ՄԵՋՔՈՎ ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏԸ

Ինչպես նշում են Հայաստանում անշարժ գույքի գործակալությունները, որոնց մի մասի ներկայացուցիչների հետ զրուցել էր Lragir.am-ի թղթակիցը, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացին զուգահեռ աճում է Հայաստանի անշարժ գույքի շուկայով հետաքրքրվող թուրքերի քանակը, որոնք ցանկանում են Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք:
 
Դա բավական հետաքրքրական տեղեկատվություն է եւ թերեւս կարող է լինել հայ-թուրքական հարաբերության տնտեսական էֆեկտի առաջին ապացույցը: Բանն այն է, որ թուրքերը կարող են աշխուժացնել Հայաստանի անշարժ գույքի շուկայի մեռյալ վիճակը: Այդ մեռյալ վիճակը պայմանավորված էր նրանով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա հանգեցրեց թե կապիտալ շինարարության, թե հիպոթեկային վարկավորման ճգնաժամի: Իսկ դրանից էլ բացի, երեւի թե այն բոլոր սփյուռքահայերը, որոնք ցանկություն ունեին տուն գնել Հայաստանում, արդեն իսկ գնել են եւ արդեն որեւէ բնակարան չի մնացել, որից կերեւա Արարատը:
 
Հիմա թերեւս եկել է Արարատին “չնայող” բնակարանները վաճառելու ժամանակը: Կասկած չկա, որ թուրքերին կհետաքրքրեն հենց այդպիսի բնակարանները: Իսկ եթե նույնիսկ համարենք, որ թուրքերն էլ կցանկանան գնել բնակարաններ, որոնք “կնայեն” Արարատին (չէ որ կարող են լինել ճաշակով թուրքեր, իսկ բացի այդ էլ թուրքերի մի զգալի մասի արմատները հայկական են ու առնվազն ենթագիտակցությունը կարող է իր դերը կատարել), ապա միեւնույն է, Արարատին չնայող բնակարանները կրկին կվաճառվեն: Բացատրեմ, թե ինչպես:
 
Բանն այն է, որ եթե պարզ դառնա, որ թուրքերը Հայաստանում ուզում են բնակարան գնել, այն էլ այնպիսի բնակարան, որից կերեւա Արարատը, մինչ այդ Արարատին “նայող” բնակարաններ գնած սփյուռքահայերի համար դա կարող է իսկական շոկ լինել: Բնականաբար նրանք չեն հանդուրժի, որ նույն բնակարանային ճաշակն ունենան թուրքերի հետ: Այդ իսկ պատճառով, շատ հավանական է, որ Արարատին “նայող” բնակարան գնած սփյուռքահայերը նմանատիպ բնակարան գնելու ցանկություն ունեցող թուրքերի ինադու, որպեսզի չլինեն նրանց հետ համաճաշակ, կսկսեն վաճառել իրենց գնած բնակարանները եւ գնել բնակարաններ, որոնցից Արարատը չի երեւում:
 
Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունն առնվազն կփրկի Հայաստանի անշարժ գույքի շուկան, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ կանդրադառնա ամբողջ տնտեսության վրա: Իսկ թերահավատները կարծում են, որ տնտեսական էֆեկտի մասին իշխանության հավաստիացումները արհեստածին են: Դրանք միանգամայն իրատեսական են. ընդամենը մի անշարժ գույքի ոլորտի համատեքստում մենք տեսանք, թե ինչ մեծ պոտենցիալ ունի հայ-թուրքական հարաբերությունը:
 
Իսկ հետո թուրքերն իրենց գնած բնակարանները վարձով կտան բնակարանի կարիք ունեցող հայաստանցիներին, որոնք բնականաբար չեն կարող իրենք ձեռք բերել բնակարան, քանի որ նախ հայ-թուրքական բարեկամության տեսանկյունից գեղեցիկ չի ստացվի, եթե մենք ոչ թե թուրքերին թույլ տանք բնակարան գնել, այլ մենք գնենք բնակարանները: Իսկ դրանից բացի էլ, բնակարանների գներն այնպես կաճեն, որ Հայաստանի քաղաքացիները երազում անգամ չեն կարող մրցակցել թուրքերի հետ բնակարան գնելու հարցում: Կմնա միայն թուրքերից բնակարան վարձելը: Բայց դա էլ կլինի դրական շարժ: Թուրքերը հայաստանցիներին ավելի էժան կտան բնակարանը վարձով, քան թե կտային կամ տալիս են հայաստանցի բնակարանատերերն իրենց հայրենակիցներին: Թուրքերը էժան տվող են, “թանկաբազար” չեն, ինչպես հիշատակում են տարեց հայաստանցիները խորհրդային տարիներից, երբ Հայաստանի շուկաներում առեւտուր անող հայաստանաբնակ ադրբեջանցիները բավական էժան էին վաճառում իրենց գյուղմթերքը, քան հայ գյուղացիները:
 
Այնպես որ, թուրքերի գալով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում բնակարանների գները կթանկանան, բայց փոխարենը մեծ հավանականություն կա, որ կէժանանան վարձով տրվող բնակարանները: Թեեւ կա իհարկե մի լուրջ խնդիր: Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերության այդօրինակ ջերմացման հետեւանքը գուցե լինի այն, որ Հայաստանում կգա մի ժամանակ, երբ բնակարան թե վաճառողները, թե գնողները, թե վարձողները կարող են լինել առավելապես թուրքեր:
 
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