գիրքը, մինչդեռ այս տարիների ընթացքում նա հետամուտ է միայն մեկ սկզբունքի՝ նպատակը արդարացնում է միջոցները: 14 տարի շարունակ այս մարդը չի համակերպվում իր պաշտոնի հետ, նրա մոտ սա բարդույթ է: Դեռևս 2000 թվականին պաշտոնական նամակի մեջ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը գրել է հետևյալը. «Տարի ի վեր կաթողիկոս եք, և Ձեր իշխանությունը ապացուցելու պետք չունեք», բայց նա 14 տարի անց էլ չի համակերպվել իր պաշտոնի հետ: Մեր կյանքի նպատակը ներողամտությունն է, ներելով իրար՝ մենք կարող ենք իրապես հասնել քրիստոնեական հոգևոր վիճակի: Ընդհանուր առմամբ, Սփյուռքում, մասնավորապես Նիսում, նորագույն եկեղեցու պատմության մեջ երբևէ չեն ծագել խնդիրներ: Օրինակ՝ ինչպես վկայում են Նիսի կրոնական համայնքը և մեր նախկին ու ներկա վարչության անդամները, Նիսը օրինակելի գաղութ էր, խաղաղ և անգամ չկար կուսակցական տարաձայնություն նրանց միջև: Մարդիկ  իրենց ներդրմամբ այստեղ կառուցեցին եկեղեցի, որը գործեց և համախմբեց համայնքը, սա սփյուռքի ամենահին եկեղեցիներից մեկն է: Մի ընտանիք չկա, որ այս եկեղեցու միջոցով արարողություններ իրականացրած չլինի:

Համայնքն այսօր բաժանված է երկու մասի՝ 2009 –ին Հայ Առաքելական եկեղեցու ընդունած թեմերի և ծխերի վերաբերյալ նոր կանոնագրքի փոփոխության պատճառով: Եկեղեցու սահմանած նոր կանոնագրքի հանդեպ համայնքների դժգոհությունը մեծ է: Նախորդ տարի էլ կաթողիկոսին Նիսում դիմավորեցին ցուցապաստառներով՝ «Նիսի հայ եկեղեցու սպասավորները՝ զոհ կամայականության»: Խնդիրն ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի:

Այսօրվա խռովության, այլասերված վիճակի մեղավորը կաթողիկոսի կողմից պարտադրված նոր կանոնագիրքն է, որը նա Էջմիածնից հարկադրաբար պարտադրում է համայնքներին՝ ընդունելու եկեղեցու կառավարման իր ուզած ձևը, որը համահունչ չէ տվյալ երկրի, տվյալ պետության, տվյալ համայնքի սովորություններին: Այս քայլով նա հետամուտ է լինում միայն իր անձնական, նյութական շահերին, բնականաբար սա չի ընդունվում համայնքների կողմից, տեղի է ունենում շահերի բախում: Մեր շահը  հայապահպանությունն է, որ չփչանանք այստեղ, իսկ իր շահը նյութական շահն է, կալվածքները:

Կանոնագիրքը ի՞նչ սահմանափակումներ էր մցնում Նիսի եկեղեցու կյանքում:

Այստեղ նոր կանոնագիրքը չի ընդունվել, քանի որ այն հակասում էր Ֆրանսիայի  օրենսդրությանը և տեղի կրոնական համայնքի շահերին: Նոր կանոնագրքի համաձայն՝ ուզում էին ամբողջ ունեցվածքը, կալվածքները վերցնել իրենց ձեռքը, այսինքն՝ վաղը Գարեգին Բ-ն կարող է ասել, որ իրեն 150.000 եվրո է պետք, շտապ ուղարկեք Էջմիածին: Եվ այդ գումարները պետք է ծախսվեն ոչ նպատակային, այսինքն՝ չեն նպաստելու մեր հայապահպանման գործին և կրոնական համայնքի ամենօրյա աշխատանքներին: Նա փոխանակ Հայաստանի եկեղեցիների և վանքերի մասին մտածի (օրինակ՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ զրույցում նա ասել է՝ ես սարերում եղած վանքերի հետ գործ չունեմ, իսկ մենք գիտեnք՝ ինչքան պատմական բարձրարժեք վանք և եկեղեցի ունենք անմխիթար, անտերության մատնված, որոնք արդեն փլուզվում են), սփյուռքի եկեղեցիներն է կանոնակարգում: Սամվել Կարապետյանը վերջերս էլ ճիշտ դիտարկում արեց՝ ողբերգակատակերգական անվանելով կաթողիկոսի հետ իր հանդիպումը:

Քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները կառուցում են նոր եկեղեցիներ,  քանի որ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները լիքը փող ունեն, ուզում են եկեղեցու ճանապարհով այդ փողերը լվանալ, մաքրել: Այստեղ էլ կան շահեր, եթե չլինեին այդ շահերը, հին վանքերն ու եկեղեցիները կնորոգեին: Հարցը հասավ նրան, որ Գարեգին Բ-ն փաստաթուղթ ուղարկեց Նիս, որով եկեղեցին ոչ առաքելական հռչակեց: Ինչպես նրա անձնական որոշումը, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումներն այսօր լեգիտիմ չեն, այսինքն՝ խորհրդի ընդունած որոշումներն ապօրինի են: Պոլսո պատրիարքն այս կապակցությամբ  նույն վերը նշված նամակի մեջ գրում է. «Հանկարածակիի եկանք, երբ ստացանք ձեր կողմից ուղարկված եկեղեցու գերագույն  հոգևոր խորհրդի նոր ցանկը, քանի որ խորհրդի անդամներն ընտրվում են ազգային եկեղեցական ժողովի կողմից և ոչ թե նշանակվում են կաթողիկոսի կողմից»:

Ի դեպ, ասեմ, որ ՀՀ-ում սկսած 98-ից՝ բոլոր ընտրությունները՝ թե խորհդարանական, նախագահական և թե քաղաքապետի, բոլորը եղել են կեղծիքներով, ընդհուպ Գարեգին Բ-ի ընտրությունները, որոնց արդյունքները նույնպես կեղծվել են, եղել է ճնշումների արդյունքում, իշխանության միջամտությամբ, իսկ Ազգային եկեղեցական ժողովի պատգամավորներն ընտրվել են ոչ թե անկաշկանդ և անշահախնդիր մթնոլորտում, այլ ուղղակի պարտադրաբար մարդանց ստիպել են ընտրել քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին, մարզպետներին և միլպետներին, գողական, թաղային հեղինակություններին, որոնք որևէ կապ չունեն քրիստոնեական հավատքի և եկեղեցու հետ: Խոսքը Հայաստանի և նախկին Խորհրդային Միության տարածքի բոլոր այն կրոնական համայնքների մասին է, որտեղ կան հայկական եկեղեցիներ: Եվ, ի վերջո, ի՞նչ գործ ուներ այնտեղ ռուսական գեներալ: Իրականում կաթողիկոս էր ընտրվել Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, և եթե նա լիներ կաթողիկոս, մեր եկեղեցին կբարգավաճեր, սակայն միտումավոր չդարձրեցին, որպեսզի ընտանեկան եկեղեցի սարքեն:

Տեր-Սահակ, սակայն կարծես բոլորն են փաստում, որ ընտրական մեխանիզմների կեղծիքը դրվեց 96-ին:

Ես գտնում եմ, որ 98-ին տեղի ունեցան կեղծված ընտրություններ, 99-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում Ազգային ժողովի սպանդից հետո, երբ սպանեցին Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին և բոլոր ազնվագույն տղաներին:

Իրականում ինչպես իշխանությունն է ոչ ազգանպաստ գործառույթներ իրականացնում, այլ նաև եկեղեցին հլու-հնազանդ պարում է իշխանությունների դուդուկի տակ (չնայած սահմանադրորեն պետությունը անջատ է եկեղեցուց, բայց իրականում պետապարատի կցորդն է, քանի որ մտել է այս քաղաքական խաղի մեջ՝ 99-ից սկսած), եկեղեցին էլ իշխանության նման բրգաձև է՝ երկու եղբայր և մեկ քրոջ որդի կառավարում են ամբողջ եկեղեցին իրենց ուզածի պես:

