Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության ֆավորիտներ է համարում Նադալին և Ֆեդերերին

  • Սպորտ - 13 Հունվարի 2018, 16:25

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի կարծիքով՝ 2018 թվականի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի ֆավորիտները Նադալը և Ֆեդերերն են:

«Անխոս, Ավստրիայի բաց առաջնության ֆավորիտները Նադալը և Ֆեդերերն են: Նրանք հրաշալի մրցափուլ ունեցան նախորդ տարի և հենց Ավստրալիայի բաց առաջնության 2017 թվականի  եզրափակչում մրցեցին միմյանց հետ: Սակայն այլ հարց է այս տարվա մրցակցությունը: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա անելու եմ ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել  է Ջոկովիչը:

«Australian Open»-ին այս տարի չի մասնակցի աշխարհի նախկին առաջին ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը: Վերջինս բաց կթողնի մրցաշարը, քանի որ չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո: Մինչ այս Մարեյը 5 անգամ հասել է մինչև Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ (2010, 2011, 2013, 2015, 2016): Տարվա առաջին մրցաշարին չի մասնակցի նաև կանանց աշխարհի նախկին առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկոն: Բելառուս մարզուհին հրաժարվել է մասնակցել Մելբուրնի մրցաշարին, քանի որ իր որդու` Լեոյի հետ կապված դատական վարույթներով է զբաղված: «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից առաջին` Ավստրալիայի բաց առաջնությունն այս տարի կմեկնարկի հունվարի 15-ին և կավարտվի 28-ին:

Ամենաընթերցվածը