Կարեւոր իրազեկում վերջին մեկ ամսում տուգանք ունեցող վարորդների համար

    • Տեսանյութ - 16 Մայիսի 2018, 14:25

Բոլոր վարորդները, ովքեր տուգանքների մասով 30 օրից ավելի անպատասխան մնացած դիմումներ ունեն, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 46 և 48 հոդվածների համաձայն՝ կարող են դիմել Ճանապարհային ոստիկանություն և պահանջել դիմումում մատնանշված պահանջը համարել կատարված: Այս մասին վարորդներին իրազեկում է  ԳԱԱ իրավագետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով վերջին մեկ ամսվա զարգացումները:

“Վերջին մեկ ամսվա ներքաղաքական զարգացումների ֆոնին համաձայնեցված էր, որ վարորդներին չպետք է տուգանեին: Բայց այդ օրերին ակտեր են ստացվել, ապրիլի 14-ով ակտ կա, ապրիլի 20-ով, 25-ով ակտեր կան: Օրենքն ասում է՝ եթե վերադասության բողոքով 30 օր հետո պատասխան չի ստացվել՝ կամ բավարարել, կամ մերժել, ապա վարչական ակտը համարվում է ընդունված: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում ՃՈ-ն կամ չի հասցրել, կամ հանձնարարություն է ունեցել այդ ակտերով չզբաղվելու, հետևաբար 100 հազարավոր անպատասխան դիմումներ են հիմա իրենց մոտ գտնվում: Հորդորում եմ մարդկանց դիմումներով գրոհել ՃՈ, ասել, որ օրենքի ուժով իրենց դիմումը, որով պահանջում են անվավեր ճանաչել ակտը, համարվում է ընդունված: Հետևաբար, տուգանքն արդեն չեղարկված է, քանի որ 30 օրվա ընթացքում չեն հասցրել պատասխանել”,- Lragir.am-ին ասում է  Տիգրան Սարգսյանը:

Մասնագետն անդրադառնում է նաև ակտերի համաներման խնդրին: Կառավարության փոփոխությունից հետո վարորդները պահանջներ են ներկայացնում, որ ակտերը պետք է չեղյալ արվեն: Տիգրան Սարգսյանն ասում է, որ բոլոր ակտերը համաներելը և լավ է, և վատ: Լավ է այն առումով, որ մարդիկ անտեղի չեն տուգանվի, իսկ դատական գործերի 90 տոկոսը ցույց են տալիս, որ մարդիկ հենց անտեղի են տուգանվում: Վատ է այն առումով, որ պետք է դիտարկել խնդրի երկրորդ կողմը՝ գիտակցված խախտում արած ու դիմացինի կյանքը վտանգած վարորդները պետք է պատժվեն:

“Օրենքը պետք է կիրառվի, իրավակիրառ պրակտիկան է կարևոր: Եթե ստացվի այնպես անել, որ համաներմամբ նվազ նշանակությամբ ու թույլ խախտումները ներվեն, դա լավ է”,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հետագայում ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին, իրավագետն ասում է, որ գործող օրենքները թերի են, երկիմաստ, պետք է բարելավել օրենսդրական դաշտը:

“Օրենքներում պետք է հստակություն մտցվի, քաղաքացիների շահն ապահովող նորմեր պետք է սահմանվեն: Պետք է նաև ոլորտում իսպառ վերացվի կոռուպցիան”,- հավելեց նա:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը