Վարուժան Սուքիասյանի ցնցող խոստովանությունը

    • Սպորտ - 09 Հոկտեմբերի 2016, 10:41
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Ռումինիայի հետ տնային հանդիպմանը խոշոր 5:0 հաշվով պարտությունից եւ դժգույն խաղից հետո ասուլիսում հայտարարել է, որ պարտության պատասխանատվությունն ամբողջությամբ վերցնում է իր վրա, բայց հրաժարական չի տա, քանի որ թիմը չի թողնի այդ վիճակում մենակ՝ հատկապես երեք օր անց Լեհաստանի հետ խաղից առաջ:

Վարուժան Սուքիասյանն արել է նաեւ բավական տարօրինակ մի արտահայտություն, ասելով, որ բավական մեծ թվով առաջատարներ ունեին վնասվածքներ եւ երեւի լրագրողներին էին մեղավոր, որ ստեղծեցին այնպիսի մթնոլորտ, որ վնասվածքները շատացան:

Առաջին հայացքից այդ տարօրինակ հայտարարությունն ըստ էության պարունակում է թերեւս երկու ուշագրավ համատեքստ, որոնք վկայում են հայկական ֆուտբոլում բավականին կարեւոր համակարգային խնդիրների մասին, դրանում լրագրողական-մեկնաբանական հանրության դերի մասին:

Նախ, Վարուժան Սուքիասյանի հայտարարության մեջ նկատելի է ակնարկ, որ ստեղծվել է մի մթնոլորտ, որում որոշ ֆուտբոլիստներ վնասվածքները դարձրել են պարզապես հավաքական չգալու եւ չխաղալու պատճառաբանություն, առիթ: Սուքիասյանը գուցե ակնարկել է, որ իր նշանակումից հետո հիմնականում բացասական լրագրողական անդրադարձերն ազդել են նաեւ իր հանդեպ հավաքականի առաջատար ֆուտբոլիստների տրամադրվածության կամ վերաբերմունքի վրա, ինչն էլ բերել է հաճախակիացած «վնասվածքների»:

Սուքիասյանի նշանակումը, սակայն, արժանացել է լրագրողական օբյեկտիվ տարակուսանքի, որովհետեւ Վարուժան Սուքիասյանը վերջին մի քանի տարիներին գործունեություն է ծավալել սգո ծառայությունների մատուցման բիզնեսում: Ընդ որում, կարծես թե ներկայումս էլ շարունակում է զուգահեռ շահեր հետապնդել այդտեղ: Խնդիրը տվյալ պարագայում բիզնեսի ոլորտը կամ ուղղությունը չէ, այլ այն, որ դա չափազանց հեռու է ֆուտբոլից: Այսինքն,ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց մարդ, որը գուցե չափազանց սիրում է ֆուտբոլը, հավաքականը, ապրում է, ապրել է դրանով, բայց զուտ գործունեության, մասնագիտական աշխատանքի, այսպես ասած «տեխնոկրատության» առումով մի քանի տարի ընդհանրապես հեռու է եղել ֆուտբոլից: Եվ դա այն դեպքում, երբ համաշխարհային ֆուտբոլում ներկայումս տեխնոլոգիաներն ու մեթոդաբանությունը զարգանում են չափազանց դինամիկ:

Մյուս կողմից սակայն, Վարուժան Սուքիասյանը նշանակվեց մի իրավիճակում, եբ հավաքականից սպասումները սուբյեկտիվ բարձր էին, Վարդան Մինասյանի գլխավորությամբ հաջող անցկացված 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի տպավորության տակ: Ընդ որում, երկրպագուները կարծես թե հաճախ չեն նկատում, որ հավաքականի անկումը իրականում սկսվել է հենց Վարդան Մինասյանի ժամանակաշրջանում, արդեն աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում: Եղան իհարկե Չեխիայի եւ Դանիայի հավաքականների հանդեպ հաղթանակները, հաղթանակը Բուլղարիայի հավաքականի հանդեպ Երեւանում, իտալացիների հետ ոչ ոքին Նեապոլում՝ այդ խաղն իտալացիների համար ոչինչ չէր որոշում: Սակայն, չնայած այդ արդյունքներին, զուտ խաղային որակների առումով հետընթացը 2012-ի ընտրական փուլի համեմատ ակնհայտ էր:

Գլխավոր խնդիրն այն է, որ 2012-ի հավաքականի համեմատական հաջողությունը Հայաստանում ոգեւորելով բոլորին, մասնագիտական հանրությանը չբերեց լուրջ դիտարկումների, գնահատականների, վերլուծությունների, հավաքականի մասնագիտական գնահատման, որպեսզի դրա միջոցով ձեռքը պահվի զարկերակի վրա: Բոլորը «արբած» էին հաջողությամբ, մոռանալով, որ լուրջ ուսումնասիրություն եւ հետեւություններ պահանջում է ոչ միայն պարտությունը, այլ ավելի շատ գուցե հաղթանակը, որովհետեւ այն ունի բթացնելու վտանգ:

Հայաստանի 2012-ի հաջողությունը ի հեճուկս հայկական ֆուտբոլային համակարգի, «շեղում» էր, ըստ այդմ պետք էր մասնագիտորեն հասկանալ, թե ինչու եւ ինչպես այն տեղի ունեցավ ու ինչ է պահանջվում այն շեղումից օրինաչափության վերածելու եւ պահելու համար:

Երբ դա տեղի չունեցավ, զարմանալի չէ, որ ցիկլ առ ցիկլ ամեն ինչ վերադառնում է իրականություն: Ի վերջո, առաջանում է օրինակ մի պարզ հարց՝ ինչու՞ 2012-ի ընտրական մրցաշարում բոլորին հիացրած հավաքականի կազմից ընդամենը մեկ-երկու ֆուտբոլիստ էր, որ գրավեց հեղինակավոր ակումբի ուշադրություն, իսկ մյուսները չհայտնվեցին նույնիսկ միջին եվրոպական մակարդակի ակումբների դիտարկման տիրույթում, կամ հայտնվելուց հետո էլ շատ արագ «վերադարձան» կամ Հայաստան, կամ լավագույն դեպքում Ղազախստան, Իրան կամ Էմիրություններ:

Հայկական ֆուտբոլը պահանջում է համակարգային վերանայում, սկսած Հայաստանի ակումբային առաջնությունից: Չի կարող լինել կայուն հավաքական, առանց կայուն ակումբային տնտեսության: Ընդ որում, խնդիրը ուժեղ առաջնություն կամ ակումբներ ունենալը չէ, այլ թեկուզ ակումբներ, որոնք պարզապես տարեկան կարող են գոնե մեկ-երկու բարձրակարգ ֆուտբոլիստ «դուրս հանել», բայց ոչ թե Իրան կամ արաբական առաջնություններ, այլ գոնե Ռուսաստանի առաջնության բարձրագույն խումբ, եթե ոչ Եվրոպա:

Իսկ համակարգային վերափոխման առումով չափազանց մեծ է լրագրողների, ֆուտբոլային մեկնաբանական դասի խնդիրը: Եվ այդ իմաստով, այստեղ է թերեւս Վարուժան Սուքիասյանի հայտարարության մյուս ենթատեքստը կամ ակնարկը: Օրինակ, ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրականապես փակել է հավաքականի ճանապարհը մի քանի ֆուտբոլիստի համար, որոնց հետ անձնական վատ հարաբերության մեջ է: Իսկ այդ ֆուտբոլիստները հաստատ կարող են օգտակար լինել հավաքականին: Վարուժան Սուքիասյանն ակնհայտորեն չի կարող Հայրապետյանին շրջանցել այդ հարցում: Իհարկե, այստեղ կա հանգամանքը, որ նա պարզապես կարող է չաշխատել այդ պայմաններով: Իհարկե: Բայց, թերեւս նկատելի է նաեւ Սուքիասյանի ակնարկը առ այն, որ լրագրողները, մեկնաբանները, չեն ապահովել հասարակական կարծիքի բավարար ճնշում ֆեդերացիայի վրա՝ «աձնական» վերաբերմունքի խնդիրը հաղթահարելու հարցում իրեն օգնելու համար:

Այդ իմաստով, Սուքիասյանը շոշափում է բավական կարեւոր խնդիր ընդհանրապես, որովհետեւ եթե չկա մասնագիտական լրագրողական, մեկնաբանական աշխույժ միջավայր, որտեղ հնչում է քննադատություն ֆուտբոլային կառավարման խնդիրների հանդեպ, չի կարող լինել նաեւ զարգացում: Իսկ Հայաստանում կարծես թե եզակի լրագրողներ ու մեկնաբաններ են եղել, որոնք իրենց թույլ են տվել քննադատել ֆուտբոլային կառավարումը ընդուպ ֆեդերացիայի նախագահի գործունեության աստիճան:

Այն, որ հավաքականի պարտության համար պատասխանատու է մարզիչը, հետո ֆուտբոլիստները, աներկբա է: Բայց, հայկական ֆուտբոլը ունի չափազանց խորքային, համակարգային կառավարման խնդիրներ եւ քանի դեռ իրերի դիտարկվելու են զուտ լավ կամ վատ մարզչի տիրույթում, Հայաստանի հավաքականը չի ունենա կայուն առաջընթաց եւ հեռանկար: Վարուժան Սուքիասյանը կամա, թե ակամա, բայց իր հայտարարության տողատակում դրել է հենց այդ խնդիրը: Երեւի թե պետք էր սեփական մաշկի վրա զգալ դրա շատ ուժեղ հետեւանք-հարվածը, այդ խնդրի գիտակցմանը կամ զգացողությանը գալու, կամ եղած գիտակցումն ու զգացողությունը գոնե տողատակով բարձրաձայնելու համար:

Ընդ որում, այստեղ նույնիսկ հարցը մարզչի լավ ու վատ լինելուց ֆեդերացիայի նախագահի լավ ու վատ լինելուն տանելը չէ: Առանցքային հարցն այն է, թե կա՞ արդյոք մարդը, որը պարզ, հստակ, հասկանալի, պատկերացումներ եւ տեսլականներ ունի, թե ինչպիսի ֆուտբոլային տնտեսություն ու կառավարում է իրատեսական Հայաստանում, որպեսզի այն ապահովի զարգանալու հեռանկար: Որովհետեւ լուծման հիմքում պետք է լինի հենց այդ պատկերացման խնդիրը:

Ամենաընթերցվածը