«Մեքենան կանգնեցրի փողոցի մեջտեղը ու ասացի՝ ով դուխով տղա ա, թող գա կողքս կանգնի, ճանապարհը փակում ենք»

  • Տեսանյութ - 10 Մայիսի 2017, 18:39

Տավուշի մարզի բնակիչներն այսօր փակել են մարզի միջպետական ճանապարհի Իջևանով անցնող հատվածը: Բողոքն սկսել են միջպետական ճանապարհի անմխիթար վիճակի խնդրից, հետո այն ընդլայնվել է, ոտքի են ելել նաև շուկայի առևտրականները:

Տավուշի բնակիչները, ովքեր մասնակցել են ակցիային, Lragir.am-ին պատմեցին, որ մոտ 50 օր առաջ մարզի իշխանությունները որոշել են «կարկատաններով վերանորոգել» միջպետական ճանապարհը: Դիլիջանից մինչև Բագրատաշեն ճանապարհը տեղ-տեղ քանդել են, բայց արդեն 1.5 ամիս է չեն վերանորոգում: Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ վարորդները ֆիանսնական կորուստներ են ունենում, և որ ամենակարևորն է՝ ավելացել են վթարները:

«Մեկի ակն է ծակվում, մեկը մեքենան փախցնում է, տանում ճակատը դիմացի պատին է տալիս: Ժողովուրդն արդեն ֆիանսական մեծ խնդիրներ են ունենում: Հերթական անգամ այսօր անհետաձգելի գործով Դիլիջան էի գնում, Իջևանի շուկայի հատվածում փոսի մեջ ակս ծակվեց: Բարկացա, մեքենան կանգնեցրի փողոցի մեջտեղը ու ասացի՝ ով դուխով տղա ա, թող գա կողքս կանգնի, ճանապարհը փակում ենք, թող պատկան մարմինները գան, մեզ պատասխան տան, թե ինչի ա էս վիճակը: Ժողովուրդն ինքնաբուխ հավաքվեց, մոտ 300 մարդ ելավ բողոքի»,- մեզ հետ զրույցում ասաց մարզի բնակիչներից մեկը:

Ոստիկանները հորդորել են բացել ճանապարհը, քաղաքացիները չեն ենթարկվել: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը լարվածությունը ցրելու համար իր մոտ է հրավիրել բնակիչներին, բայց նրանք չեն գնացել: Մարզպետը եկել է դեպքի վայր: Մարզպետի գալուց հետո բողոքի ալիքը մեծացել է, Իջևանի շուկայի աշխատակիցներն էլ են միացել բողոքավորներին:

Բնակիչների տեղեկացմամբ՝ Իջևանի շուկայի տարածքում արգելապատնեշներ են կառուցել՝ տարանջատելով միջպետական ու միջքաղաքային ճանապարհները, քանի որ այդ վայրում միշտ խցանումներ էին լինում: Սա բերել է նրան, որ շուկա այցելողների թիվը նվազել է, ըստ իջևանցիների, շուկան փակվելու խնդրի առաջ է, զուգահեռ առևտրականներին արգելել են փողոցային առևտուրը:

Իջևանի շուկայում, ըստ տավուշցիների, աշխատում է 140 անհատ ձեռնարկատեր՝ իրենց աշխատակիցներով:

“Շուկայի առևտրականներն էլ դուրս եկան, ասեցին՝ նաև դրա դեմ ենք բողոքում, փողոցային առևտուրն են արգելել: Մենք հասկանում ենք՝ մայրաքաղաքում նման բաներ կարա լինի, բայց սահմանամերձ գոտում նման արգելք չպետք է անել: Էս մարդկանց ապրուստի միակ միջոցն էդ առևտուրն է, եթե դրանից էլ կտրվեն, կբռնեն արտագաղթի ճանփան”,- ասացին բնակիչները:

Մարզպետը եկել ու տավուշցիներին ասել է, որ տղամարդավարի խոսք է տալիս՝ բարձրացված երկու խնդրին էլ լուծում կտրվի:

“Ասաց՝ ես պաշտոնապես հայտարարում եմ՝ երեք օրվա ընթացքում քանդված ճանապարհի փոսերը կլցվեն: Արգելապատնեշների հարցն էլ, ասաց, եկեք գնանք, իմ կաբինետում քննարկենք, դա մի քիչ բարդ հարց է: Գնացինք ու եկանք էն ընդհանուր հայտարարի, որ մինչև շաբաթ օրը մարզպետը նախահաշիվ կունենա, կներկայացնի վարչապետին, որ շուկայի հատվածի պատնեշները հանվեն, և էստակադա կկառուցվի այդտեղ: Ասաց՝ 26 մլն դրամ պետբյուջեից փող ենք ստացել, էդ բորդյուրները սարքել ենք, բա էդ 26 մլն դրա՞մը”,- պատմեցին մեր զրուցակիցները:

Մարզպետը խոստացել է մեկ ամսում էստակադայի կառուցման հարցը լուծել, զուգահեռ Իջևանի քաղաքապետն էլ ասել է, թե շուկայի հետնամասում ազատ տարածքներում կարող են մարդիկ բացօթյա առևտրով զբաղվել:

Տավուշցիներն ասացին, որ դադարեցրել են ակցիան, սպասում են մարզային իշխանությունների խոստումների կատարմանը: Եթե երեք օրից, ինչպես մարզպետն է խոստացել, միջպետական ճանապարհի վերանորոգման հարցը չլուծվի, տավուշցիները նորից ակցիաներ կանեն: 

Ամենաընթերցվածը