Փոփոխվող աշխարհում Հայաստանի անատամ դիվանագիտությունը չի փոխվում

  • Տեսանյութ - 03 Մարտի 2017, 22:27

«Դիսկուրսի» բանախոսներն են «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ,  «Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդի անդամ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը:

«Ապրիլյան պատերազմի ընթացքում, չնայած ունեցանք բավական մեծ կորուստներ, սակայն նորից մեր բանակն իսկապես ցույց տվեց իր բավական մեծ պոտենցիալը: Սակայն, երբ համեմատում ենք բանակի պոտենցիալը, դրա իրագործումը եւ մեր դիվանագիտության անատամությունը,  ապա չափազանց տարբեր մակարդակների վրա են գտնվում դրանք: Հայաստանը պետք է ճշգրտի իր ռազմավարական գործընկերության մակարդակը Ռուսաստանի հետ: Ապրիլյան պատերազմի ժամանակ  մենք ակնհայտ տեսանք, մեր զինվորների կյանքի գնի վրա զգացինք Ադրբեջանին վաճառված զենքի հետեւանքները:

Արցախյան խնդրի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ Ռուսաստանը թե Հայաստանին, թե Ադրբեջանին սկսել է մեծ քանակի զենք մատակարել՝ այդպիսով երկուսին փաստացի դնելով կախվածության մեջ: Դա որեւէ պետության հեշտ կառավարելի դարձնելու եւ մանիպուլացնելու հին մեթոդ է, որը կիրառվում է Հին Հռոմից մինչեւ այսօր»,- ասել է Հայկ Կոնջորյանը:

«Նախորդ չորս ընտրություններից հետո բավական սրվել է արտաքին քաղաքական իրավիճակը եւ արտաքին գործոնները բավական բարդացել են Հայաստանի համար: Մենք կարծում ենք, որ արտաքին ազդակների եւ գործոնների այս փոփոխությունը տեղի է ունեցել մեր անատամ արտաքին քաղաքականության պատճառով: Սրա հիմնական մեղավորը ոչ թե փոփոխվող արտաքին աշխարհն է, այլ չփոփոխվող մեր պետությունն է, որ դեռեւս 90-ականների մոդելով է: Դրա մեղավորը ներկայիս իշխանություններն են եւ նրանց վարած քաղաքականությունը: Մեր դաշինքը որպես թիրախ դիտարկում է իշխանափոխությունը, որի արդյունքում Հայաստանը կվերականգնի իր սուվերենությունը եւ արտաքին քաղաքականության ասպարեզում կկարողանա որպես գործոն լիարժեքորեն դրսեւորել իրեն», - ասել է Անդրանիկ Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը