«Նախարարը մի օր չեկավ ու չասեց՝ տեսնենք մեր վիրավոր զինվորը ո՞նց է»

    • Տեսանյութ - 12 Հուլիսի 2017, 17:11

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայող Ավետիս Զարգարյանը ներկայում վերականգնողական բուժում է ստանում թիվ 1 համլսարանական կլինիկայում: Ավետիսի ընտանիքը պետական ուշադրության կարիք ունի, սոցիալական խնդիրներ կան ընտանիքում: Ավետիսի տատը՝ Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի բնակիչ Մարիամ Ծատուրյանը, Lragir.am-ին մանրամասներ է պատմել վերջին մեկ տարվա իրադարձություններից:

Ավետիս Զարգարյանը ծնողների հետ ապրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, դպրոցն ավարտելուց հետո ընտանիքով մեկնել են Ռուսաստան, բայց կարճ ժամանակ անց՝ 2014-ի նոյեմբերին, Ավետիսը վերադարձել է Հայաստան՝ բանակում ծառայելու համար: «Ասաց՝ ես պիտի գնամ ծառայության, ինչ ուզում ա լինի, ես չեմ փախնի բանակից: Կարար մնար Ռուսաստանում, բայց չմնաց: Մեկ տարի երեք ամիս ծառայեց, հետո վիրավորվեց»,- պատմեց Մարիամ Ծատուրյանը:

Ավետիսը վիրավորվել է նախորդ տարվա ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ: Նույն գործողությունների ժամանակ զոհվել էր նրա վաշտի հրամանատարը: Թշնամու գնդակը մտել էր Ավետիսի ծնոտը, վնասել ողնուղեղը: Նա ոչ կարողանում էր շարժվել, ոչ էլ խոսել: Ու չնայած ծնողները բարձրացրել են նրան արտերկրում բուժելու հարցը, կառավարությունից արձագանք չի եղել: Տատն ասում է, որ մասնագետներից իմացել են՝ արդյունավետ կբուժվեր, եթե տեղափոխվեր Գերմանիա կամ Բելգիա: Այս տարվա հունվարին բարեգործների միջոցներից 30 հազար դոլար է հատկացվել Ավետիսի բուժումը արտերկրում կազմակերպելու համար: Այդ գումարը բավականացրել է Մոսկվայի կլինիկաներից մեկում բուժում ստանալու համար: Արդյունքներ կան, բայց լիարժեք բուժում չկա: Ավետիսը կարողանում է խոսել, շարժվել, բայց չի քայլում: Մարիամ Ծատուրյանն ասում է, որ բժիշկները հույս են տվել, ասել են՝ քայլելու հավանականությունը մեծ է:

Ավետիսի ծնողներն այսօր Երևանում վարձակալությամբ են ապրում: Տատն ասում է, որ պետության կողմից անտարբերություն են զգում:

«Նախարարը մի օր չեկավ ու չասաց՝ տեսնենք մեր վիրավոր զինվորը ո՞նց է: Քառօրյա պատերազմից մինչև հիմա ինքը պառկած է: Անտարբերություն ենք զգում, բայց դե ինչ անենք, մենակ մեզանով չի, որ դիմադրեցինք, խոսացինք, ի՞նչ օգուտ: Մի օր կառավարությունից մեկը չասաց՝ գնամ, տեսնեմ վիրավոր զինվորի ծնող ա, կարող ա ընենց կարիքի մեջ ա, ընենց հարց ա, որ պիտի էդ հարցը լուծվի: Ես պաշտոնյաների մասին եմ խոսում, բայց բժիշկները և մյուսները հոգատար են: Իմ թոռնիկը, որ առաջին գծում ա եղել, վիրավորվել ա, նա պիտի արդեն մեր հայ ազգի հերոսը լիներ: Ով զոհվում է, նրան հերոսի կոչում են տալիս, եթե չի զոհվում, չեն տալիս»,- ասում է տատը:

Նրա խոսքով՝ Ավետիսը ամսական մոտ 90 հազար դրամ թոշակ է ստանում:

Մարիամ Ծատուրյանը նաև նկատում է, որ որպես կանոն աղքատ ընտանիքների երեխաներն են հայտնվում առաջնագծում:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը