3 պատճառ՝ ինչու պետք է նայել Յուվենթուս-Տոտենհեմ խաղերը

  • Սպորտ - 11 Փետրվարի 2018, 20:11
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում բոլորը խոսում են Ռեալ Մադրիդ-ՊՍԺ և Չելսի-Բարսելոնա զույգերի մասին: Սակայն հատուկ ուշադրության է արժանի Յուվենթուս-Տոտենհեմ դիմակայությունը: Ներկայացնենք 3 պատճառներ, որոնց համար պետք է հետևել անգլիական և իտալական թիմերի խաղերին:

Պատճառ համար 1. Տակտիկական դիմակայություն

Երկու թիմերի գլխավոր մարզիչները հայտնի են իրենց տակտիկական ճկունությամբ: Մաուրիսիո Պոչետինոյին և Մասիմիլիանո Ալեգրիին տվյալ ասպեկտում հավասար կարող են լինել միայն Պեպ Գվարդիոլան և Անտոնիո Կոնտեն:

Տոտենհեմը վերջին երկու շաբաթվա ընթացքում ցույց տվեց, որ Սաութհեմպտոնների և Հադերսֆիլդների հետ ոչ-ոքիները ցույց չեն տալիս թիմի իրական ուժը: Լոնդոնյան թիմը նախ ոչնչացրեց Մանչեսթեր Յունայթեդին՝ 2-0, այնուհետև 2-2 խաղաց Լիվերպուլի հետ մի խաղում, որտեղ պարտավոր էր հաղթել՝ հաշվի առնելով ցուցադրած խաղը, իսկ կայացած տուրում շանս չթողեց Արսենալին (1-0 հաշիվը ընդհանրապես չի նկարագրում խաղի ընթացքը): Բոլոր երեք խաղերում Պոչետինոն տակտիկապես պատրաստվել էր հաշվի առնելով մրցակիցների թույլ կետերը:

Մանչեսթերի հետ խաղում Տոտենհեմն օգտագործեց Պոլ Պոգբայի անկայուն խաղը հենակետային դիրքում, Արսենալի հետ խաղի երկրորդ կեսում լոնդոնյան թիմը սկսեց միջին դիրքերից օդային փոխանցումներ կատարել Հարի Քեյնին՝ նկատելով, որ Արսենալի պաշտպանները չեն հետևում անգլիացուն:

Մասիմիլիանո Ալեգրին նորից տակտիկական էքպերիմենտի է գնացել և 4-4-2-ից անցել 4-3-3 սխեմային: Նախորդ մրցաշրջանում իտալացի մասնագետը Մարիո Մանջուկիչին օգտագործում էր եզրային կիսապաշտպանի դիրքում, սակայն զգալով, որ մրցակիցներն արդեն հակախաղ են գտել, հրաժարվել է այդ նորարարությունից և դրա փոխարեն Գոնսալո Իգուաինին տեղափոխել է հետ քաշված հարձակվողի դիրք՝ ստիպելով վերջինիս պաշտպանական աշխատանքներով զբաղվել, որտեղ արգենտինացին օգնում է Պյանիչին, Խեդիրային և Մատյուիդիին:

Պատճառ համար 2. Մրցում են տվյալ պահի Եվրոպայի լավագույն կիսապաշտպությունները

Տոտենհեմի կիսապաշտպանության կենտրոնում հանդես է գալիս Մուսա Դեմբելեն, ում դրիբլինգը, մեկը մեկի դեմ խաղը և փոխանցումների ճշգրտության տոկոսները միշտ բարձր մակարդակի վրա են: Նրանից առաջ խաղում է Ալի-Էրիկսեն-Սոն եռյակը, որոնցից յուրաքանչյուրը գոլ+փոխանցում համակարգով արդեն գերազանցել է 15-ը: Պահեստայինների թվում Վիկտոր Վանյաման է, ով ցանկացած պահի կարող է քանդել խաղը, արգենտինացի Էրիկ Լամելան, ով վերջապես ցույց է տալիս այն խաղը, որը սպասում են և ՊՍԺ-ից նոր տեղափոխված ռեակտիվ Լուկաս Մոուրան:

Յուվենթուսի կիսապաշտպանությունն ավելի տարիքով խաղացողներով է համալրված, որոնց մեծ մասը սակայն եվրոպական խաղերում խաղալու մեծ փորձ ունի, իսկ որոշները ամենաքիչը մեկ եզրափակիչի մասնակցել են:

