Մարինա Պողոսյանի բացահայտած փողերի լվացումը և նրա նկատմամբ հարուցված քրեական գործը

    • Տեսանյութ - 13 Նոյեմբերի 2017, 16:58

Վելես իրավապաշտպանական ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որտեղ նա մեղադրվում է ուրիշի գույքը օտարելու մեջ: Գործը հարուցվել է կանադահայ Արփի Մերասի Աշոտ Կարապետյանին ուղղված հաղորդում հանցագործության մասին փաստաթղթի հիման վրա, որի բնօրինակը չկա: 2015 թվականին Մարինա Պողոսյանը բացահայտել էր խոշոր փողերի լվացման, հողի օտարման հանցագործություն, որի բարձրաձայնումից հետո նրա նկատմամբ կազմակերպվել է քրեական հետապնդում:

Դատարանին ներկայացված փաստաթղթերի շարքում բացակայում են Արփի Մերասի կողմից փաստաթղթերի բնօրինակները, ստորագրությունների համեմատության մեջ կան նկատելի տարբերություններ, դատարանը հրաժարվել է այս գործով ձեռագրաբանական փորձաքննություն նշանակելուց: Հանցանքը, որի մեջ մեղադրվում է Մարինա Պողոսյանը, բնակարանի գույքի առք ու վաճառքի խրթին մի պատմություն է, որտեղ նրա ընտանիքի բարեկամ Արփի Մերասը տվել է Մարինային լիազորագիր՝ բնակարան գնելու, վաճառելու մասին:

Վերջերս դատարանից բազմաթիվ գրություններից և պահանջներից հետո Մարինա Պողոսյանին և իր փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանին, Նինա Կարապետյանցին հաջողվել է ստանալ մի փաստաթուղթ, որտեղ առկա է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի՝ դատարանին ներկայացված միջնորդություն Մարինա Պողոսյանի բնակարանում ներքին դիտում անցկացնելու վերաբերյալ: Հունան Պողոսյանը արդեն ապացուցված է համարել Մարինա Պողոսյանի մեղքը և որակել գործողությունը հանցագործություն՝ խախտելով նրա անմեղության կանխավարկածը:

Նշենք նաև, որ ոստիկանությունը առանց Մարինայի իմացության մուտք է գործել նրա բնակարան և իրականացրել ներքին դիտում: Իրավապաշտպանը համոզված է , որ դա փողերի լվացման հետ կապված իր բացահայտման պատճառով է արվել, որպեսզի պարզեն, թե որքան տեղեկատվության է տիրապետում նա:

Ոստիկանության մեկ այլ գրությամբ պատասխան է ստացվել, որ որևէ ներքին դիտում չի իրականացվել Մարինա Պողոսյանի տանը: Առկա է հակասություն, իրավապաշտպանը հարց է բարձրացնում, թե Հունան Պողոսյանը որ երկրի ոստիկանությունն է ներկայացնում:

Փաստաթղթերին և քրեական գործի նախապատմությանը կարող եք հետևել տեսանյութում:

Ամենաընթերցվածը