Դպրոցը չավարտած՝ մեկնում են արտագնա աշխատանքի

    • Տեսանյութ - 12 Հուլիսի 2017, 21:18

Հայաստանում երեխաների կրթությունից դուրս մնալու հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են: Lragir.am-ը ամիսներ շարունակ հետաքննել է այս հիմնախնդիրը, վեր հանել կրթությունից դուրս մնալու պատճառները:

Հայաստանի մարզերում դեպքեր են բացահայտվում, երբ 15-17 տարեկան տղաներին ծնողները դպրոցից հանում ու տանում են արտագնա աշխատանքի: Գնում են Ռուսաստան, զբաղվում շինարարությամբ: Նմանօրինակ դեպքեր բացահայտել ենք Գեղարքունիքի մարզում:

«Ռուսաստան կէթանք, մի բանով կզբաղվենք, այստեղ անհույս ա: Մեր համար կարևորը աբրուստ էղնի, այստեղ չկա»,- ասում են Գեղարքունիքի մարզի դպրոցահասակները: Նրանք գնում են Ռուսաստան՝ օգնելու այնտեղ աշխատող իրենց ծնողներին: Ոմանք էլ դպրոցն ավարտում ու անմիջապես գնում են, առացն բուհական կրթություն ստանալու մասին մտածելու:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված աշխատող երեխաներին վերաբերող հետազոտության արդյունքով՝ Հայաստանում կրթությունից դուրս մնացած 8 հազարից ավելի երեխա կա: Իսկ պաշտոնական թվերով՝ 2015-2016 ուսումնական տարվա սկզբին Հայաստանում հանրակրթությունից դուրս է մնացել 302 երեխա:

Միայն Լոռու մարզում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը 2014-2015 թվականներին հայտնաբերել էր կրթությունից դուրս մնացած 228 երեխա:

Հայաստանում և բուհական, և հանրակրթական կրթությունից դուրս մնալու պատճառները հիմնականում սոցիալական խնդիրներն են: Շատ են նաև դեպքերը, երբ երեխաները կրթությունից դուրս եմ մնում հաշմանդամության պատճառով: Նախադպրոցական հաստատություններից դուրս մնալու խնդիրը ևս սուր է, քանի որ Հայաստանի գյուղական համայնքների մոտ 50 տոկոսում մանկապարտեզներ չեն գործում:

«Մանկական աղքատությունը Հայաստանում. Ազգային բազմակի և համընկնող խոցելիություն» 2016 թվականի հետազոտության տվյալներով՝ 3-5 տարեկան երեխաների շրջանում սոցիալական անապահովությունն աճում է մինչև 53 տոկոս, քանի որ Հայաստանում 3-5 տարեկան երեխաների կեսից ավելին չի օգտվում վաղ կրթության որևէ ձևից:

Կրթությունից դուրս մնալու պատմությունները ներկայացված են տեսանյութում

Ամենաընթերցվածը