Իշխանությունն ամենից շատ սարսափում է զայրացած ժողովրդից

  • Տեսանյութ - 08 Ապրիլի 2017, 10:53

«Դիսկուրսի» բանախոսներն են  քաղաքագետ Անուշ Սեդրակյանը եւ միջազգային փորձագետ Հովհանես Իգիթյանը

«ԵՏՄ-ից դուրս գալը, ՆԱՏՕ մտնելը, Եվրամիությանը անդամ դառնալը, դրանք իրոք վերին քաղաքականության գաղափարներ են: Եթե դրանք հասնում են ընտրողին, պետք է լինի անձնական, բացատրական երկարաժամկետ պրոցես, որովհետեւ դա արդեն լուրջ քաղաքական դիսկուրս է եւ ամեն ընտրողի հասանելի չէ: Ընտրողն, ով պետք է վազելով գնա ընտրության եւ ոչ թե նստի տանը, պետք է հավատա, որ այդ օրակարգի իրական դավանողն է: Ցավոք, ընդդիմադիր եւ նաեւ արեւմտամետ դաշտում, ներքին օգտագործման ռեսուրսը եղավ ոչ թե ԵՏՄ, Եվրամիություն դիսկուրսի կենտրոնացումն, այլ հակաիշխանական դիսկուրսը: Այսինքն, այն, որ պետք է հեռանա Հանրապետականը: Երբ որ հարցնում ես, թե ինչո՞վ եք դուք տարբերվում Հանրապետականից, դուք, նախկին նախարարներ, նախագահներ, վարչապետներ, ի՞նչ ալտերնատիվ դուք կարող եք բերել, ոչ թե որովհետեւ ես լավն եմ, այլ որովհետեւ ես ունեմ այս ծրագիրը եւ եթե ես այն չկատարեմ՝ ենթակա եմ պատժի: Ցավոք, այն, որ Հանրապետականը չունի, բայց մենք ունենք, դա կներեք, չգործող քաղաքական սլոգան է»,- ասում է Անուշ Սեդրակյանը:

«Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս ընտրված խորհրդարանին: Երեւի դա գալիս է նրանից, որ Հանրապետականն անընդհատ շեշտում էր, որ մենք դառնում ենք խորհրդարանական երկիր: Եվ հասարակությունը, մենք բոլորս մտածում էինք, որ եթե խորհրդարանական երկիր է, ապա խորհրդարանը դառնում է հիմնական մարմին: Իրականում այդպես չէ: Հասարակությունն իր ապագան չի կապում որեւէ քաղաքական ուժի հետ: Իշխանությունն ամենից շատ սարսափում է զայրացած ժողովրդից, երբ դուրս է գալիս փողոց: Իսկ ե՞րբ է դա մեզ մոտ լինում: Դա լինում է նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հասարակությունն իր ապագան, ճակատագիրը կապում է մի անձի հետ, իսկ այդ անձը չի ընտրվում, եւ այսպես հասարակության հույսը մարում է: Իսկ ինչո՞ւ է հիմա այսպես հանգիստ, որովհետեւ ճակատագրի խնդիր չկար: Հասարակությունը մեզ մոտ սովոր է ընտրել թաղի տղային», ասում է Հովհանես Իգիթյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը