Օգոստոսի 6-ը Լոնդոնի ամառային օլիմպիադայում փոփոխություն չմտցրեց ոսկե մեդալների համար ԱՄՆ-Չինաստան պայքարում: Չինացիները շարունակեցին մնալ առաջատար: Նրանք օգոստոսի 6-ի դրությամբ նվաճել են 31 ոսկե մեդալ, իսկ ԱՄՆ հավաքականը՝ 29 ոսկե մեդալ: Չինացիները ունեն 19 արծաթ, 14 բրոնզ, իսկ ԱՄՆ ունի 15 արծաթ եւ 19 բրոնզ:
Ոսկե մեդալների թվով երրորդն են տանտերերը՝ Մեծբրիտանիայի մարզիկները՝ 18 ոսկե մեդալ: Ռուսաստանի հավաքականը օգոստոսի 6-ին վաստակեց 3 ոսկե մեդալ եւ բարձրացավ 6-րդ տեղը: Նրանից առաջ են Հարավային Կորեան եւ Ֆրանսիան, որոնք համապատասխանաբար նվաճել են 11 եւ 8 ոսկե մեդալ: Ռուսաստանի ոսկե մեդալների քանակն առայժմ 7 է: Ընդհանուր մեդալների քանակը ռուսների մոտ 42 է եւ դրանով նրանք երրորդն են Չինաստանից ու ԱՄՆ-ից հետո:
Հայաստանի հավաքականը օգոստոսի 6-ին մեդալ չունեցավ: Օգոստոսի 6-ին մեր թիմից ելույթ ունեցավ հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւը, ով սակայն անհաջողության մատնվեց 1/8 եզրափակիչում:
Օգոստոսի 7-ին Հայաստանի հավաքականից գորգ դուրս կգա եւս երկու հունահռոմեական ոճի ըմբիշ՝ 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը եւ 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը:
