Սոթքը մեծ բյուջե ունի, գյուղին ձեռնտու չէ խոշորացումը

    • Տեսանյութ - 13 Հուլիսի 2017, 22:35

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը մարզի եզակի գյուղերից է, որտեղից արտագաղթ գրեթե չկա. տարեկան մի քանի տղամարդ են այստեղից մեկնում արտագնա աշխատանքի: Այս տեղեկությունը հաստատում են և՛ գյուղապետը, և՛ գյուղացիները:

Գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը գյուղ այցելած լրագրողներին թվարկում է, թե ինչու մարդիկ չեն գնում և ինչ աշխատատեղեր կան գյուղում: Գյուղացիներն աշխատում են Սոթքի ոսկու հանքում, զորամասում, հրաձգարանում, դպրոցում, գյուղապետարանում:

Ըստ գյուղապետի՝ 270 ընտանիքներից մոտ 150-ն այսօր այս հաստատությունների շնորհիվ աշխատանքով ապահովված են, մնացածն էլ անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում:

Ոսկու հանքի կողմից համայնքին հատկացվող հողի հարկի գումարները 2011 թվականից Սոթքի գյուղապետարանն է տնօրինում: Գյուղացիներն ասում են, որ հանքավայրի շահագործումն իրենց առողջության վրա բացասական ազդեցություն ունի, թույն են շնչում ու գլխացավեր ունեն, բայց գոնե գոհ են, որ համայնքն  այդ գումարի շնորհիվ զարգանում է:

Գյուղապետի խոսքով՝ համայնքի բյուջեն մեծ է՝ տարեկան 110 մլն դրամ, որից 66 մլն-ը Սոթքի ոսկու հանքը շահագործող  «Գեո Պրո Մայնինգ» ընկերությունն է վճարում՝ որպես հողի հարկ: Ընկերությունը կառավարության միջոցով նաև բնապահպանական վճար է տալիս գյուղին, օրինակ, նախորդ տարի այդ նպատակով կառավարությունը ևս 10 մլն դրամ է տվել Սոթքին: Այս գումարով, ըստ գյուղապետի ու գյուղացիների, գյուղի խնդիրներ են լուծում՝ արդեն խմելու ջուր ունեն, մանկապարտեզն են վերանորոգում, զբոսայգի են կառուցել, բայց դեռևս անլուծելի է ոռոգման ջրի խնդիրը:

«Սոթքը լավ վիճակում է, շատերը նախանձում են մեզ: Շվեյցարիայի հետ չենք համեմատվում, Վարդենիսի տարածաշրջանի մյուս գյուղերի հետ ենք համեմատվում»,- ասում է գյուղապետը: Գյուղացիները ևս գովում են գյուղապետի արած աշխատանքը, բայց միաժամանակ դժգոհում են Սոթքի կյանքից: Հատկապես եղանակային վատ պայմանները հոգնեցրել են գյուղացիներին, հող մշակելու հույս չեն տալիս:

Այստեղ գյուղապետն ու բնակիչները վերջին ամիսներին մտահոգված են համայնքների խոշորցման ծրագրով, որով Սոթքը միավորվելու է հարևան 17 գյուղերի հետ: Նոյեմբերի 5-ին կանցկացվի համայնքապետի ընտրություն, խոշորացված համայնքի կենտրոն է դառնալու Մեծ Մասրիկը: Սոթքի բնակիչներն անգամ բողոքի ակցիաներ էին արել:

Գյուղապետի խոսքով՝ իրենց ձեռնտու չէ միավորվելը, քանի որ Սոթքի բյուջեն հարևան 7-10 գյուղերի ընդհանուր բյուջեի չափ է: Ըստ նրա՝ միավորումը պետք է լինի փոքր փնջերով, իրենք կողմ են գյուղի ձախ թևի 7 գյուղի հետ միավորվելուն: Դիմել են կառավարությանը, բայց իրենց առաջարկը մերժվել է:

«Շեմ կար որ 5000 բնակիչ պետք է լրանար: Գյուղեր կան, որտեղ 20-25 ընտանիք է մնացել, այդ պատճառով էլ միանգամից կխոշորացվի 18 գյուղ»,- ասաց գյուղապետը: Սոթքի բնակիչների մի մասը դժգոհ են իրենց կյանքից, ասում են, որ երեխաների ապագան այստեղ չեն տեսնում: Ոմանք էլ պնդում են, որ պետք է մնալ ու աշխատել գյուղում:

«Փարիզում ապրողներին էլ ինչ-որ բան չի հերքում, 100 տոկոսնաց ոչ մի բան չկա: Հարմարվել ենք, պետք է ձգտենք աշխատենք, ստեղծենք ու ապրենք: Ով աշխատի, կապրի, ոչ չաշխատի, Փարիզում էլ փայ կհավաքի»,- ասում է գյուղի տարեց բնակիչներից մեկը:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը