Միայն այդ կերպ է հնարավոր կասեցնել Մոսկվա-Անկարա այս համատեղ ծրագիրը

  • Տեսանյութ - 29 Դեկտեմբերի 2016, 21:32

«Դիսկուրս» հաղորդաշարի այսօրվա թեման է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման զարգացումները 2016 թվականին եւ այդ համատեքստում Հայաստանի առջեւ կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերները: Հյուրերն են՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը:

«Ապրիլյան պատերազմն ուներ մեկ նպատակ: Դա ռուս-ադրբեջանական համատեղ ծրագիր էր, բազմիցս խոսել եմ այդ մասին, դա այսպես ասած Լավրովի պլանի իրականացում էր: Այսինքն, Ադրբեջանը պետք է 3 շրջան վերադարձներ՝ ինչպես իրենք են ասում, որից հետո ռուս խաղաղապահների մուտք պետք է լիներ: Շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հերոսական ջանքերի, այդ ծրագիրը տապալվեց: Դրան հաջորդեց նախգահների մակարդակով հանդիպում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, դրանից հետո ըստ էության Ռուսաստանն անցել է նոր նախաձեռնությունների, ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց վերջերս՝ օգոստոսից հետո բանակցություններ գոյություն չունեն: Հիմա այլ գործընթաց է տեղի ունենում: Ռուսաստանը փորձում է չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ սկսվել է ռուս-թուրքական նախաձեռնություն, դա տեղի ունեցավ Լավրով-Չավուշօղլու հանդիպումից հետո: Այստեղ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափն է վտանգված: Շատ հետաքրքիր է, որ մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիյա Զախարովան հայտարարեց, որ մենք ոչ թե միայն պետք է շարունակենք բանակցային գործընթացը, այլեւ ավելի ինտենսիվ դարձնենք:

Ցավոք սրտի, ես ավելի քան վստահ եմ, որ մենք նոր պատերազմից խուսափելու հնարավորություն չունենք: Ռուսաստանը փորձելու է ողջ տարածաշրջանը վերցնել իր վերահսկողության տակ, փորձ կարվի ռուսական զորքեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ խաղապահների անվան տակ: Ըստ էության ողջ տարածաշրջանի հարցն է դրված, հաշվի առնելով Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի դիրքորոշումը: Այնպես որ, նոր լայնածավալ պատերազմից խուսափելու հնարավորություն չունենք: Ես չեմ կարծում, թե Հայաստանի ղեկավարությունը կարող է քաղաքական ճանապարհով կասեցնել, ուրիշ բան, եթե աշխարհաքաղաքական զարգացումներն այլ ճանապարհով ընթանան, եւ տա Աստված, որ այդպես լինի: Ես կարծում եմ, որ մենք ամբողջությամբ մեր հույսը պետք է դնենք մեր եւ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի վրա եւ անել այն, ինչը արվեց անցյալ տարվա ապրիլին: Այսինքն, միայն այդ կերպ է հնարավոր կասեցնել Մոսկվա-Անկարա այս համատեղ ծրագիրը»,- ասում է Դավիթ Շահնազարյանը:

«Իհարկե, ապրիլյան պատերազմի արդյունքները շատ են քննարկվել այս ընթացքում: Եվ որպես տարվա կարեւորագույն իրադարձություն չենք կարող չնշել այդ գործողությունները, որոնք իրականում ցույց տվեցին առկա աշխարհաքաղաքական իրավիճակի ողջ բարդությունը Հայաստանի համար: Ես հակված չեմ գերագնահատելու կամ դեմոնիզացնելու որեւէ մի գերտերության ազդեցությունը տարածաշրջանի վրա, բայց ակնհայտ է, որ մենք գործ ունենք երկու կարեւոր մարտահրավերների հետ: Առաջինը՝ աշխարհը փոխվում է, եւ ինքն էլ չգիտի, թե ուր է գնում: Այս տեսակետից, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, մեր անմիջական հարեւաններ Թուրքիայի եւ Իրանի շուրջ եւ ներսում տեղի ունեցող գործընթացները հավատ ու հույս չեն ներշնչում, որ Հարավային Կովկասը կլինի ստաբիլ աշխարհաքաղաքական գոտի: Եւ այսօրվա իրավիճակում ընթացող դիվանագիտական գործընթացը կարելի է պարզապես անվանել բանակցություններ բանակցությունները վերսկսելու մասին: Անկախ նրանից, թե ինչու, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ընդհանրական շահերի վեկտորը տալիս է միեւնույն շահը, այն է՝ այս պարագայում խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից: Երկրորդ կարեւոր մարտահրավերը, որ մենք նույնպես պետք է դիտարկենք, դա Ադրբեջանի ներքին վիճակն է: Սոցիալ-տնտեսական վիճակն այդ երկրում հասնում է գագաթնակետին, ինչպես բոլոր այն նավթային երկրներում, որոնք երկար ժամանակ կարողանում էին զսպել իրենց հասարակությունների քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակումը՝ շնորհիվ սոցիալական քաղաքականության: Այսօր տեսնում ենք Ադրբեջանի սոցիալական վիճակը եւ կապիտալի մեծ արտահոսք, թանկացումներ, եւ ակնհայտ է, որ ադրբեջանական հասարակությունը սկսում է եռալ: Այս ֆոնի վրա դժվար է լինում թաքցնել ներքին խնդիրները այն մարդկանց համար, ովքեր սովորեցրել են իրենց ժողովրդին կերակրատաշտակով զսպել այս կամ այն դժգոհությունները»,  ասում է Արմեն Աշոտյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը