Գագիկ Ծառուկյանը կվերցնի՞ ֆուտբոլը

    • Սպորտ - 10 Հոկտեմբերի 2016, 19:53
Երեւանում այսօր բացվել է Արարատ 73-ին նվիրված արձանախումբը: Այն բացվել է Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ, որտեղ էլ անցել են Արարատի հանդիպումներն ու կայացել հիանալի, նաեւ պատմական հաղթանակները:

Արձանախմբի բացմանը ներկա է եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սպորտի նախարարը եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի ներկայությունն ուշագրավ է, նկատի ունենալով այն, որ ֆուտբոլը կարծես թե եղել է նրա հետաքրքրությունից դուրս: Իհարկե, տվյալ դեպքում խոսքը պրակտիկ, այսինքն այսօրվա ֆուտբոլի մասին չէ, այլ պատմության, այլ կերպ ասած ցուցանմուշի: Ավելին, այդ թանգարանային, հուշարձանային ցուցանմուշն ինչ որ իմաստով նույնիսկ մրցակից է այսօրվա ֆուտբոլին, որը մեղմ ասած լավ վիճակում չէ:

Այդ իմաստով խորհրդանշական է, որ Արարատ 73-ի արձանախմբի բացումը կատարվում է Հայաստան-Ռումինիա ամոթալի հանդիպման ֆոնին, որում Հայաստանի ազգային հավաքականը անդուր խաղով պարտվեց 5:0 հաշվով: Այդ պարտության, հավաքականի խաղից, մարզչական աշխատանքից, նաեւ մարզչի ընտրության հարցում ֆուտբոլի ֆեդերացիայից, ընդհանրապես ֆեդերացիայի գործունեության, հավաքականի ֆուտբոլիստների ընտրության հարցում ֆեդերացիայի նախագահի անձնական միջամտության հանգամանքից խիստ դժգոհության ֆոնին Երեւանում բացվում է հայկական ֆուտբոլի 43-ամյա վաղեմության կրկնակի փառքի արձանը:

Այդ առիթով, հիշարժան է նաեւ ոչ միայն 1973 թվականը, այլ նաեւ 2009 թվականը, երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարում հանդիպում էր Թուրքիայի հավաքականի հետ: Ֆուտբոլային դիվանագիտության շնորհիվ առանձնակի հնչեղություն ստացած այդ հանդիպումներում Հայաստանի հավաքականը պարտվեց միանման 2:0 հաշվով, թե Հայաստանում` 2008 թվականին, թե թուրքական Բուրսայում` 2009-ին:

Բուրսայում հանդիպման կապակցությամբ լրագրողները Գագիկ Ծառուկյանին հարց էին ուղղել, թե ինչու չէր մեկնել Հայաստանի հավաքականին աջակցելու: Ծառուկյանն ուշագրավ պատասխան էր տվել, ասելով, թե մեկնում է այն դեպքում, երբ գիտե, որ լինելու է հաղթանակ: Այդ ակնարկին բավական կոշտ պատասխան էր տվել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Դա ժամանակաշրջան էր, երբ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության ֆոնին լարված էին նաեւ Ռուբեն Հայրապետյան-Ծառուկյան հարաբերությունները, Հայրապետյանը Ծառուկյանին պարզապես արգելել էր ԲՀԿ գործունեություն ծավալել Ավանում:

Ինչպիսին է փոխհարաբերությունն այժմ, պարզ չէ, բայց հատկանշական է նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը հայկական ֆուտբոլի «թարմ» ամոթալի պարտության ֆոնին անցյալի փառքի արձանախումբը բացում է Տարոն Մարգարյանի հետ, որը բավական մտերիմ հարաբերություն ունի Ռուբեն Հայրապետյանի հետ:

Դա զուտ արարողակա՞րգ է, թե խորհրդանշում է որոշակի անցում, որն ապահովվում է հենց Տարոն Մարգարյանի միջոցով: Արդյոք հայկական ֆուտբոլի անցյալով հետաքրքրվելուց բացի, Գագիկ Ծառուկյանը կարող է հետաքրքրվել նաեւ հայկական ֆուտբոլի ներկայով ու ապագայով: Այդ տեսանկյունից, հետաքրքիր է, որ ներկայում վերստեղծվում է Աբովյանի Կոտայք ֆուտբոլային ակումբը: Թե ինչ առնչություն կարող է ունենալ այդ ակումբի հետ Գագիկ Ծառուկյանը, դժվար է ասել, սակայն ակումբը այն քաղաքից է, որտեղ գործնականում ամեն ինչ հանգում է Գագիկ Ծառուկյանին:

Միաժամանակ, առկա է նաեւ հայկական ֆուտբոլի համար հատկանշական մեկ այլ իրողություն: Հայաստանի անկախության ընթացքում ֆուտբոլային պատմության մեջ եղել է մի առանձնահատկություն, երբ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների զգալի մեծամասնությունը ունեցել է «իր» ակումբը, որը տվյալ նախագահի գործունեության շրջանում եղել է առաջատարը: Ընդ որում, այդ համատեքստում նաեւ հատկանշական է եղել քաղաքական կամ իշխանական ստատուս-քվոյի հետ համադրությունը:

Այդ իմաստով, Աբովյանի Կոտայքի վերստեղծումն իսկապես տալիս է մտորումների առիթ հայկական ֆուտբոլում հասունացած ճգնաժամի, Արարատ 73-ի արձանախմբի գործում Գագիկ Ծառուկյանի ներգրավվածության ֆոնին:

Առավել եւս, երբ այդ ամենը տեղի է ունենում նաեւ իշխանական համակարգում ստատուս-քվոյի փոփոխության ֆոնին, ներառյալ Գագիկ Ծառուկյանի հնարավոր քաղաքական վերադարձի վերաբերյալ խոսակցությունները:

Ու քանի որ հայկական սպորտը խոշոր հաշվով քաղաքականության քվոտաների մաս է, ամենեւին զարմանալի չի լինի, եթե Ծառուկյանի գործոնի աշխուժացման համատեքստում քննարկվում է նաեւ սպորտային նոր քվոտայի տրամադրման հարցը: Հատկապես 20-ամյա դադարից հետո օլիմպիական փաստացի երկու ոսկե մեդալի պարագայում, որ Ռիոյում ապահովեց Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի աչքի առաջ:

Ամենաընթերցվածը