Լևոն Արոնյանը շախմատային սեանս անցկացրեց երեխաների հետ

  • Սպորտ - 23 Նոյեմբերի 2016, 14:49
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը միաժամանակյա խաղային սեանս անցկացրեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» նախաձեռնության շրջանակում: 

Արդեն ավանդույթ դարձած սեանսին այս տարի մասնակցում էր 22 աշակերտ՝ Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցներից: «Կարծում եմ` երեխաների համար է հետաքրքիր, քանի որ փորձում եմ ամբողջ ուժով խաղալ: Շախմատն այն խաղն է, որը ողջունում է հավասարությունն ամեն ինչում: Շախմատը մարդկանց միմյանց մոտեցնելու հատկություն ունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արոնյանը: 

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց Լևոն Արոնյանին ևս մեկ անգամ շախմատային սեանս անցկացնելու համար և կարևորեց նրա դերը` նախաձեռնության կյանքի կոչման ճանապարհին: 

«Նպատակ ունենք, որ այսօր այստեղ հնչող հավասարության կոչը շարունակական բնույթ կրի»,-շեշտեց Թադևոսյանը: Լևոն Արոնյանն արդեն 7-րդ տարին անընդմեջ մասնակցում է նախաձեռնությանը՝ նպաստելով գաղափարի տարածմանը: