Ռեալի ֆուտբոլիստները դժգոհել են Զիդանից, ում ամռանը հնարավոր է փոխարինի Յոահիմ Լյովը

  • Սպորտ - 11 Հունվարի 2018, 18:34
Cadena Ser ռադիոալիքը հաղորդել է, որ Ռեալի ֆուտբոլիստների և Զինեդին Զիդանի միջև կոնֆլիկտ է սկսվել:

Հերթական մարզումից հետո Զիդանը հանդիպում է ունեցել թիմի հետ, որը 1 ժամից ավել է տևել: Մարզչական կազմը հայտարարել է, որ այդ ընթացքում թիմը լրացուցիչ մարզումներ է ունեցել: Սակայն պարզվել է, որ իրականում Զիդանը զրուցում էր առաջատար ֆուտբոլիստների հետ:

Զրույցին ներկա են եղել նաև երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր նշել են, որ թիմում կա անձեռնմխելիների մի խումբ, որը անկախ մարզավիճակից և մարզումների ժամանակ ցույց տված վերաբերմունքից, միշտ մեկնարկային կազմում է լինում:

Այս նորությանը զուգահեռ տեղեկություններ են տարածվել, որ Ռեալի ղեկավարությունը նունյպես կոնֆլիկտի մեջ է Զիդանի հետ և անկախ թիմի արդյունքներից, պատրաստվում է ազատել նրան պաշտոնից:

Պարբերականները գրել են, որ Ֆլորենտինո Պերեսը բանակցում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ, որի պայմանագիրը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ավարտվում է 2020 թվականին:

Ամենաընթերցվածը