Ռուբեն Հայրապետյանն ընդդեմ Հենրիկ Մխիթարյանի

    • Սպորտ - 07 Հոկտեմբերի 2017, 21:35
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, որը նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է, ասում է, որ Հայաստանի հավաքականի անհաջող ելույթների համար ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղավոր չէ: Թովմասյանն ասում է, որ Հայրապետյանն իր ընկերն է եւ նա գիտե, թե ինչպես է ֆեդերացիայի նախագահը ծանր տանում հավաքականի որեւէ անհաջողություն, ինչպիսի սրտացավություն ունի հայկական ֆուտբոլի հանդեպ, ինչ մեծ գործ է կատարում դրա զարգացման համար, հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, ապագայի հիմքի ամրացման համար:

Հրայր Թովմասյանն իհարկե իրավացի է՝ հավաքականի անհաջող ելույթի համար պատասխանատուն ֆեդերացիայի նախագահը չէ: Բայց Հայաստանի դեպքում դա տեսական դատողություն է, քանի որ Հայաստանի դեպքում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը անմիջականորեն միջամտում է հավաքականի կազմի որոշմանը: Կարեւոր չէ՝ նրա միջամտությունն առնչվում է մեկ, թե տասնմեկ ֆուտբոլիստի: Եթե անգամ կա միջամտություն մեկ ֆուտբոլիստի մասով, ապա դա արդեն միջամտություն է, հետեւաբար արդեն պատասխանատվություն է խաղի համար, որովհետեւ տեսականում հնարավոր է ասել, որ եթե լիներ այդ ֆուտբոլիստը, ապա արդյունքը կլիներ այլ:

Մյուս կողմից, հավաքականի անհաջող ելույթը առիթ է, ոչ թե պատճառ՝ հայկական ֆուտբոլի խնդիրներին անդրադառնալու առիթ: Իհարկե, խոշոր հաշվով խնդիրը հենց այն է, որ ֆուտբոլի համակարգային խնդիրների անդրադարձ Հայաստանում լինում է այդ առիթի դեպքում, որովհետեւ, երբ արդյունքը լավն է, բոլորը մոռանում են խնդիրների մասին:

Մինչդեռ առնվազն ծիծաղելի է մտածել, թե հայկական ֆուտբոլի խնդիրը միայն հավաքականի խաղերի արդյունքներն են, եւ եթե դրանք լավն են, ուրեմն հայկական ֆուտբոլի հետ ամեն ինչ լավ է, ուրեմն 6 ակումբ ունեցող առաջնությունն այլեւս խնդիր չէ, Եվրագավաթներում այդ ակումբների խայտառակ ելույթները այլեւս խնդիր չեն, ու այդպես շարունակ:

Եվ այստեղ իհարկե իրավճակը հանգում է նաեւ նրան, որ Հայաստանում չկա ֆուտբոլային փորձագիտական հանրության բանավեճի, քննարկումների այնպիսի մակարդակ, որը հայկական ֆուտբոլի համակարգային խնդիրները օրակարգում կպահեր՝ անկախ հավաքականի խաղերի այս կամ այն արդյունքից:

Որովհետեւ փորձագիտական հանրույթի խնդիրը հենց այն է, որ բարձրացնի հաջորդ քայլի հետ կապված հարցեր, տեսնի այսպես ասած մոտ հեռանկարը, գնահատի ռիսկերը, խնդիրները, ոչ թե իրավիճակը չափի ներկայիս արդյունքով:

Այդ դեպքում գուցե Հայաստանի հավաքականի Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի համեմատաբար հաջողված մրցաշրջանից հետո կնկատվեր հայկական ֆուտբոլի աճ, զարգացում, ընդ որում հաստատուն աճ եւ առաջընթաց: Դրա փոխարեն ակնհայտ է հետընթացը, նահանջը, ինչը անկասկած թե ֆուտբոլային կառավարման պատասխանատուների, եւ թե փորձագիտական հանրության պատասխանատվության դաշտում է:

Այդպիսով, բուն խնդիրը հավաքականի խաղը չէ, ելույթների արդյունավետությունը չէ: Հայկական ֆուտբոլի բուն խնդիրը համակարգային է եւ հավաքականը դրա մի մասն է: Հետեւաբար պատասխանատվությունն այստեղ ֆեդերացիայի նախագահինն է, բայց նաեւ նույն Հրայր Թովմասյանինը, որպես գործկոմի անդամ, եւ գործկոմի մյուս 14 անդամներինը:

Հայկական ֆուտբոլի կառավարումն ունի ժողովրդավարացման եւ արդիականացման խնդիր:

Գուցե Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի հանդեպ Հայաստանի ամենասրտացավ քաղաքացին է, որն ամենածանրն է տանում ցանկացած անհաջողություն: Բայց ամբողջ հարցն այն է, որ սրտացավությունը որեւէ գործի, որեւէ առաքելության կարեւոր, բայց ոչ բավարար նախապայման է: Հարցը այն չէ՝ սրտացավ է, թե ոչ: Հարցը այն է, որ պետք է լինել արդյունավետ մենեջեր: Իսկ արդյունավետությունն էլ միայն ֆուտբոլային ակադեմիաների քանակով չէ, որ չափվում է: Հիանալի է, որ դրանք կառուցվում են, բայց պետք են քայլեր նաեւ Հայաստանում ակումբային ֆուտբոլը հնարավորինս արագ տեղից շարժելու, փոքր ինչ բարելավելու ուղղությամբ:

Մինչդեռ ֆուտբոլի ֆեդերացիան անգամ հանդես չի գալիս այդ հարցում լայն քննարկումներ ծավալելու նախաձեռնությամբ, պարզելու համար, թե չկա՞ն արդյոք դրա վերաբերյալ ռացիոնալ, կրեատիվ առաջարկներ, մոտեցումներ, որոնցով հնարավոր է համակարգային լուծումներ ապահովել ֆուտբոլի համար: Գուցե այն պատճառով, որ դա կարող է բերել ֆեդերացիայի ղեկավար կազմի փոփոխության հանրային անհերքելի պահանջի:

Ի դեպ, Լեհաստանից Հայաստանի հավաքականի կրած խոշոր պարտությունից հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիկ Մխիթարյանը հայտարարել էր, որ դա խայտառակ խաղ էր եւ ինքը պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, որպես թիմի ավագ: Անհեթեթ է իհարկե մտածել, որ պատասխանատուն կամ մեղավորը Հենրիկ Մխիթարյանն է, բայց լեգենդար Յունայթեդում հանդես եկող ֆուտբոլիստը ցուցաբերում է հենց այդ լեգենդար ավանդույթներին բնորոշ պատվախնդրություն եւ իր վրա վերցնում ծանր պարտության պատասխանատվությունը:

Ի տարբերություն Հայաստանի ֆուտբոլային չինովնիկների, ու նաեւ նրանց «փաստաբան» քաղաքական գործիչների, որոնք արդեն մի քանի օր է զբաղված են հավաքականից ու պարտությունից «ձեռքերը լվանալով», ու թերեւս ձեռքերը շփելով, որ Հենրիկը իր վրա է վերցնում ամեն ինչ: Այն դեպքում, երբ հաղթանակների պարագայում նրանք գուցե հերթ չտային Մխիթարյանին:

Ամենաընթերցվածը