Վարչական դատարանը փաստաթղթերը վարչական ակտ չի համարում. Ամուլսարի գործով դատական նիստը շարունակվում է

  • Տեսանյութ - 17 Մարտի 2017, 10:44

Գնդեվազի մի շարք բնակիչներ և Էկոդար և Էկոիրավունք ՀԿ-ներն արդեն մեկ տարուց ավելի վիճարկում են ՀՀ Բնապահպանության և Էներգետիկայի նախարարությունների որոշումները և թույլտվությունները՝ տրված հանքարդյունաբերական նախագիծ ներկայացրած Լիդիան Արմենիա ընկերությանը։ Կառավարությունը փաստացի կայացրել է որոշումներ, որոնք ոտնահարում են ՀՀ քաղաքացիների շահերը և իրավունքները, ինչպես նաև լիովին ոտնատակ են անում բնապահպանական օրենսդրությունը։

Այս դատական գործով վիճարկվում են դրական թույլտվություն ստացած «փորձաքննությունները», որոնք տրվել են ՀՀ Էներգետիկայի և Բնապահապանության նախարարությունների կողմից: Ինչպես նաև բողոքարկվում է Բնապահպանության նախարարության կողմից տրված ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը, որտեղ բացարձակ անտեսված են և խախտված Սևանի մասին օրենքը և Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների մասին օրենքը:

Այս երկու հոդվածներով առնվազն կա խախտում, որով արգելվում է Սևանի ջրահավաք ավազանում իրականացնել որևէ հանքարդյուանբերական գործունեություն, ինչպես նաև վատթարացնել Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների ապրելավայրը, ինչը այս տարիների ընթացքում հետևողականորեն իրականացրել է Լիդիան Արմենիա կազմակերպությունը (նախկին Գեոթիմ):

2015 թվականի ապրիլից ի վեր Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բազմաթիվ քաղաքացիներ և բնապահպանական հասարակական կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել ՀՀ բնապահանության նախարարության, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ գերատեսչությունների դեմ՝ վիճարկելով Ամուլսարի հանքավայրի շահագործման հիմք հանդիսացող փաստաթղթերը: Մասնավորապես, վիճարկվում է ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և որպես հետևանք՝ Ամուլսարի շահագործման համար հիմք ծառայող թույլտվությունները:

Առանձին պահանջով վիճարկվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի՝ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության իրավաչափությունը:

Դատական նիստից անմիջապես հետո հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին և այլ շահագրգիռ անձանց կներկայացնի դատավարության մանրամասները և իրավական գործընթացի ռազմավարությունը:

Մինչ այժմ ընթացած դատական գործընթացում բողոքարկված փաստաթղթերը ՀՀ Վարչական դատարանը համարել է, որ չեն հանդիսանում վարչական ակտեր, հետևաբար դրանք չեն կարող բողոքարկվել: Դատարանում անգամ հանքադյունաբերողն է ընդունել է, որ Բնապահպանության նախարարության կողմից տրված ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը հանդիսանում է վարչական ակտ, անգամ Բնապահպանության նախարարությունն է ընդունում, որ դա վարչական ակտ է և ենթակա է վիճարկման, սակայն Վարչական դատարանը մնում է իր դիրքորոշմանը: Հարցով արտահայտվել է նաև Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն։

Հանքարդյունաբերական ծրագրի հաստատման ողջ ընթացքում անտեսվել է Ջերմուկը, որը փաստացի ազդակից համայնք է, սակայն կառավարության կամայական որոշումների արդյունքում որպես ազդակիր համայնք որոշումների կայացմանը չի մասնակցել։

Այս դատական նիստին ներկայացել էր ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը և Լիդիան Արմենիա կազմակերպությունը։

Փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց հայցի հիմքերն ու պահանջները, որից հետո պատասխանող կողմերը ժամանակ խնդրեցին պատրաստվելու համար։ 

Ամենաընթերցվածը