Վարուժան Սուքիասյան. Հավաքականը այսօր կադրային լուրջ խնդիրներ ունի

  • Սպորտ - 11 Հոկտեմբերի 2016, 10:01
Հոկտեմբերի 11-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա Աշխարհի գավաթի 2018թ. խաղարկության Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը: Երեկ «Ազգային»  մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

- Հնարավո՞ր է արդյոք կարճ ժամանակահատվածում հոգեբանորեն վերականգնվել վերջին խաղում կրած պարտությունից հետո և ինչպիսի՞ն է իրավիճակը հավաքականում՝ հաշվի առնելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը

- Հավաքականը այսօր կադրային լուրջ խնդիրներ ունի: Դուք շեշտեցիք Հենրիխ Մխիթարյանի անունը: Բնական է, նա մեր թիմի առաջատար ֆուտբոլիստն է, բայց ֆուտբոլը` թիմային խաղ է: Մենք պետք է շուտ մոռանանք այդ պարտությունը: Խաղից առաջ մենք ունեցանք լուրջ կորուստ: Մեր թիմի հարձակվողը վնասվածք ստացավ, դրանից հետո խաղի 3-րդ րոպեին 11-մետրանոց և հեռացում: Ոչ ոք չէր սպասում, որ իրադարձությունները այդպես կընթանան, այնպես որ կարծում եմ վաղվա խաղը լարվածության մեջ կպահի հանդիսատեսին:

- Ռումինիայի հետ խաղից առաջ նշեցիք, որ կա ֆուտբոլիստ, որը կարող է փոխարինել Մխիթարյանին, բայց կարծես թե այդպիսի խաղացող չտեսանք խաղադաշտում: Կասե՞ք՝ ում մասին էր խոսքը։

- Գիտեք, ես չէի ասի, որ նա լիարժեք կկարողանար փոխարիներ Մխիթարյանին: Խաղի ընթացքում մարտավարությունը փոխվեց, նամավանդ երբ մնացինք 10 հոգով: Տղաները հոգեբանորեն չկարողացան վերգտնել իրենց խաղը և այդ ֆուտբոլիստը դաշտում չերևաց:

- Պատրաստվելով այս խաղին՝ Լեհաստանի հավաքականի ո՞ր խաղերն եք վերլուծել և կա՞ մեր խմբում հավաքական որին կուզենայիք նմանվեիք։

- Ընդհանրապես, մարզիչը ընտրում է մարտավարություն՝ ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնք իր տրամադրության տակ են: Այսօր կադրային մեծ խնդիրներ կան։ Ելնելով դրանից՝ ընտրելու ենք մարտավարությունը: Իսկ նմանվել կարելի է, երբ բոլոր ֆուտբոլիստները շարքում լինեն: Ես նայել եմ Լեհաստանի հավաքականի մասնկացությամբ հանդիպումներ, այդ թվում՝ Եվրոպայի առաջնության ելույթները: Ես լավ ծանոթ եմ Լեհաստանի հավաքականի խաղաոճին և տեսնենք, թե տղաները ոնց կկարողանան կատարել առաջադրանքները:

- Ռումինիայի խաղից հետո հրավիրվեց Ռուսլան Կորյանը: Ինչո՞ւ հրավիրվեց Կորյանը, և երկրորդը, Դանիայի հետ խաղում խաղացինք հինգ պաշտպանով, Ռումինիայի հետ` չորս: Արդյոք պետք է կրկին սպասել փոփոխություններ պաշտպանական գծում:

- Ինչպես տեսնում եք որոշ հարցերին մի քիչ փակ եմ պատասխանում: Որոշ հանգամանքերից ելնելով՝ հրավիրեցի: Պաշտպանության վերաբերյալ որոշումը կտեսնեք վաղը: