ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը նշանակվեց Սեւանում ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  նախագահ  նշանակվեց  ՀՀ  Նախագահի  գլխավոր  խորհրդական Արամ Ղարաբյանը, տեղեկացնում է Էկոլուրը: Գործադիրն այս որոշումն ընդունեց մարտի 6-ին` փոփոխություններ եւ լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N1442-Ն որոշման մեջ: Նշենք, որ N1442-Ն որոշմամբ ՀՀ Նախագահի գլխավոր  խորհրդական Արամ  Ղարաբյանը  վերոնշյալ  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էր:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագրով մինչև 2023թ-ը նախատեսվում է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը Սևանա լճում հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի, ինչի համար տարեկան լիճ պետք է լցվի նաև 50 000 տոննա ֆոսֆոր և ազոտ պարունակող արհեստականկեր: Ծրագիրն այժմ անցնում է տնտեսաան եւ բնապահպանական փորձաքննություն: