Եվրոպական միջին լիգաների առաջատարները ցանկանում են առանձին առաջնություն ստեղծել

  • Սպորտ - 14 Հոկտեմբերի 2016, 22:59
Հյուսիսային Եվրոպայի մի քանի թիմեր քննարկում են առանձին առաջնություն հիմնելու խնդիրը: Նման հայտարարություն է տարածել դանիական Կոպենհագենի սպորտային տնօրեն Անդրես Հորսհոլտը:

-Դա ճիշտ է: Մենք ցանկանում ենք հենց այս պահից քայլեր ձեռնարկել, քանի որ հզոր թիմերը օրեցօր ավելի են ուժեղանում և մեր թիմերի նման թիմերի գոյությունը գնալով կարող է ավելի դժվարանալ: Այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք այլընտրանքային առաջնություն ստեղծել,-Հորսհոլտի խոսքերն է մեջբերում BT պարբերականը:

Տեղեկացվում է նաև, որ Կոպեհագենի առաջարկը ընդունվել է հոլանդական Այաքսի, ՊՍՎ Էյնդհովենի և Ֆեյենորդի, շվեդական Մալմյոյի և նորվեգական Ռուսենբորգի կողմից: Բրիտական The Sun պարբերականն էլ տեղեկացնում է, որ շոտլանդական Սելթիկն ու Ռեյնջերսը նույնպես մասնակցում են բանակցություններին:

Նման նախաձեռնության պատճառ է դարձել ՈւԵՖԱ-ի վերջին որոշումը, որի համաձայն 2018 թվականից աշխարհի 4 ուժեղագույն լիգաները միանգամից 4 թիմ են ներկայացնելու չեմպիոնների լիգայի խմբային փուլում: