Չինական Միլան. Բեռլուսկոնիի դարաշրջանն ավարտվեց

  • Սպորտ - 14 Ապրիլի 2017, 17:55
Ապրիլի 13-ին Fininvest իտալական գործակալությունը տեղեկացրել է, որ Միլանի ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 99.3 տոկոսը վաճառվել է չինացի Յունհուն Լիի գլխավորած կոնսորցիումին:

Իտալական թիմի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ակումբի բաժնետոմսերը վաճառել է 740 մլն եվրոյով, որի մեջ ներառված է եղել նաև թիմի 220 մլն եվրո պարտքը:

Ակումբի վաճառքով ավարտվեց Բեռլուսկոնիի դարաշրջանը Միլանում, որը տևեց 31 տարի: 1986 թվականին ակումբը գնելով՝ Բեռլուսկոնին նորից ոտքի կանգնեցրեց Միլանին, որը դրանից հետո շուրջ 2 տասնամյակ առաջատար դիրքերում էր Իտալիայում և Եվրոպայում: Վերջին մի քանի տարիներին Բեռլուսկոնին կարծես թե կորցրել էր հետաքրքրությունն ակումբի նկատմամբ և ավելի շատ զբաղված էր անձնական և քաղաքական կյանքում մեկը մյուսի հետևից ծագող սկանդալները հարթելով:

Բեռլուսկոնիի դարաշրջանից առաջ վերջին անգամ Միլանն Իտալիայի չեմպիոն էր դարձել 1979 թվականին: Հաջորդ 4 տարիներին Միլանը հասցրեց 2 անգամ դուրս մնալ բարձրագույն լիգայից, հայտնվել խաղադրույքների սկանդալում, ֆինանսական ծանր վիճակում հայտնվել:

1986 թվականին միլանցի գործարար Սիլվիո Բեռլուսկոնին գնեց ակումբը, մարզիչ նշանակեց Արիգո Սակիին, ակումբ բերեց հոլանդական հրաշալի եռյակին՝ Վան Բաստեն, Գուլիտ, Ռայկարդ: Բեռլուսկոնիի ղեկավարության շրջանում Միլանը 8 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 5 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Ի դեպ, վաղը՝ ապրիլի 15-ին, կայանալու է Իտալիայի առաջնության Միլան-Ինտեր խաղը: Այն տեղի է ունենալու աննախադեպ վաղ ժամի՝ 12:30, որպեսզի Չինաստանում (Ինտերն էլ պատկանում է չինական Suning Commerce Group-ին) դերբին դիտեն «փրայմ-թայմին»: 

Ամենաընթերցվածը