Կաթողիկոսը մարտի 8 է շնորհավորում, բայց դա մեր ազգի համար խորթ տոն է, և քանի որ հիմնադիրը համայնավար Կլարա Ցետկինն է, այդ մարդը շնորհավորում է կանանց, իսկ տասը մայրերը, քույրերը, կանայք մնացին անմխիթար վիճակում, որովհետև իրենց եղբայրները, ամուսինները զոհ գնացին մարտի մեկի սպանդին, մեկ անգամ չմխիթարեց նրանց: Հայոց պետականության պատմության մեջ, անգամ խորհրդային տարիներին՝ ստալինյան ժամանակաշրջանում և դրանից հետո երբևէ Հայաստանում հայրենի իշխանությունը փողոցում խաղաղ ցուցարարներին չի գնդակոծել, սա պատմության մեջ առաջին դեպքն է, իսկ կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքեց կատարվածին: Նա մարտի մեկի զոհերի  կանանց անգամ մեկ անգամ չհրավիրեց իր մոտ, չայցելեց նրանց, հետամուտ չեղավ, որ այդ սպանությունները բացահայտվեն, ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ռեստորանային համալիրում այնքան ծեծեցին, որ մահացավ, բայց քանի որ կաթողիկոսը նույն այդ այդպիսի բարբարոս օլիգարխների հետ ուտում-խմում է, բնականաբար, ինչպե՞ս կարող է նրանց նախատել, երբ նրանց հետ եղբայրություն է անում: Նրանք, գցելով եկեղեցին խաղի մեջ, փաստորեն սպասարկում են ավազակապետական բրգաձև ռեժիմին, քանի որ երկուստեք վարժվել են այս վիճակին:

Հռոմի պապը հրաժարվում է իր թանկ մատանիից, լիմուզինից, հնարավո՞ր է՝ մեզ մոտ չկա հասարակություն -եկեղեցի կապ, քանի որ հասարակության և եկեղեցու միջև կա ակնհայտ սոցիալական անհավասարություն, ի նկատի ունեմ մեր հոգևորականների ճոխ կյանքը:

Այդ գումարը տալիս են հանցագործները, քրեական տարրերը, սա ժողովրդից գողացված և յուրացված գումարն է, այդ գումարներով նրանք կառուցում են եկեղեցիներ իրենց մեղքերի քավության և խղճի հանգստության համար, և Գարեգին Բ-ն այս մարդկանց  օրհնում է, սրբացնում, ազգի  հերոս է դարձնում, շքանշաններ բաժանում: Եկեղեցու վերնախավի մի ստվար զանգված շփացած, ցոփ ու շվայտ կյանքով է ապրում, իսկ իրենց խնկարկուները և շեփորահարները օգտվում են դրանից: Սրանք այն երիտասարդներն են, որոնց կաթողիկոսը ուղարկում է արտերկրներ (յուղոտ տեղեր), նրանք իրենց համարում են կաթողիկոսի զինվորներ:

Պետք է նշել, որ հոգևորականների մեջ էլ կա աղքատ զանգված, մարզերում, գյուղերում ո՞վ է մտածում այդ հոգևորականների մասին: Հոգևորականները գյուղերում շատ թշվառ են ապրում, նրանք համեստ հոգևորականներ են, իրենց ծառայության, իրենց կոչման մեջ են, իսկ լավ, եկամտաբեր տեղեր գնում են իրենց հավաքագրած շրջանակները, երիտասարդները, ինչպես իրենք են ամեն տեղ գնալուց ասում՝ կաթողիկոսի զինվորներն են: Սակայն հայ եկեղեցու պատմության մեջ երբեք կաթողիկոսը զինվորներ չի ունենում: Նա, ով հրաժարվում է զինվորի դերը ստանձնել, կարգալույծ է լինում: Նա առաջին օրվանից սկսեց կարգալուծության սև գործն անել, հենց առաջին օրը մենք ունենք կարգալույծ հոգևորական: Իսկ ինչու գյուղերում նման խնդիր չկա, քանի որ ուզում է տնօրինել ֆինանսականին, գույքին, կալվածքին, իսկ գյուղերում նման խնդիր չկա, որովհետև այնտեղ իր համար շահ չկա: Պալատներ կառուցողը նախ պետք է մտածի եկեղեցիները կարգի բերելու մասին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը նշել է, որ անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը:  Ձեր կարծիքը հետընտրական զարգացումների վերաբերյալ:

