Անգլիայի պրեմիեր լիգան 25 տարեկան է. հետաքրքիր վիճակագրություն

  • Սպորտ - 08 Օգոստոսի 2017, 18:13
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը 1992 թվականին անվանվեց Պրեմիեր լիգա և այս տարի դառնում է 25 տարեկան:

Այս տարիների ընթացքում Պրեմիեր լիգայում 9746 խաղ է կայացել, խփվել է 25769 գոլ, ֆուտբոլիստները ստացել են 1477 կարմիր քարտ, հայտնում է BBC-ն:

1992-93 մրցաշրջանի առաջին տուրի 11 խաղերում դաշտ դուրս եկած 242 ֆուտբոլիստներից միայն 13-ն էին ոչ բրիտանացի կամ իռլանդացի: 2016-17 մրցաշրջանի վերջին տուրում 220 խաղացողներից 112-ն արտասահմանցի էին: 1999 թվականի դեկտեմբերի 26-ին Սաութհեմփթոնի դեմ խաղում Չելսիի կազմում խաղադաշտ մտած 11 ֆուտբոլիստներից ոչ մեկը բրիտանացի չէր:

25 տարիների ընթացքում մրցաշարում հանդես են եկել 3835 խաղացողներ աշխարհի 113 երկրներից:

Անգլիայի Պերմիեր լիգայում ամենաշատը դեղին քարտ ստացել են Չելսիի ֆուտբոլիստները՝ 1536 անգամ, իսկ ֆուտբոլիստներից ռեկորդը պատկանում է Գարեթ Բարիին. նա գլխավերևում դեղին քարտ տեսել է 119 անգամ:

Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլ խփել է Մանչեսթեր Յունայթեդը՝ 1856, որը 158-ով շատ է երկրորդ տեղում ընթացող Արսենալից: Եղել են դեպքեր, սակայն, որ շատ գոլը չի օգնել. 2010-11 մրցաշրջանում Բլեքփուլը 38 խաղում խփել է 55 գոլ՝ նույնքան, որքան 5-րդ տեղը զբաղեցրած Տոտենհեմը, սակայն դուրս է մնացել առաջնությունից: Մինչդեռ Լիդս Յունայթեդը 1996-97 մրցաշրջանում կարողացել է պահպանել տեղը Պրեմիեր լիգայում՝ խփելով ընդամենը 28 գոլ:

25 տարիների ընթացքում ընդամենը 3 թիմ է կարողացել 1 մրցաշրջանի ընթացքում 100-ից ավելի գոլ խփել: Այս արդյունքին հասել են Չելսին՝ 103 գոլ, Մանչեսթեր Սիթին՝ 102 գոլ, Լիվերպուլը՝ 101 գոլ: Միակ թիմը, որ 100 գոլ է բաց թողել, Սուինդոն Թաունն էր 1993-94 մրցաշրջանում:

25 տարիների ընթացքում մարզադաշտերի միջին հաճախելիությունն անընդհատ աճել է: Եթե 1992-93 մրցաշրջանում խաղերին մարզադաշտում միջինը 21130 մարդ է հետևել, ապա 2016-17 մրցաշրջանում այդ թիվը կազմել է 35805:

25 տարիներին Պրեմիեր լիգայի 9746 խաղերին մարզադաշտում ներկա է եղել 313 միլիոն հանդիսական: 

Ամենաընթերցվածը