Պաշտպաններից առաջ հանդես են գալիս Միրալեմ Պյանիչն ու Սամի Խեդիրան, որոնց կարող են փոխարինել Մատյուիդին և Կլաուդիո Մարկիզիոն: Տարեց տարի իտալական գրանդը ցույց է տալիս, որ այս հատվածում խաղացող ֆուտբոլիստները ամեն պահի կարողանում են զսպել մրցակցի գրոհները (բացառություն կարող է լինել Ռեալի հետ եզրափակիչը): Նորից նշենք Իգուաինի նոր պարտականությունները: Հարձակվողը ավելի քիչ է գոլ խփում, սակայն հրաշալի կերպով օգնում է պաշտպանությանը: Իսկ եզրերից գործում են Դուգլաս Կոստան, Մարիո Մանջուկիչը, կամ էլ Ֆեդերիկո Բեռնարդեսկին, ովքեր իրենց արագությամբ ապահովում են հակագրոհների տեմպը:

Նման հագեցած կիսապաշտպանությունների պարագայում ենթադրվում է, որ խաղերի ընթացքում գնդակը մեծամասնությամբ լինելու է դաշտի կենտրոնական հատվածներում և արդյունավետ գրոհներ կազմակերպելու համար շեշտը հնարավոր է դրվի անհատականությունների վրա:

Պատճառ համար 3. Խաղերի ելքը որոշվելու է առանձին ֆուտբոլիստների խաղով

Շարունակելով երկրորդ պատճառի վերջին հատվածը, որտեղ նշել ենք, որ հարձակման գծում անհատական խաղի վրա է շեշտը դրվելու, նշենք, որ դիմակայության ելքը որոշվելու է առանձին ֆուտբոլիստների խաղի շնորհիվ: Ունենալով նման կայուն կազմեր, երկու թիմերի համար չափազանց դժվար է լինելու անցնել ¼ եզրափակիչ հույսը դնելով միայն ընդհանուր սխեմաների վրա:

Յուվենթուսի հետ խաղերում առաջին պլան են դուրս գալու Հարի Քեյնի նման ֆուտբոլիստները, ում անհատական խաղից շատ բան է կախված լինելու: Յուվենթուսի պարագայում նման ֆուտբոլիստ կարող է լինել Պաուլո Դիբալան, սակայն արգենտիացու խնդիրները շատ են, իսկ մարզիչ Ալեգրին հերթական անգամ ցույց է տվել, որ կարող է արդյունք ապահովել առանց առաջատարների: Դիբալայի բացակայության պարագայում Յուվենթուսի առաջատարները Պյանիչը, Իգուաինն ու Դուգլաս Կոստան են, ովքեր պետք եղած պահի խաղը վերցնելու են իրենց վրա:

Խաղի ելքը կարող են որոշել նաև Դելե Ալլին, Էրիկսենը, Բեռնարդեսկին, Խեդիրան, սակայն նրանք ավելի շատ զբաղված են լինելու մրցակցի գրոհները կանխելով:

Ամփոփում

Այն հեռուստադիտողները, որոնց համար միգուցե առաջին պլանում դիտարժանությունը չէ, անշուշտ ուշադրությամբ և հետաքրքրությամբ կհետևեն թիմերի խաղին: Չի բացառվում, որ խաղերը նաև դիտարժանություն կապահովեն, սակայն միայն դիտարժանության գաղափարն արդեն չափից դուրս ռիսկային է համարվում մարզիչների համար: Կարելի է սակայն վստահաբար ասել, որ դիմակայության ընթացքում չի լինելու այնպիսի պահ, երբ կարելի կլինի պնդել, որ թիմերից մեկն արդեն հաջորդ փուլում է: Զգուշավորության մակարդակը չափից դուրս բարձր է լինելու: Եթե Յուվենթուսի կողմից չլինի նախորդ տարվա եզրափակիչի նման խաղային անկում և եթե Տոտենհեմի մոտ փորձի պակասը զգացնել չտա, ապա վերը նշված կանխատեսումն անխուսափելի է:

Հիշեցնենք, որ առաջին խաղը տեղի է ունենալու երեքշաբթի օրը Երևանի ժամանակով 23:45-ին:

Ամենաընթերցվածը