Այս ընտրությունները, ինչպես Հայաստանի բոլոր ընտրությունները, կեղծվել են, որովհետև Սերժ Սարգսյանի օգտին «քվեարկել» են մեռելները և Հայաստանից դուրս գտնվողները (անկախ իրենց կամքից), նա մեռելների և Հայաստանից դուրս գտվողների նախագահն է: Այս ընտրությունները, ինչպես նախորդ բոլոր  ընտրություններն, անց են կացվել վարչական ռեսուրսի կիրառմամբ, ընտրակաշառքով, սպառնալիքով, կեղծիքով և քրեական տարրերի աջակցությամբ: Ինքս 2008-ին գտնվելով Հայաստանում՝ ականատես եմ եղել, թե ինչպես հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը և թե ինչ մթնոլորտ էր երկրում, ընտրատեղամասերում ծեծում էին լրագրողների, վստահված անձանց և այլն: 2008-ին հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը, 2003-ին չի ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, հաղթել է Ստեփան Դեմիրճյանը, 98-ին՝ Կարեն Դեմիրճյանը, 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես միշտ, այս անգամ էլ ժողովուրդն ընդվզել է և ունի դրա իրավունքը, քանի որ նորմալ երկիր են ուզում ունենալ: Փոխանակ Գարեգին Բ-ն ժողովրդի կողքին կանգներ հետընտրական զարգացումների ժամանակ, նա երբեք չի  կանգնել ժողովրդի կողքին և հերթական անգամ, ինչպես հայտարարեց հանրահավաքին  Րաֆֆի Հովհաննիսյանը, ապրիլի 9-ին  պղծելու է Սուրբ գիրքը:

Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված հոգևորականները միավորվել են, առաջին ժողովն արդեն գումարել են: Երկրորդը ե՞րբ  է նախատեսվում:

Առաջին ժողովը հիմնադիր ժողովն էր, հիմա պետք է շարունակենք այդ ժողովները: Մեր կարգախոսը մեր անդրանիկ ժողովին հնչեցրինք՝ մենք պետք է ստեղծենք հակակշիռ, որպեսզի վերականգնենք եկեղեցում օրինականությունը և արդարությունը, և երկրորդ՝ Հայաստանի և սփյուռքի լայն զանգվածների հրավիրենք եկեղեցի՝ հավատքի՝ թե Հայաստանում, թե Արցախում, թե սփյուռքում, որպեսզի չհեռանան մայր եկեղեցուց: Ոչ միայն կրոնավորներս պետք է համախմվենք, այլ նաև աշխարհականները, մարդիկ, ովքեր կցանկանան աջակցություն բերեն այդ շարժմանը, նաև գործարար մարդկանց, որպեսզի կարողանանք մեր ցանկություններն իրականացնել: Հաջորդ ժողովին մասնակցություն պետք է բերեն հինգ գործող եպիսկոպոսներ, որոնց անունը բնականաբար իրավունք չունեմ տալու, և շուրջ տասը գործող կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ: 24 հոգի ունեինք առաջին ժողովին, հիմա հուսով եմ, նրանց թիվը կկրկնապատկվի: Քանի որ ոչ մի կարգալույծ եղած հոգևորականի համար չի  կարող փաստարկ բերել և հիմնավորել՝ ինչով է պայմանավորված 100-ից ավելի կարգալույծների հեռացումը: Օրինակ բերեմ՝ երբ Տիրան սրբազանին կարգալույծ արեց, ժողովուրդն ընդվզեց, իսկ նրա Եզրաս եղբայրն ասաց, որ սուրբ հոգու թելադրանքով է այդ որոշումը Գարեգին Բ-ն կայացրել: Ի դեպ, որոշ հավաստի աղբյուրներից լուր ունեմ, որ Տիրան սրբազանի առաջնորդության օրոք առաջնորդարանում տեղադրված էր տեսախցիկ և կան ձայնագրություններ և ժապավեններ այն հյուրերի մասին, որոնք հյուրընկալվել են (գիշերել են): Ժամանակն է, որ մեր հանրությունը արթնանա և իրեն հարց տա՝ ուր է տանում այս ժողովրդին և ընդհանրապես ուր է գնում այս երկիրը և եկեղեցին: