Դելֆինարիումներ՝ ժամա՞նց, թե դաժան բիզնես

    • Տեսանյութ - 04 Դեկտեմբերի 2017, 17:52

«Կոմունա»-ն նախորդ շաբաթ վավերագրական ֆիլմի ցուցադրության էր հրավիրել, որտեղ ներկայացվեց Ազատ ծնվածները դոկումենտալ ֆիլմը, որի համահեղինակը և  վավերագրողը   Գայանե  Պետրոսյանն է:

Ֆիլմը Հայաստանում ակտուալ է հատկապես վերջերս Դիլիջանի Բեստ Վեստերն Փարադայս հյուրանոցում բացված դելֆինարիումի համատեքստում, երբ բանտարկված դելֆինները ներկայացվում են որպես «թերապիայի» միջոց։ Դելֆինների բիզնեսի դեմ սկսվել է ստորագրահավաք, իսկ նրանց բանտարկությունը Հայաստանում անհանգստացրել է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ անգլիական Դեյլի Մեյլ պարբերականը իր հոդվածում գրել է դելֆիններին ազատելու միջազգային մտադրությունների մասին։

Դելֆիններին շահագործման ենթարկելու ողջ պատմությունը ներկայացված է Գայանե Պետրոսյանի ֆիլմում:

Ֆիլմը  նկարահանվել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝  սկսած Սև ծովից առափնյա քաղաքներից՝ մինչև  Վլադիվոստոկ: Ֆիլմում բացահայտվել են դելֆինների և բելուգաների վաճառքի պոտենցիալ պատվիրատուներին: Ֆիլմը պատմում է, թե ինչ ճանապարհ է անցնում դելֆինը, մինչև հասնում է պատվիրատուին և  նախապատրաստվում շոու ծրագրերի: Այն, ինչ մենք բեմի վրա տեսնում ենք, գեղեցիկ, զվարճալի ծրագիր է, որի հետևում թաքնված են մեծ փողերը և կենդանիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը:

Ռուսաստանի Վլադիկվոստոկ քաղաքին հարակից  գյուղում, որը կոչվում է Չկալովկա, հիմնական որսի հասցեն է, որտեղ բռնում են ծովային կենդանիներին, տեղափոխում և պահում  նեղ, որևէ միջազգային ստանդարտի չհամապատասխանող անմարդկային պայմաններում: Տեղափոխման ճանապարհին կենդանիները վնասվում են, որոշները սատկում են և գյուղի  օվկիանոսի հարակից ափերը  վերածվում են  ծովային կենդանիների գերեզմանոցի:

Ֆիլմում օգտագործված տեսանյութերը հիմնականում նկարել են համահեղինակները կամ նրանց տրամադրել են սրտացավ մարդիկ, ովքեր ականատես են եղել կենդանիների որսին:

Ֆիլմում հատկանշական է և կարևոր ամերիկյան նախադեպը , երբ  բնապահպանական խմբերը դատական գործ են  սկսել դելֆինարիումի նկատմամբ, որը պատրաստվում էր գնել 18 դելֆին: Գայանե Պետրոսյանն ասում է, որ սպիտակ կետերը 70 հազար դոլար արժեին, այժմ նրանց գինն իջել է 30 հազար, իսկ կետադելֆինների (косатка) գինը հասնում է 6-7 մլն դոլարի: Ամերիկյան կողմի առքուվաճառքի պատմությունը  ողբերգական ավարտ ունի,  նեղ, անհարմար լողավազանների մեջ պահվող 18 ծովային կենդանիների առք ու վաճառքը դատական գործի  պատճառով հետաձգվելուց հետո  կենդանիներից մեկը հարձակում էր գործել մյուսների վրա, 13 դելֆինի սպանել էր: Ծովային կենդանիների լավագույն ապրելավայրն է հենց օվկիանոսը կամ ծովը, որևէ միջազգային ստանդարտով կառուցված լողավազան չի կարող փոխարինել նրանց բնական ապրելավայրին: Ֆիլմում  նկարահանված մասնագետների կարծիքով այս կենդանիները ապրում են  ընտանիքի մոդելով, որը բաղկացած են մի քանի  խմբերից, նրանց մեկուսացումը շատ ծանր  հետևանքներ է թողնում կենդանիների վրա:

Ֆիլմում կարևորագույն խնդիրներ են բարձրաձայնվում, օրինակ դելֆինաթերապիան, որը հիմնական գովազդի  մեխն է, որտեղ  հրավիրում են հաշմանդամություն ունեցող երեխաներին  բուժելու: Գայանե Պետրոսյանը նշում է, որ այն լողավազանը որտեղ պահվում են կենդանիները, բարձ քլորով և դելֆիննների կամ բելուգայի արտաթորանքի միախառնույթ է, այդ ջրի մեջ իջեցնում են հիվանդ երեխաներին՝ անունը դնելով դելֆինաթերապիա: Պետք է նշել նման սթրեսի ենթարկված կենդանիները հենց իրենք ունեն օգնության կարիք, նրանցից շատերը հիվանդություններ տարածող են, նրանց մաշկը երբեմն այրված է: Սա մեծ խաբեություն է, որով  կազմակերպիչները փող են աշխատում:

Նշենք, որ Հայաստանն անմասն չի մնում այս վայրի բիզնեսից: Դիլիջան Բեստ վեսթերն Փարադայս  հյուրանոցը  նախատեսում է  դելֆիններ բերել և դելֆինաթերապիայի գովազդ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: Դեյլի մեյլիի հրապարակումից հետո հյուրանոցային համալիրը ժխտում է իր մասնակցությունը այդ հանցագործությանը՝ ասելով, որ  կապ չունեն, դա պարզապես իրենց հարակից տարածքում է, այլ հասցեով է գրանցված, մինչդեռ ներմուծման փստաթղթերում  հենց հյուրանոցի հասցեն է նշված:

Հիշենք Երևանի Նեմո դելֆինարիումի պատմությունը:

Բնապահպանության նախարարությունից «Հետք»-ի ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ 4 դելֆիններն ու 2 փոկերը ուղարկվել են Ռուսաստան՝ «Էկոլոգիչեսկի ցենտր» ընկերությանը:

Փաստաթուղթը վկայում է, որ բոլոր 6 կենդանիներին որսացել են. դելֆինները ծնվել են Ճապոնիայում, փոկերը՝ Ուրուգվայում, բայց բոլորը Հայաստան են բերվել Ուկրաինայից: «Այնուամենայնիվ, «Դելֆինարի-Նեմո»-ն կենդանիներ է արտահանել նույնիսկ դելֆինարիումի փակման հաջորդ տարում՝ 2013-ին: Բնապահպանության նախարարության տրամադրած թույլտվության համաձայն՝ ընկերությունը Կատար է արտահանել կրկին 6 կենդանի՝ 4 դելֆին և 2 փոկ: Հաշվի առնելով, որ փոկերի նախկին թույլտվությունների համարները համընկնում են, կարելի է ենթադրել, որ դրանք Հայաստանից Ռուսաստան ուղարկված կենդանիներն են: Նկատենք, որ վտանգված կենդանիների նման շարժը հատուկ է Հայաստանին, որը հաճախ գործում է իբրև տարանցիկ երկիր տարածաշրջանի այլ երկրների միջև»:

 Հ.Գ. Ազատ ծնվածները ֆիլմը չկա համացանցում, ֆիլմը մասնակցում է փառատոնների:

Ամենաընթերցվածը