Եվրոպայում կարծես թե ուկրաինական բոյկոտ է հասունանում, որի “զոհ” կարող է դառնալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Ինչպես հայտնի է, Եվրո 2012-ի եզրափակիչ փուլը տեղի էր ունենալու Ուկրաինայում եւ Լեհաստանում:
Սակայն, հնարավոր է, որ եվրոպական երկրները բոյկոտեն Ուկրաինան, այդ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ իշխանության վերաբերմունքի պատճառով: Տիմոշենկոն արդեն տեւական ժամանակ ազատազրկված է, նրա վրա նորանոր գործեր են հարուցում, ու նաեւ բանտում ենթարկում խոշտանգման, ինչի վկայություն-լուսանկարները օրերս հայտնվել էին համացանցում:
Գերմանական մամուլը գրել էր, որ այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է քննարկել Եվրո 2012-ին Գերմանիայի հավաքականի մասնակցության նպատակահարմարության հարցը: Եվրո 2012-ի հետ կապված միջոցառումները բոյկոտելու մասին որոշում է կայացրել նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հավանաբար զբաղված է նախագահի ընտրարշավով՝ մայիսի 6-ին երկրորդ փուլի քվեարկությունն է, եւ գուցե Ֆրանսիան Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշումը հայտնի մայիսի 6-ից հետո, երբ կրքերը հանդարտվեն:
Ինչ կանի Եվրոպան՝ կգնա՞ Ուկրաինա ֆուտբոլ խաղալու, թե ոչ:
Թերեւս կգնա: Ի վերջո հազիվ թե միլիոնավոր երկրպագուները հասկանան բոյկոտը, դրա իմաստը: Դա գուցե ծանրակշիռ քայլ է, բայց ըստ երեւույթին հուսահատ: Ֆուտբոլի առաջնության բոյկոտը կլինի Եվրոպայի, ոչ թե Ուկրաինայի իշխանության պարտությունը:
Գուցե Տիշոմենկոյի համար՝ որպես մարդ, առավել եւս որպես կին, արժե բոյկոտել ոչ միայն Եվրո 2012-ը, այլ Ուկրաինայի հետ կապված ցանկացած ամեն ինչ: Բայց եթե Եվրոպան այդ հարցում ազդեցություն ունենալու համար հասել է այդ իրավիճակին, ապա դա ավելի շատ մտահոգության տեղիք է տալիս հենց Եվրոպայի համար:
Նույնիսկ եթե բոյկոտը կամ դրա սպառնալիքն արդյունավետ լինի, Ուկրաինայի իշխանությունը տեղի տա եւ ինչ որ քայլերի գնա Տիմոշենկոյի հարցում փոխզիջման համար, միեւնույն է, դա կլինի Եվրոպայի քաղաքականության ձախողման հետեւանք:
Չէ որ ի վերջո թերեւս հենց քաղաքականություն էր, որ տնտեսապես բավականին անմխիթար վիճակում գտնվող Ուկրաինային որոշեցին կցել Լեհաստանի հետ եւ Եվրո 2012-ն անցկացնելու որոշում կայացնել, որպես բարոյական աջակցություն Նարնջագույն հեղափոխությամբ ձեւավորված իշխանությանը:
Այդ իշխանությունը այժմ ցաքուցրիվ է եղել՝ Յուշչենկոն Աստված գիտե, թե ուր է, Տիմոշենկոն բանտում է, Ուկրաինան՝ անհասկանալի է, թե որտեղ:
Եվրոպան չկարողացավ պահել Ուկրաինան, հիմա իր անկարողությու՞նն է բոյկոտում: Իհարկե, Նարնջագույն հեղափոխության իշխանությունն առաջին հերթին ինքզինքը չկարողացավ պահել, բայց գուցե այդ իշխանությանը պետք էր քաղաքական ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել, քան Եվրո 2012-ի բարոյական աջակցությունը:
Միգուցե պետք էր շատ արագորեն աջակցել այդ հեղափոխության երկրորդ ալիքի իրականացմանը, որոշ բաներ անդառնալի դարձնելու համար: Միգուցե պետք չէր այդ իշխանությանը թողնել Մոսկվայի հետ դեմ-դիմաց, մենակ, թե կուլ չգնալու կամ չգայթակղվելու համար:Իսկ եթե Եվրոպան փորձել է, բայց նրան ոչ ոք չի լսել, ապա այդ դեպքում առավել եւս չարժե զոհել ֆուտբոլը, քանի որ դա միեւնույն է Տիմոշենկոյին չի փրկի:
