Ռաֆայել Վահանյանը տոնում է ծննդյան 65-ամյակը

  • Սպորտ - 15 Հոկտեմբերի 2016, 15:09

Հայկական շախմատի լեգենդ, ամենատաղանդավոր շախմատիստներից մեկը` Ռաֆայել Վահանյանը տոնում է ծննդյան 65-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահանյանը հայկական շախմատային դպրոցի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է: 

Վահանյանը ծնվել է 1951 թվականին Երևանում: Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում։ Ֆիզիկայի ուսուցիչ նրա հայրը շախմատի մոլի սիրահար էր և ողջունում էր որդու զբաղմունքը։ 16 տարեկանում Ռաֆայելը դարձավ ԽՍՀՄ դպրոցականների չեմպիոն, իսկ 18-ում՝ Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում կայացած միջազգային պատանեկան մրցաշարի հաղթողներից մեկը։

Խորհրդային շախմատի գագաթին Վահանյանը բարձրացավ 10-րդ փորձից՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն 1989 թվականին։ ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների (1984 և 1986), աշխարհի թիմային երկու առաջնությունների (1985 և 1989) և Եվրոպայի թիմային երեք առաջնությունների (1980, 1983, 1989) հաղթող։ Երևանի պատվավոր քաղաքացի է (2012): 2016 թվականի մայիսից Շենգավիթի շախմատի մանկապատանեկան նորաբաց մարզադպրոցի տնօրենն է: