Ինչո՞ւ են քաղաքացիները նույն խախտման համար բազմիցս տուգանվում

    • Տեսանյութ - 07 Սեպտեմբերի 2017, 23:13

Հայասանում տեսախցիկներով արձանագրված խախտումները մի քանի անգամ ավելի քիչ կլինեին, եթե Ճանապարհային ոստիկանությունը գործեր արագ կամ խախտումների արձանագրման համակարգն ավելի արդյունավետ գործեր՝ միտված լինելով կանխարգելմանը: Lragir.am-ի հետ զրույցում այս խնդրին անդրադառնում է «Քաղաքացի-Հարկատու-Բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխտնօրեն Էդուարդ Բադալյանը՝ ներկայացնելով օրինակներ: Քաղաքացին 10 օրվա ընթացքում տուգանվել է 4 անգամ միևնույն վայրում միևնույն խախտման համար՝ չիմանալով, որ դա խախտում է: Ըստ մասնագետի՝ բոլորս հասկանում ենք, որ եթե գործ ունենք ադեկվատ մարդու հետ, ապա մեկ անգամ տուգանվելուց հետո մարդը միևնույն տեսակի խախտումը միևնույն վայրում երկրորդ անգամ չի կատարի: Բայց նման խնդիրներ են առաջանում, քանի որ Ճանապարհային ոստիկանությունը դանդաղ է գործում:

«Տեսախցիկներով արձանագրվող խախտումների մասով նախ 15 օրվա ընթացում ըստ օրենքի պարզում են իրավախախտման հատկանիշները: Հետո ճանապարհային ոստիկանությունն ունի երկու օր ակտի ընդունման համար, որից հետո ունի ևս երեք օր, որպեսզի տուգանքը հանձնի հասցեատիրոջը: Բացի այդ, ճանապարհային ոստիկանությունը գրեթե միշտ այս ժամկետները խախտում է, մարդիկ տուգանքների մասին իրազեկումն ստանում են խախտումներ կատարելուց 1.5-2 ամիս հետո: Եվ փաստացի անձը տեղյակ չի լինում, որ տվյալ հատվածում իր կողմից վարման ձևը դիտարկվել է որպես խախտում: Եվ եթե խախտման վայրը մարդու աշխատանքի գնալու ճանապարհին է, փաստորեն կրկնվելու է ամեն օր»,- ասաց մասնագետը:

Էդուարդ Բադալյանի խոսքով՝ եթե առաջին խախտման դեպքում Ճանապարհային ոստիկանությունը մի քիչ արագ գործի, եթե իրենց աշխատանքը միտված լիներ կանխարգելմանն ու զգուշացմանը, թերևս նման դեպքեր չէինք ունենա: Նմանատիպ դեպքեր արձանագրվում են նաև կայանման ժամանակ, երբ անձը չգիտի, որ տվյալ վայրում կայանել չի կարելի, բայց կայանում է: Եվ ստացվում է, որ մարդն առանց իմանալու օրեր շարունակ կարող է խախտում թույլ տալ:

«Արդյունավետ կլինի, որ մինչև ակտի կայացման փուլը ներդրվի ինչ-որ ծանուցման եղանակ կամ օրեսդրական լուծում տրվի հարցին: Այլ հարց է, եթե տեղեկանալուց հետո մարդը նորից կրկնի այդ խախտումը, այդ դեպքում արդեն նորից տուգանելը արդարացված կլինի»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ նմանօրինակ դեպքերից կարող ենք եզրակացնել, որ Ճանապարահային ոստիկանության և իրավասու մյուս մարմինների նպատակը ոչ թե կանխարգելիչ աշխատանք տանելն է, որպեսզի մարդիկ խախտում չանեն, այլ ամեն գնով փորձում են մարդկանցից գումար գանձել ու բյուջե լցնել:

«Հաշվի առնելով Հայաստանում տեսախցիկներով արձանագրված տուգանքների թվաքականը, կարող ենք նման պնդում անել: Մենք դիտարկել ենք տուգանքների որոշումների համարները: Տեսախցիկներով ու արագաչափերով տարեկան կազմվում է մոտ 800 հազար հատ վարչական ակտ: Մեր երկրում 300-400 հազար վարորդ ու տրանսպորտային միջոցի սեփականատեր կա: Ստացվում է, որ յուրաքանչյուր վարորդ ու սեփականատեր տարեկան միջինը տուգանվում է երկու անգամ, հնարավոր է նույնիսկ ավելի: Ես չեմ մտածում, որ մեր վարորդները համատարած օրինախախտներ են: Խախտումների արձանագրման այս քանակը հուշում է այն մասին, որ այստեղ ավելի շատ գումարային ցուցանիշներն են կարևոր, քան դրանց արդյունքը: Մյուս կողմից մենք արդյո՞ք տեսնում են, որ այս համակարգի ներդրման արդյունքում մեր քաղաքում այս մի քանի տարիների ընթացքում երթևեկությունը բարելավվել է: Իմ կարծիքով՝ ոչ այնքան»,- ասաց մասնագետը:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը