Ինչ խնդիրներ կստեղծվեն բնական մոնոպոլիստների համար ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո

  • Տեսանյութ - 11 Նոյեմբերի 2017, 22:11

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր տեղի ունեցած քննարկմանն ասել է, որ մեծ ակնկալիքներ չունի ԵՄ -ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո:

«Այս համաձայնագիրը մի կողմից ամեն ինչ է տալիս Հայաստանին, մյուս կողմից՝ ոչինչ: Ինչու՞: Փորձն է ցույց տալիս, համագործակցության հիմքում դրված փոփոխությունների առկայությունը ստիպում է իշխանություններին մշտապես գնալ իրական բարեփոխումների: Այստեղ չեմ տեսնում պայմանականության սկզբունքը: Չեմ տեսնում լծակներ, որոնք պայմանականության սկզբունքի համաձայն կստիպեն իշխանություններին գնալ զիջումների: Փոփոխությունների համար պետք է եվրոպական կապիտալը մտնի Հայաստան: Այստեղ շատ կարևոր է, թե որ ուժն է ստանձնում քաղաքական պատասխանատվություն համաձայնագրի կետերը կատարելու, պահպանելու համար»:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հակադարձեց, որ փոփոխությունները շատ մեծ են: «Սա ակնհայտ թարմացված փաստաթուղթ է: Երկու բան, որ չարժե անել, դա հակադրելն է ԵԱՏՄ-ին ԵՄ -ի համաձայնագիրը, առավել ևս հակադրել Ռուսաստանին»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը հիշեց 4 տարի առաջ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու նախապատմությունը:

"Այն ժամանակ կար շատ խորը դեպրեսիվ տրամադրություն, հիասթափություն: Հայաստանը այնպիսի քայլ էր արել այդ օրերին, որին ոչ մեկ չէր սպասում, Հայաստանը մինչև վերջին րոպեն բանակցում էր Եվրասոցացման համաձայնագրի շուրջ, որտեղ կար խորը և համապարփակ առևտրի համաձայնագիր: Հայաստանը շատ լավ գիտեր, որ դրանք անհամատեղելի են: 2017 թվականի ընտրությունները և դրան նախորդող ՏԻՄ ընտրությունները կարող էին ընդհանրապես այլ ընտրություններ լինել, եթե 2013- ին Հայաստանը ստորագրեր ԵՄ համաձայանագիրը: Այն երկրներում, որոնց հետ համեմատականներ են տարվում, արդյոք ընտրություններն անցել են ինչպես Հայաստանում: Այնտեղ նո՞ւյնպես զանգվածային ընտրակաշառք է բաժանվել: Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում շատ խայտառակ վիճակում է գտնվում, ոստիկանական բռնությունների, լրագրողների նկատմամբ բռնությունների և դրանց բացահայտումների հետ կապված խայտառակ վիճակում է գտնվում":

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը անդրադարձավ ԵՄ և ԵԱՏՄ համաձայնագրերի միջև եղած հակասություններին: Նա նշեց, որ բնական մոնոպոլիաների դեմ պայքարը կարող է ջղայանացնել  ռուսական կապիտալին, եթե օրինակ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում փորձենք պայքարել Գազպրոմի, Հայռուսգազարտի, երկաթգծի կամ ՀԷՑ -ի դեմ:  "Հուսով եմ, ՀՀԿ-ի և ԵՄ -ի համատեղ ուժերով  այդ հարցերը կլուծվեն":

Քննարկմանը կարող եք հետևել տեսանյութում

Ամենաընթերցվածը