Կապանի մարզադաշտի սեփականատեր. Հո սեմուշկա չէ՞, որ վերցնեմ տամ քաղաքապետարանին

    • Սպորտ - 16 Մարտի 2017, 14:19
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ցանկություն ունի վերցնել «Գանձասար մարզական կենտրոնը», սակայն մարզադաշտի սեփականատեր Գագիկ Օհանջանյանը Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ ոչ ոք չի կարող վերցնել իր սեփականությունը:

«Տրիբունաների հարցն է, եթե գումարի կեսը իրենք դնեն, կեսն էլ մենք կդնենք։ Կա հանդերձարանների խնդիր, որը քաղաքապետարանի սեփականությունն է, պետք է քաղաքապետարանը հոգա այդ ծախսերը, հիմա իրենք էլ ոչինչ չեն ուզում անել։ Հիմա մենք սպասում ենք իրենց։ Եթե ոչ մի բան չձեռնարկեն, ոչինչ չանեն, սկսելու ենք նորոգումները»,-ասաց նա։

Վերջերս Կարեն Կարապետյանը Սյունիքում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշել է, որ Սյունիքում մեծ ներդրումներ են անելու։ Տիգրան Օհանջանյանը, սակայն, չի հավատում, ասում է՝ մարզպետ Վահե Հակոբյանն էլ ոչինչ այս ամիսներին չի արել։

«Նա դրսից եկած է, ինչ է, Կապանի համար սիրտը ցավալո՞ւ է, ասում է՝ թող ստադիոնը տան քաղաքապետարանին, այն ժամանակ ներդրումներ կանեմ։ Ստադիոնը հո սեմուշկա չէ՞, որ վերցնեմ տամ քաղաքապետարանին: 20 տարվա ընթացքում գումարներ ենք ներդրել: Այն ժամանակ գումար կար: Նախկինում ես բիզնեսով էի զբաղվում, Պարսկաստանից ալյուր և շաքարավազ էի ներմուծում, հենց այդ ժամանակ 96-97 թվականներին ինձ այն ժամանակ առաջարկեցին վերցնել ստադիոնը: Մինչև ինձ առաջարկելը, առաջարկել էին և քաղաքապետարանին, և կոմբինատներին, ոչ ոք չվերցերց ստադիոնը, ես վերցրի։ Մեծ կոմբինատներ են սեփականաշնորհել, հիմա աչքները այս մի ստադիոնի վրա է, ամբողջ օրը առավոտից իրիկուն խոսք ու զրույց է ստադիոնի շուրջ»,-հավելեց Գագիկ Օհանջանյանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ անում են, որ ստադիոնը քանդվի, ուզում են վերցնել, թանկ վաճառել, անհասկանալի բաներ են կատարվում:

«Իմ իրավունքների համար պայքարելու եմ, այսքան տանջանքով կառուցելուց հետո ես ո՞նց կարող եմ հենց այնպես նվիրել նրան, քաղաքի ժողովուրդը չի թողնի ես վաճառեմ ստադիոնը, 15 օր առաջ եկան բունտ արեցին, հասկացեք՝ ստադիոնը կապանցիներինն է, հետս հո չեմ տանելու գերեզման», ասել է սեփականատերը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն որակազրկել է մարզադաշտը, և 2016-2017 մրցաշրջանի գարնանային հատվածում «Գանձասար-Կապանն» այլևս հանդես չի գալու Կապանի «Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտում:

Ամենաընթերցվածը