Մխիթարյանի նվերը ամերիկահայ երկրպագուներին (տեսանյութ)

  • Սպորտ - 16 Հուլիսի 2017, 13:03
Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, հավաք է անցկացնում Միացյալ Նահանգներում, որի շրջանակում կլինեն նաեւ ընկերական խաղեր: Մանչեսթեր Յունայթեդը արդեն խաղացել է դրանցից մեկը, նախօրեին Լոս Անջելեսում հանդիպելով Լոս Անջելես Գալաքսի հայտնի թիմի հետ:

Մանչեսթեր Յունայթեդը հաղթել է 5:2 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիկ Մխիթարյանը Մանչեսթերի կազմում դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ կարողացել է դառնալ նաեւ գոլի հեղինակ: Մխիթարյանի գոլը Լոս Անջելեսում տեղի ունեցած խաղում ողջունել են մարզադաշտում գտնվող երկրպագուները, որոնց ձայները լսելի են տեսանյութում:

Լոս Անջելեսում կա բավականին մեծ թվով հայ համայնք եւ գրեթե կասկած չկա, որ խաղին ներկա են եղել նաեւ լոսանջելեսահայեր, իսկ գուցե նաեւ հայեր Կալիֆորնիայի այլ քաղաքներից՝ հայ ֆուտբոլիստի խաղը դիտելու: Եվ այդ առումով Մխիթարյանն անկասկած լավ նվեր է մատուցել ամերիկահայ երկրպագուներին, դառնալով գոլի հեղինակ եւ ցուցադրելով նաեւ դիտարժան ֆուտբոլ:

Մանչեսթերի կազմում մյուս գոլերը խփել են Ռեշֆորդը՝ 2, Ֆելաինին եւ Մարսիալը:

Ի դեպ, Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Մարսիալի փոխանցումից հետո, թեեւ մինչ այդ հենց ինքը խլեց գնդակը դաշտի կենտրոնում եւ փոխանցեց այն Մարսիալին:


Ամենաընթերցվածը