Աշխարհի առաջնության ֆավորիտները. Մաս 1. Բրազիլիա

  • Սպորտ - 12 Նոյեմբերի 2017, 18:08
32 հնարավորից 25 հավաքականներ այօրվա դրությամբ ապահովել են իրենց տեղը Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլում: Ֆուտբոլային գլխավոր իրադարձությանն ընդառաջ նոր հոդվածաշարում կառանձնացնենք մի քանի թիմերի, որոնք չեմպիոնի կոչման գլխավոր ֆավորիտներն են լինելու:

Մաս 1-ին. Բրազիլիա

Եթե մի կողմ դնենք Ռուսաստանի հավաքականին, որը համարվում է ընդունող երկիր և միանգամից որակավորվել է առաջնությանը, առաջինն իր տեղը եզրափակիչ փուլում  ապահովել էր Բրազիլիայի հավաքականը: Հարավային Ամերիկայի գոտում, որը համարվում է ամենաուժեղ մրցակցությամբ որակավորման փուլը, բրազիլացիները մեկ շնչով հաղթեցին բոլոր մրցակիցներին: Նույնիսկ վերջին տուրում Նեյմարն ու ընկերները, առանց որևէ մոտիվացիա ունենալու ջախջախեցին Ալեքսիս Սանչեսի Չիլիին և զրկեցին վերջիններին առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:

Ինչո՞ւ է Բրազիլիան ֆավորիտ

4 տարի առաջ հայրենիքում տեղի ունեցած առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիան կրեց իր պատմության 2-րդ ծանրագույն պարտությունը: Առաջինը՝ 1950 թվականին Մարականայում կայացած եզրափակիչում Ուրուգվայը 2-1 հավշով հաղթեց Սելեսաոյին և հիմք դրեց բրազիլական բարդույթին, որը հաղթահարվեց միայն Պելեի, Դիդիի և Գարինչայի սերնդի ասպարեզ իջնելուց հետո:

Գերմանիայից կրած 1-7 հաշվով ստորացուցիչ պարտությունից հետո թիմը 2 տարում կարողացավ դուրս գալ նոր մակարդակի, ինչը ցույց տվեց հատկապես Ուրուգվայի (4-1), Չիլիի (3-0) և Արգենտինայի (3-0) նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակներից հետո: Բրազիլիան յուրօրինակ դեժավյուի մեջ է և ցանկանում է միայն չեմպիոն դառնալով մոռացության մատնել 1-7 հաշիվը:

Կազմ

Եթե 2014-ին հավաքականը էմոցիաների և բախտի հաշվին հասավ կիսաեզրափակիչ, չունենալով կազմի բազմազանություն և բալանս, ապա ներկայիս Բրազիլիան ամբողջովին հակապատկերն է 2014 թվականի տարբերակի: Ռոնալդոյի և Ռիվալդոյի սերնդից հետո առաջին անգամ գլխավոր մարզիչը բոլոր գծերում ունի ինչպես հիմնական, այնպես էլ պահեստային տարբերակներ: Առանձին անդրադառնալու փոխարեն կներկայացնենք հավանական կազմը, որով թիմը կմեկնի առաջնությանը:

Դարպասապահներ - Ալիսոն Բեկեր (Ռոմա), Էդերսոն (Մանչեսթեր Սիթի), Կասիո (Կորինտիանս)

Պաշտպաններ - Դանի Ալվես, Մարկինյոս, Տիագո Սիլվա (ՊՍԺ), Դավիդ Լուիս (Չելսի), Մարսելո (Ռեալ Մադրիդ), Ֆիլիպե Լուիս (Ատլետիկո Մադրիդ), Ալեքս Սանդրո (Յուվենթուս), Միրանդա (Ինտեր), Դանիլո (Մանչեսթեր Սիթի)

Կիսապաշտպաններ - Պաուլինյո (Բարսելոնա), Ռենատո Աուգուստո (Բեյցզին Գոան), Ֆերնանդինյո (Մանչեսթեր Սիթի), Ֆիլիպե Կոուտինյո (Լիվերպուլ), Դուգլաս Կոստա (Յուվենթուս), Կազեմիրո (Ռեալ Մադրիդ), Թայսոն (Շախտյոր)

Հարձակվողներ - Գաբրիել Ժեզուս (Մանչեսթեր Սիթի), Նեյմար (ՊՍԺ), Դիեգո Սոուզա (Սպորտ Ռեսիֆ), Ռոբերտո Ֆիրմինո (Լիվերպուլ)

Տակտիկա

Բրազիլիան խաղում է 4-3-3 սխեմայով: Հարձակման գծում խաղում են Կոուտինյոն, Նեյմարն ու Գաբրիել Ժեզուսը, իսկ նրանցից ավելի հետ քաշված՝ Պաուլինյոն, Ռենատո Աուգուստոն և Կազեմիրոն, ովքեր կարող են ինչպես փակ ֆուտբոլ ապահովել մրցակցի համար, այնպես էլ արդյունավետ հարձակումներ իրականացնել:

Հավաքականը վերջապես ունի երկու բարձր մակարդակի դարպասապահներ, և Տիտեն առայժմ վստահում է Բեկերին, չնայած նրան, որ Էդերսոնը համարվում է լավագույնը պրեմիեր լիգայի ներկայիս առաջնությունում: Միակ գիծը, որը 2014-ից հետո չի փոխվել, պաշտպանությունն է՝ Դանի Ալվես, Տիագո Սիլվա, Դավիդ Լուիս, Մարսելո:

Գլխավոր մարզիչ

Թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց մարզչական ոչ այդքան մեծ համբավ ունեցող Տիտեն, ով սակայն կարողացավ նշված ֆուտբոլիստներից քամել առավելագույնն ինչպես էմոցիոնալ առումով, այնպես էլ տակտիկական (Ի տարբերություն Սկոլարիի կամ Դունգայի, ովքեր ի վերջո ոչնչի չհասան):

Բացի այս ամենից, Տիտեն կարողացել է լեզու գտնել նման քանակության աստղային խաղացողների հետո և երեկ նա այնպիսի պատասխան տվեց Նեյմարի և իր միջև հորինված կոնֆլիկտի մասին, որ վերջինս գրկեց նրան և լացակումած հեռացավ դահլիճից:

Հետևություն

Արդեն մի քանի ամիս է՝ բրազիլացիները գլխավորում են հավաքականների վարկանիշային աղյուսակը: Թիմը գերվստահ խաղ է ցույց տալիս, և նման կազմն ու մարզիչը թույլ են տալիս նրան համարվել առաջնության չեմպիոնի կոչման ֆավորիտներից մեկը: Բուքմեյքերական ընկերությունները Գերմանիայի և Ֆրանսիայի հետ միասին հավատում են նաև «պենտակամպեոնների» հաղթանակին: Եվ կասկած չկա, որ Ռուսաստանում կայանալիք առաջնությունում Նեյմարի թիմը տպավորվելու է որպես ամենադիտարժան թիմերից մեկը:

Lragir.am-ի կանխատեսումը. Բրազիլացիների համար ամենածանր մրցակիցները լինելու են Ֆրանսիան և Գերմանիան: Եթե փլեյ-օֆֆում նրանք չհանդիպեն, ապա լատինամերիկացիներին կարելի է տեսնել եզրափակիչ խաղում:

Ամենաընթերցվածը