Ամանորի սեղանի ծախսը կարելի է հատկացնել առողջության ապահովագրմանը

    • Տեսանյութ - 28 Դեկտեմբերի 2016, 20:16

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը մարդկանց խորհուրդ է տալիս Ամանորին շատակերությամբ չզբաղվել, որպեսզի հիվանդությունները գլուխ չբարձրացնեն:

«Սովորական օրերին մարդը երեկոյան ընթրում է, հաջորդ օրը առավոտյան նախաճաշում: Այս դեպքում դեկտեմբերի 31-ի գիշերը մենք ընթրում ենք ժամը 24:00-ից մինչև 01:00-ն: Սա արդեն վնասակար ազդակ է մարսողական համակարգի համար: Առավոտ շուտ նորից սկսվում է կերուխումը, հետո հյուրընկալություններ, ամեն հյուրի հետ հաց ուտել, հետո ալկոհոլի չարաշահում: Ինչպե՞ս խուսափել սրանից, ուղղակի պետք է մի քիչ ավելի զուսպ լինել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Մանասյանը:

Մասնագետը բացատրում է, որ մարսողական համակարգը, ինչպես մյուս համակարգերը, իր աշխատանքի ժամանակ ծառայում է օրգանիզմին, միեւնույն ժամանակ ծախսում է որոշակի ռեսուրսներ: Եթե մենք մարսողական համակարգը ծանրաբեռնում ենք, օգուտ չի տալիս օրգանիզմին, ավելին, վնասում է:

“Իսկ եթե մեր ընդունած սնունդն անորակ է, իսկ տոնական օրերի երկրորդ-երրորդ օրը սնունդը հիմնականում կարող է դառնալ անորակ, քանի որ կորցնում է իր հատկանիշները, սա արդեն օրգանիզմի համար դառնում է փորձանք: Որոշ մարդիկ սա չեն կարողանում հաղթահարել եւ ունենում են մարսողական համակարգի խանգարումներ: Սրան գումարվում է ալկոհոլը, որի՝ չափից ավելի օգատագործումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում օրգանիզմի համար: Սրան զուգահեռ, մարդիկ այդ օրերին շատ ելումուտ են անում ու ենթարկվում են ցրտի ազդեցությանը”,- ասաց նա:

Հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն մարսողական, սիրտ-անոթային, էնդոկրին համակարգի հիվանդություններ, Հայկ Մանասյանի խոսքով, տոնական օրերին պետք է ուշադիր լինեն իրենց առողջությանը, քանի որ հիվանդությունները կարող են գլուխ բարձրացնել:

Մասնագետի խոսքով՝ չափավոր սնվելու դեպքում երբեք խնդիր չի առաջանում որևէ մթերքն մեկ ուրիշի հետ խառնելու հարցում: «Ինչո՞ւ չխառնենք, չափավոր սնվելու դեպքում ամեն ինչ էլ կարելի է ուտել: Սովորություն կա, թե, օրինակ, եկեք ձուկը ձվի հետ չխառնենք, բայց դրա փոխարեն կարող են կես կաթսա տոլմա ուտել», նշեց նա:

Նա նաև խորհուրդ է տալիս տոներին ալկոհոլի չարաշահումից խուսափելու համար միանգամից օղի “չկոնծել”, փոխարենը պետք է խմել գունավոր ալկոհոլային խմիչք՝ գինի, կոնյակ, վիսկի: Գունավոր խմիչքները, նրա խոսքով, կում-կում են խմում, այդ դեպքում ալկոհոլը շրջանցում է լյարդի պատնեշը, իսկ միանգամից ընդունած օղին անցնում է լյարդ:

Հայկ Մանասյանը նկատում է, որ հայ ժողովուրդը սիրում է տրվել կերուխումին, հետին պլան մղել առողջությունը: Դա նրանից է, որ տոնական օրերին մարդիկ առաջնահերթություն են տալիս շրջապատի կարծիքին, ուզում են լավ երևալ բարեկամներին և բացարձակ չեն մտածում սեփական հարմարավետության ու հանգստի մասին:

«Ամանորին մտածում են՝ հարևանի համար լավ լինի: Ամեն մեկը մտածում է կողքինի մասին, և յուրաքանչյուրն իր հերթին վատ է զգում: Պետք է վերանայել այս մոտեցումը: Սա մշակույթի խնդիր է, պետք է ուղղակի մարդկանց վերաբերմունքը փոխվի, որպեսզի կենտրոնանան ոչ թե ճոխ սեղանների վրա, այլ տոնի»,- հավելեց նա:

Հայկ Մանասյանը նաև հաշվարկ է արել, որ եթե ՀՀ վճարունակ յուրաքանչյուր քաղաքացի տարեկան 50 հազար դրամ հատկացնի առողջապահության ապահովագրությանը, տարվա ընթացքում ամենաբարդ հիվանդությունների բուժման համար ֆինանսական որևէ խնդիր չէր առաջանա: Անվճարունակների խնդիրն էլ կլուծվի պետպատվերով: Նրա խոսքով՝ ՀՀ ընտանիքների յուրաքանչյուր անդամի համար Նոր տարվա սեղանն արժենում է մոտ 50 հազար դրամ: Մարդիկ պատրաստ են կեերուխում անել, բայց այդ գումարը չեն հատկացնի իրենց առողջության ապահովագրությանը:

Մանրամասները տեսանյութում