Սաուդյան Արաբիայում առաջին անգամ մարզուհիներին թույլ են տվել մասնակցել Օլիմպիական խաղերին: Ինչպես հայտնում է BBC-ն, համապատասխան հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը:
Սաուդյան Արաբիայի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ դեռ հայտնի է միայն մեկ մասնակցի անուն, ով մտնելու է հավաքականի կազմի մեջ: Խոսքը գնում է ձիարշավորդ Դալմա Ռուշդի Մալխասի մասին, ով 2010 թվականի երիտասարդական Օլիմպիադայում շահել էր բրոնզե մեդալ: Սակայն կոմիտեում չեն բացառել, որ հավաքականի կազմի մեջ մտնելու են նաև այլ մարզուհիներ և հավելել, որ Օլիմպիդայում մարզուհիները պարտավոր են ելույթ ունենալ այնպիսի հագուստով, որոնք «փակում են բարեմասնությունները և չի ընդգծում մարմինը, ինչպես նաեւ «սպորտային հիջաբով»:
Սաուդյան Արաբիայում խիստ պահպանողական իսլամիստները կրտականապես դեմ են սպորտային միջոցառումներին կանանց մասնակցությանը: BBC-ի փոխանցմամբ, այս որոշումը կայացնելու համար անցկացվել են մի շարք գաղտնի բանակցություններ, որին մասնակցել են Սաուդյան Արաբիայի թագավորը, թագաժառանգը, ԱԳ նախարարը, ինչպես նաև հոգևոր գործիչներ և Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին:
