Յունայթեդի շնորհիվ չեմպիոնության պայքարը վերսկսվեց

  • Սպորտ - 17 Ապրիլի 2017, 13:31
Անգլիայի պրեմիեր լիգան 32-րդ տուրում հաճելի անակնկալ մատուցեց իր ֆաներին (բացառությամբ Չելսիի): Մանչեսթեր Յունայթեդը ոչ այնքան հիմնական կազմով կարողացավ առանց հույսի նշույլ թողնելու 2-0 հաշվով հաղթել Չելսիին: Ուշագրավ է, որ Յունայթեդի կազմում թիմի ավագը Էշլի Յանգն էր, ով Մոուրինիոյի գլխավորությամբ 4-րդ կամ 5-րդ մարդն է, որ թիմին դաշտ է դուրս բերում:

Յունայթեդն առաջին անգամ այս մրցաշրջանում կարողացավ թոփ թիմի դեմ հանդես գալ առաջին համարով և որպես ճնշող կողմ: Դաշտի կենտրոնում գտնվող Անդեր Էրերան և Մարուան Ֆելաինին, ում ֆաները սիրում են քննադատել անուշադիր ու վատ խաղի համար, կարողացան վերացնել Չելսիի կիսապաշտպանությանը՝ Ն՛Գոլո Կանտեի և Էդեն Ազարի գլխավորությամբ: Պատկերն ավելի վառ ցույց տալու համար պետք է տեսնել վիճակագրությունը:

Չելսիի կազմում գրեթե սովորականի նման հանդես է եկել Ն՛Գոլո Կանտեն: Նա 7 անգամ կարողացել է հաջողությամբ խլել գնդակը, այն դեպքում, երբ նրա թիմակից Նեմանիա Մատիչը 2 անգամ է նման հաջողության հասել:

Եթե դիտենք նույն վիճակագրությունը Մանչեսթեր Յունայթեդի մոտ, կտեսնենք, որ Ֆելաինին ու Էրերան 8 անգամ են գնդակ խլելու հաջող փորձեր արել: Ամեն դեպքում չպետք է համեմատել հենակետայիններին իրար հետ: Եթե նայենք Չելսիի հարձակվողական եռյակի վիճակագրությունը, կտեսնենք, որ Էդեն Ազարը, Դիեգո Կոստան և Պեդրոն ամբողջ խաղի ընթացքում 2 անգամ են դրիբլինգի դիմել: Ավելի վատ արդյունք գրանցված չի եղել: Յունայթեդի կազմում միայն Ռեշֆորդը 4 անգամ հաջող դրիբլինգ է իրականցրել: Գումարենք սրան նաև Ազարի 0 հարվածը, Կոստայի 1 հարվածը և Պեդրոյի 4 հարվածները, որոնք բոլորն էլ շեղ են եղել: Ահա այստեղ է երևում, որ Յունայթեդի հենակետայինները փայլուն են կատարել իրենց աշխատանքը և վնասազերծել են Չելսիի 3 ամենավտանգավոր խաղացողներին:

Պետք է նշել նաև կենտրոնական պաշտպան Մարկոս Ռոխոյի խաղը, ով 9 անգամ կարողացել է հետ մղել Չելսիի գրոհները: Համեմատության համար նշենք, որ Չելսիի 3 կենտրոնական պաշտպաններն այս ապսեկտում միասին 4 միավոր են հավաքել:

Մանչեսթերի կազմում չափազանց արդյունավետ հանդես եկավ Մարկուս Ռեշֆորդը: Նա 4 անգամ հարվածել է դարպասին, 1 անգամ անկյունային վաստակել, ինչպես նաև 84 տոկոս ճշգրտությամբ փոխանցումներ կատարել, ինչը կենտրոնական հարձակվողի համար գերազանց ցուցանիշ է: Նրա խաղընկեր Ջեսի Լինգարդը հանդես էր գալիս որպես գնդակ մատակարարող և ավելի շատ օգնում էր Պոգբային գրոհները խորքից զարգացնելու նպատակով:

Այսպիսով՝ Մոուրինիոն վերադարձրեց չեմպիոնության ինտրիգը: Տոտենհեմը 4-0 հաշվով կարողացավ հաղթել Բորնմուտին և առաջնության ավարտից 6 տուր առաջ Տոտենհեմը 4 միավորով է հետ մնում Չելսիից: Երկու թիմերի մեջ ամենադժվար խաղը սպասվում է Տոտենհեմին, ով սեփական հարկի տակ ընդունելու է Մանչեսթեր Յունայթեդին:

Ամենաընթերցվածը