Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոնը Կանադան է

  • Սպորտ - 12 Փետրվարի 2018, 13:42

Հարավկորեական Փհենչհան քաղաքում շարունակվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային պայքարի հաղթողները և մրցանակակիրները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գեղասահքի թիմային պայքարում առաջին տեղը գրավեցին և օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեցին Կանադայի գեղասահորդները: Նրանք ընդհանուր հաշվարկում հավաքեցին 73 միավոր: Երկրորդ տեղում 66 միավորով Ռուսաստանի հավաքականն է: Եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի ընտրանին՝ 62 միավորով:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացվում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Ամենաընթերցվածը